09/01/2026

Հողին կհավասարեցնենք․ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին, վերջինս պարսկերենով է պատասխանել

Իրանի բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գտնվում են մարտական լիարժեք պատրաստության մեջ:

Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ հրամանատարի խորհրդական, բրիգադային գեներալ Մորթեզա Գորբանին։

«ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած ագրեսիա արժանի հակահարված կստանա։ Եվ ներկայում բանակի և ԻՀՊԿ-ի շուրջ 400 ստորաբաժանումներ «մատը պահում են ձգանի վրա։ Ստորաբաժանումները պատրաստ են։ Եթե որևէ ագրեսիա տեղի ունենա, նրանք այն (Իսրայելը – խմբ.) հողին կհավասարեցնեն», – ասել է գեներալը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջից Իրանում զանգածային բողոքի ցույցեր են երկրում բարձր գնաճի և ազգային արժույթ ռիալի կտրուկ արժեզրկման պատճառով։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խոստովանել է, որ տնտեսական վիճակն իսկապես վատթարացել է, իսկ ցուցարարների պահանջներն օրինական են։ Նա կոչ է արել կառավարությանը՝ իրավիճակը շտկելու համար միջոցներ ձեռնարկել: Բողոքի ակցիաներն ուղեկցվում են ցուցարարների և իրավապահների միջև բախումներով, կան մի քանի տասնյակ զոհեր, տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ։

Այս ամենի ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանի իշխանությունները բռնի ուժ կիրառեն և ցուցարարների սպանեն, Վաշինգտոնը պատրաստ է պաշտպանել ակցիայի մասնակիցներին և նույնիսկ հարվածել Իրանին։

***

ԱՄՆ Պետքարտուղարությունը պարսկերենով հայտարարություն է տարածել Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով, որ երկրում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն տասը օր, չնայած կառավարության կողմից բռնաճնշումների սրմանը։

Հայտարարության մեջ նշվում է, որ իրանցիները ամբողջ երկրում՝ շուկաներում, թաղամասերում և համալսարաններում, շարունակում են ցույցեր անցկացնել։

Պետդեպի տվյալներով՝ առնվազն 29 ցուցարար է զոհվել, իսկ ավելի քան 1200 մարդ ձերբակալվել է, սակայն բողոքի շարժումը շարունակում է մնալ անդադար։

«Չնայած բռնության սպառնալիքներին և խիստ պատիժներին՝ իրանցիները շարունակում են պահանջել արդարություն և ազատություն։ Նրանց քաջությունը նման լուրջ վտանգների առջև իսկապես զարմանալի է», – նշվում է հայտարարության մեջ։

Վաշինգտոնը ընդգծել է, որ իրանական հասարակության վճռականությունը պահպանում է արդարության հույսը, նույնիսկ ռեժիմի կողմից խիստ ճնշման տակ։