09/01/2026

Թուրքիան նավթի հոտ է առել, ձեռնոց է նետում ԱՄՆ-ին

ԱՄՆ-ը, որ Վենեսուելայում նավթի հոտ է առել, ավելի վտանգավոր է, քան արյան հոտ առած շնաձուկը:

Հունվարի 6-ին Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին: Նա խստորեն դատապարտել է Նիկոլաս Մադուրոյի առևանգումը և Միացյալ Նահանգների նախագահին մեղադրել միջազգային իրավունքը կոպտորեն խախտելու մեջ:

Բահչելին Թուրքիայի խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կոալիցիոն գործընկերն է: ԱՄՆ և նրա նախագահի հասցեին նրա չափազանց կոշտ քննադատությունը վկայում է, որ պաշտոնական Անկարան Թրամփի աշխարհաքաղաքական նկրտումներում Թուրքիայի համար սպառնալիք է դիտարկում:

Այս համատեքստում դիտարժան է, որ տարեսկզբին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը գործուղվել է Պորտուգալիա, որտեղ նա հանդես է եկել Եվրամիության հետ «քաղաքակրթական միություն ձևավորելու» առաջարկությամբ:

Ֆիդանը բարձր է գնահատել ԵՄ հնարավորությունները, բայց «կշտամբել է» Բրյուսելին, որ «չի կարողացել ստեղծել քաղաքակրթությունների միություն»:

«Անադոլու» գործակալությունը հայտնել է, որ Ֆիդանը կմասնակցի Ուկրաինային աջակցության հարցով Փարիզի գագաթնաժողովին և «հանդես կգա որպես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական ներկայացուցիչ»: Փարիզի գագաթնաժողովը գումարվում է, որպեսզի «ամբողջական տեսքի բերվեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները»:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հույս է հայտնել, որ մինչև հունվարի վերջ «հնարավոր կլինի բարձր մակարդակի հանդիպում կազմակերպել Վաշինգտոնում»:

Թուրքիան, այդպիսով, ձգտում է ներգրավվել Ուկրաինայի անվտանգության եվրոպական երաշխիքների մշակմանը և ռուս-ուկրաինական կարգավորման ԱՄՆ-Եվրամիություն-Ուկրաինա բանակցություններին:

Պետք է ենթադրել, որ Անկարան ձգտում է հետկոնֆլիկտային Ուկրաինայում իր համար ռազմա-քաղաքական ներկայություն ապահովել: Առկա իրավիճակում, երբ ԱՄՆ-Եվրամիություն և Մեծ Բրիտանիա-ԱՄՆ հարաբերությունները, մեղմ ասած, լավագույն ժամանակներ չեն ապրում, Ուկրաինայի եվրոպական աջակիցների շարքում ներկայությունը Թուրքիայի համար չափազանց հեռանկարային է:

Իր ելույթում «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Բահչելին նախանշել է խիստ հավակնոտ նպատակ՝ Կոստանդնուպոլսի գրավման 600-ամյակը Թուրքիան «պետք է նշի որպես «միջազգայնորեն ճանաչված գերտերություն»:

Բահչելիի սահմանած ժամկետը կլրանա 2053 թվականին: Թուրք քաղաքական գործիչն, ընդսմին, մեկնարկած տարին անվանել է «քսանմեկերորդ դարի երկրորդ քսանհինգամյա շրջանի սկիզբ»:

Սա չափազանց խորհրդանշական ժամանակագրություն է, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ Անկարայի աշխարհաքաղաքական հաշվարկները նաև խորհրդապաշտական են:

Այս ֆոնին ընդգծվում է, որ դեռևս տեղեկություն չկա Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցի մասին, որ, ինչպես Թուրքիայի նախագահն էր անոնսավորել, պետք է կայանար հունվարի 5-ին:

Էրդողանի ներկայացմամբ, նա Թրամփի հետ պետք է քննարկեր Իսրայելի վարչապետ Նաթանյահուի ԱՄՆ այցից հետո իրավիճակը:

Կարելի է ենթադրել, որ Մադուրոյի առևանգումից հետո ԱՄՆ նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանին «նոր ասելիք չի ունեցել»: Փոխարենը Նաթանյահուն հունվարի 5-ին խորհրդարանում հայտարարել է, որ Գազայի և Իրանի հարցում Թրամփի հետ «հանգել են ընդհանուր տեսակետի»: