ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը և «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանը հայտարարել էին, որ առաջնագծում տեղեր կան, որտեղ ադրբեջանական կողմը ստուգում է հայ զինվորներին և նոր միայն թողնում դիրքեր։
Նոյեմբերի 21-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե արդյո՞ք իրականում կա նման իրավիճակ, և ո՞ր հատվածի մասին է խոսքը, ինչի՞ հետևանքով է նման իրավիճակ ստեղծվել, արդյո՞ք հայկական կողմն էլ իր հերթին է ստուգում ադրբեջանական զինվորներին:
Մոտ մեկ ամիս անց պաշտպանական գերատեսչությունը պատասխան գրություն էր ուղարկել, որտեղ նշվում էր.
«Ի պատասխան Պաշտպանության նախարարին հասցեագրված Ձեր 2025 թվականի նոյեմբերի 21-ի հարցման՝ հայտնում ենք, որ Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է մամուլի և սոցցանցերի հրապարակումները, դրանց արձագանքում ըստ անհրաժեշտության։ Հայտնում ենք նաև, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հերթափոխերն իրականացնում են բնականոն»:
Այսինքն, պաշտպանական գերատեսչությունը, ըստ էության, չէր հերքել, որ ադրբեջանական կողմն ինչ-որ հատվածում ստուգել կամ դեռ ստուգում է հայ զինվորներին և նոր միայն թողնում դիրքեր:
Հայ զինվորներին մեր դիրքերում ադրբեջանցիները զննում, ապա նոր թույլատրում են գնալ: Այս լուրը պայթող ռումբի ազդեցություն է ունեցել հայ հասարակության մոտ:
Հենց այս մասին են «Դասեր» հաղորդաշարում, ի թիվս այլ խնդիրների, խոսել Սաթիկ Սեյրանյանի հյուրերը՝ «Ազգային ժողովի» (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Տիգրան Աբրահամյանն ու «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 2018-2020թթ․ Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը։
«Պաշտպանության նախարարությունը չէր կարող հերքել դա, հերքելու բան չկա։ Նույնիսկ այնպիսի իշխանություն, ինչպիսին այսօրվա ստախոս իշխանությունն է, չի կարող հերքել, որ ադրբեջանցիները մեր դիրքերում հսկում են մեր իսկ զինվորներին։ Այս խնդիրը մենք ունեցանք, որովհետև իշխանությունը 2020թ․պատերազմից հետո Քարվաճառի, Քաշաթաղի հանձնումից ու Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի որոշ հատվածների օկուպացիայից հետո առաջնագիծը պատշաճ կերպով չկահավորեց։ Մենք ստացանք մի իրականություն, երբ այսօր Ադրբեջանի կամքից է կախված առհասարակ հայկական կողմի՝ մարտական հերթապահություն իրականացնելը։ Եթե, Աստված մի արասցե, իրադարձությունները զարգանան դեպի ակտիվ գործողությունների փուլ, մենք կունենանք լրջագույն խնդիրներ։ Այս խնդիրներն իշխանությունները քողարկում են կեղծ խաղաղասիրական թեզերով»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատահական որևէ տեղ չի դիրքավորվել։ Կարող է այդ մխրճումը լինել 200 մետր, բայց դա այնպիսի ռազմավարական նշանակություն ունենա իր հետագա գործողությունների համար, ինչպես, ասենք, եթե 2-3 կմ առաջ գար։ Նպատակները տարբեր են, ընդհուպ՝ ջրային ռեսուրսների վերահսկողությունը:
Ավետիք Քերոբյանն էլ նշեց՝ բազմաթիվ վկայություններ կան այն մասին, որ հենց վարժական հավաքների մասնակիցներին են տանում այն դիրքերը, որտեղ ադրբեջանցիները ստուգում են մեր զինվորականներին։
«Մարդկանց տանում են մի տեղանք, որին նրանք ծանոթ չեն։ Հարևան դիրքում մարդիկ ինչպե՞ս կարող են ծառայել, եթե գիտեն, որ կողքի դիրքում իրենց մարտական եղբայրներն անցնում են նման նվաստացումների միջով… Իսկ ինչպե՞ս են ստուգում հայ զինվորներին: Դեպքեր կան, որ ադրբեջանցիները նկարել են մարդկանց դեմքերը, ուղարկել ինչ-որ տեղ, հետո նոր որոշել՝ թողնե՞ն նրանց դիրքեր, թե՞ ոչ։
Գործ ունենք խրոնիկ մանիպուլյատիվ և ստախոս իշխանության հետ։
Փաստացի Գեղարքունիքից մինչև Սյունիք մենք շատ քիչ տեղեր ունենք, որտեղ մեր ու հակառակորդի դիրքերը քիչ թե շատ հավասար են։ Հատված ունենք, որտեղով Ադրբեջանը կարող է տանկային հարձակում սկսել, որից պաշտպանվելու որևէ հնարավորություն մենք չունենք… Ջերմուկ գնացող ցանկացած մարդ կարող է բարձրանալ Եղնիկի մոտ ու տեսնել, որ ադրբեջանցիները պաշտպանական կառույցներ են դնում ՀԽՍՀ սահմանից 7.5 կմ ներս»,- ասաց նա:






Բաց մի թողեք
Տիկին Ալլայի ձեռքից վերցրել են իր՝ զոհված տղայի վաճառված մեքենայի գումարը, որ տղաների շիրմաքարերը սարքեն, խաբել են
Ալիևի քաղցրաբլիթը Հայաստան առաքվող բենզինն է, իսկ մտրա՞կը
Արագածոտնի թեմի հոգեւորականների բնակարաններից առգրաված իրերը վերադարձվել են՝ բացառությամբ հեռախոսների եւ գումարների