Իրանական «Tasnim» և «Mehr» լրատվական գործակալությունները հերքել են արևմտյան ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ ցուցարարները գրավել են Իսլամական Հանրապետության արևմտյան Իլամ նահանգի Մալեքշահիի շրջանը և Աբդանան քաղաքը:
Ավելի վաղ «Fox News» հեռուստաալիքը հայտնել էր, որ ցուցարարներն իբր իրենց վերահսկողության տակ են վերցրել Մալեքշահին և Աբդանանը:
«Մալեքշահիում զինված անձանց հետ բախումներից և անվտանգության աշխատակցի զոհվելուց հետո այս պահին անվտանգության ուժերի ներկայության շնորհիվ իրավիճակը լիովին կարգավորվել է», – ասված է «Tasnim»-ի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ խռովարարները հարձակվել են նաև բանկերի վրա, ոչնչացրել դրանց փաստաթղթերն ու սարքավորումները։ Նրանք նաև կրակ են բացել իրավապահների ուղղությամբ, որոնք ցույցի մասնակիցներին կոչ էին արել ցրվել։
«Mehr»-ն էլ հայտնել է, որ Աբդանան քաղաքում ոստիկանության հսկողության ներքո անցկացված խաղաղ հավաքը տևել է մոտավորապես մինչև տեղական ժամանակով ժամը 19.00-ը, որից հետո մասնակիցները սկսել են ցրվել, սակայն նրանցից առանձնացված 250-300 հոգանոց խումբը սկսել է հրկիզումներ իրականացնել քաղաքի տարբեր հատվածներում:
Գործակալության տվյալներով՝ ոստիկանները Աբդանանում վերականգել են կարգուկանոնը, իրավիճակը գտնվում է իրավապահ մարմինների վերահսկողության ներքո:
Իրանական ընդդիմադիր ԶԼՄ-ներն ավելի վաղ հաղորդել էին, որ ցուցարարները գրավել են Իրաքի սահմանի մոտ գտնվող Աբդանան (Իլամ նահանգ) քաղաքը։
Fox News-ի փոխանցմամբ՝ Աբդանանից բացի գրավվել է նաև Մալեքշահի քաղաքը։ Իրանի դիմադրության ազգային խորհուրդը հայտնել է Աբդանանի փաստացի «գրավման» մասին։
«Կարևոր իրադարձություն է տեղի ունեցել արևմտյան Իրանի երկու քաղաքներում, որոնք փաստացի անցել են ցուցարարների վերահսկողության տակ, և մարդիկ տոնում են փողոցներում», – Fox News-ին ասել է Խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ալի Սաֆավին։
Իրանի մարդու իրավունքների ազգային խորհրդի նախագահ Մարիամ Ռաջավին նույնպես գրառում է հրապարակել X-ում՝ շնորհակալություն հայտնելով Մալեքշահիի և Աբդանանի ցուցարարներին, ովքեր, նրա խոսքերով, «ստիպեցին ռեժիմի անվտանգության ուժերին նահանջել»։
Միևնույն ժամանակ, թագաժառանգ Ռեզա Փահլավին Fox News-ին ասել է, որ ինքը հանդես է եկել «անցումային գործընթացը ղեկավարելու» օգտին՝ նշելով, որ իր նպատակը խաղաղ փոփոխություններն են «ազգային հանրաքվեի և սահմանադրական ժողովի միջոցով», և որ ինքը «ավելի քան երբևէ պատրաստ է միանալ Իրանում ընթացող պայքարին»։
«Իմ դերն է օգնել իմ հայրենակիցներին հասնել այդ նպատակին… Ես անաչառ եմ վերջնական արդյունքի հարցում, քանի դեռ դա աշխարհիկ ժողովրդավարություն է», – ասել է Փահլավին հաղորդավար Շոն Հանիթիին։
«…Ես ավելի քան երբևէ պատրաստ եմ միջամտել Իրանի գործերին, երբ հանգամանքները պահանջեն, և ես կլինեմ այնտեղ իմ հայրենակիցների հետ՝ վճռական պայքարը ղեկավարելու համար», – պնդել է թագաժառանգը։






Բաց մի թողեք
«Սա վերջին մարտն է, Փեհլևին կվերադառնա». Իրանն անհանգիստ է, ցուցարարները գրավել են քաղաքների մեծ մասը
«Անմիջապես կրակ բացել»․ ինչպես են Դանիայում պատրաստվում Գրենլանդիա ԱՄՆ-ի հնարավոր ներխուժմանը
Իրանը պատրաստ է նոր պատերազմին․ Արաղչի