Մեր օրերում մտավորականության տեսակը «աննման» է։ Լուռ, անհաղորդ ու անկյանք։
Աստծու անունը գրականության մեջ, բայց Աստված էլ բեթարից ազատի՛։
Այնպես չի եղել, որ խոսողի բերանը կարմիր խնձոր են դրել, ասել կուլ տուր, չխոսողին դիլիմ-դիլիմ։
Բամփվածների համար ազատությունը մահացու մեղք է, որովհետեւ նրանք իրենց ողջ կյանքում ապրել են, ինչպես որ իրենց ասե՛լ են։
Մեր օրում ինչ ասես, որ տեղի չունեցավ։ Արցախի հանձնումը, դավաճանական քայլերը, զոհերը, մարդկանց խորտակված ճակատագրերը, Բաքվում ապօրինաբար պահվող եւ խոշտանգվող մեր հայրենակիցները, Հայաստանում երեսունից ավել քաղբանտարկյալները, հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իշխանության կողմից չդադարող արշավը, Ամենայն Հայոց Վեհափառի եւ բարձրաստիճան հոգեւորականների հանդեպ ատելության քարոզը, ու այս ամենի ֆոնին հայ մտավորականության մեռելային լռությունը։
Ստեղծագործական մտավորականությունը այս իշխանության օրոք շառաչուն ապտակ վաղուց է ստացել։ Դաղվել են, բայց աննահանջ են իրենց անտարբերությամբ։
Պարզվեց, որ Հայաստանի գրողների միության շենքը գրողներին պետք չէ, եւ այն կպետականացնեն։ Թվում էր, որ այս թեման պետք է, որ ոտքի հաներ գրողներին։ Երկու հարյուրից ավել անդամ ունեցող ստեղծագործական միության անդամները մի բան կարող էին ասել, բայց ո՛չ։ Ինչի՞ց են վախենում մտավորականները։ Վախենում են, որ Նիկոլը իրենց, ի՞նչ կանի։ Գրիչն է ձեռքներից խլելու, թե՞ միտքը։ Իհարկե, ոչ մեկը, ոչ էլ մյուսը, բայց նրանք գերադասում են չխառնվել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական կյանքին։ Սա զուտ քաղաքական չէ՛, սա պարզապես մեր լինել֊չլինելու մասին է։
Պիեսները պետք է գրաքննվեն, ամեն ինչ չէ, որ պետք է բեմադրել, ամեն ինչ չէ, որ պետք է գրել, ամենը պետք է համապատասխանի «իրական Հայաստանի» չափորոշիչներին, որովհետեւ երկիրը անդունդի եզրին հասցրած մեկը որոշել է, որ Հայաստան չպետք է լինի, իսկ եթե Հայաստան չպետք է լինի, ինչո՞ւ պետք է հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը այսքան կարեւոր լինի մեր կյանքում։
Սա գոնե սթափ դատող մարդկանց մի խմբին ուշքի է բերել։
Այն, որ Փաշինյանը ձախողել է եկեղեցու դեմ հյուսած իր հնարավոր֊անհնարին ազգակործան ծրագիրը, դա ակնհայտ է, իսկ թե ո՞ւր կտանի այս տարվա իր չարաբաստիկ ծրագրերի հաջորդականությունը, շղթան որտե՞ղ կհատվի պարզ է, որ միմիայն քաղաքացիական բախումների հաշվին կարող է Փաշինյանի հոգին «փառավորվել»։
Ականավոր գրողներից, արվեստագետներից շատերը բոլոր իշխանությունների օրոք են իրենց առաջ գցած ոսկորը կուլ տվել, (դոշերին կրծքամեդալ) հետն էլ ժամանակ առ ժամանակ` շառաչուն ապտակներ կուլ տվել, քանի որ այսօր էլ լռում ե՛ն, որովհետեւ իրենց մտքով միշտ անցնում է, որ երբ կգա մեկը, որ իրենց կպահի ապտակի ծանրության տակ կքած, որ իրենք լավ ապրե՛ն։
Ինձ համար ո՛չ մի արժեք գոյություն չունի, եթե այդ արժեք ստեղծողը մարդու կողքին չէ, բայց գրում է մարդու համար:
Այս իշխանության գլխավոր անիվը Աննա Հակոբյանի ձեռքն է։ Անիվը ինչպես պտտի, այնպես էլ իր շուրջ կհավաքվեն «անկիրթ» երգիչներ, դերասաններ, գրողներ, նկարիչներ, գիտնականներ, բժիշկներ, որոնք «կրթությունը նորաձեւ է» ֊ի շրջանակներում կհայտնվեն իրենց երազանքների աթոռին։
Բայց շատերը անգամ աթոռի զորությունը չվայելած հասկացան, որ փաշինյանական ընտանիքի հետ անգամ մատաղ ուտելու պետք չէ գնալ, որովհետեւ այս մարդիկ սկզբում օգտագործում են, իսկ հետո եթե բանտում չես հայտնվում, ապա անտեսվում ես միաժամանակ, որովհետեւ այլեւս բանի պետք չես։
Բայց այս գիտակցումը անգամ նրանց ձայնը չի հասցնում տեղ։
Միով բանիվ, եթե եկեղեցու շուրջ այս կեղտոտ արշավը չի արթնացնում մտավորականներին խոր քնից, ապա ամեն ինչ օրինաչափ է:
Նախորդ օրը, Փաշինյանի կազմակերպած ուխտերթին այնքան քիչ մարդ էր հավաքվել, որ պարզ էր, Փաշինյանը տապալել է իր վտանգավոր ծրագրերը եկեղեցու դեմ, մինչդեռ դեմքեր կան, որ չեն գիտակցում, գնում են նրա հետեւից մինչեւ վերջ։
Տեսախցիկները նկատել ու ֆիքսել էին, որ մի քանի դերասաններ կային ներկա, որոնք աշխատելով պետական թատրոններում մասնակցում էին Փաշինյանի կողմից կազմակերպված եկեղեցու դեմ հավաքին։
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի երկու դերասաններ ակտիվ են Նիկոլի հակաեկեղեցական հայտարարություններին արձագանքելու եւ եկեղեցու դեմ արշավի գործողություններին։ Թե ի՞նչ է խոստացել այդ դերասաններին Փաշինյանը իրենք կիմանան, բայց որ կա հատուկ հանձնարարականներ, որ բոլոր ոլորտներից պետական աշխատողները պետք է մասնակցեն եկեղեցու դեմ գրոհին, պարզից էլ պարզ է, իսկ պարբերաբար արված տեսանյութերը վկայում են այդ մարդկանց մասնակցության մասին։
Հիշեցնեմ, որ Դուրգարյան ազգանունով մեկը, որը ազգականն է Կարեն Դուրգարյանի, աշխատելով Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինում մարդկանց հրամայում էր եւ ուղղորդում վայրագությունների։ Իսկ Դուրգարյանը նախորդ օրը խոստովանեց, որ մասնակցում է Փաշինյանի կազմակերպած «պատարագներին», որովհետեւ սիրում է Փաշինյանին։ Փաստորեն, ոչ թե այդ մարդիկ առ Աստված են աղոթում, ապրում, այլ` առ Նիկոլ, որոնց համար Աստվածը Նիկոլն է։






Բաց մի թողեք
Տիկին Ալլայի ձեռքից վերցրել են իր՝ զոհված տղայի վաճառված մեքենայի գումարը, որ տղաների շիրմաքարերը սարքեն, խաբել են
Ալիևի քաղցրաբլիթը Հայաստան առաքվող բենզինն է, իսկ մտրա՞կը
«Յուքոմ – Ucom»-ը շատ վատ է աշխատում ու վատ է վերաբերվում իր բաժանորդների հետ