Շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշը գրել է․
«Շվեյցարահայ համայնքի սիրելի՛ անդամներ,
Թեպետ ես մեր համայնքի կաթոլիկ անդամ եմ, սակայն ինձ իրավունք եմ վերապահում արտահայտվելու նախևառաջ որպես այս ընտանիքի մի մասնիկ՝ լիակատար հարգանքով մեր համայնքային կյանքի բոլոր դրսևորումների և հոգևոր զգացումների հանդեպ, որոնք Շվեյցարիայում մշտապես խարսխված են եղել միասնության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա։
Հենց այս խորին հարգանքից դրդված և որպես համայնքի 68-ամյա անդամ, ով իր կյանքն ու ջանքերը ներդրել է մեր կառույցների զորացման գործում, չեմ կարող լռությամբ շրջանցել Հայր Գուսանի հրապարակային կեցվածքը։

Մեր հոգևոր հովիվը, ով իր պաշտոնում նշանակվել է Ծխական խորհրդի կողմից և վավերացվել Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, այսօր բացահայտորեն սատարում է տասը եպիսկոպոսների այն նախաձեռնությանը, որով պահանջվում է Վեհափառ Հայրապետի հրաժարականը՝ հարցն ուղղելով ՀՀ վարչապետին։ Այս քայլը դուրս է հոգևոր-եկեղեցական տիրույթից և Եկեղեցին ներքաշում է քաղաքական շահարկումների ու պառակտիչ հոսանքների մեջ։
Այսօր, սակայն, ի հայտ է գալիս մի նոր հանգամանք, որն առավել հստակ է դարձնում այս դիրքորոշման բուն պատճառը։ Երկու շաբաթ անց Շվեյցարիայի թեմում իր առաքելությունն է ստանձնելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից գործուղված նոր եպիսկոպոսը։ Ակնհայտ է դառնում, որ հայր Գուսանի ընդվզումը ոչ թե վարդապետական կամ հովվական հիմքեր ունի, այլ պարզապես անձնական անհանդուրժողականություն է մի նոր սպասավորի հանդեպ, ով գալիս է ստանձնելու մի պաշտոն, որը Հայր Սուրբը, ըստ ամենայնի, ինքն էր ակնկալում։
Երբ հոգևորականն առաջնորդվում է ոչ թե հոգևոր խոնարհությամբ, այլ անձնական հավակնություններով, նա ոչ թե պաշտպանում է իր հոտը, այլ այն դարձնում է խոցելի։ Հոգևոր հովվի առաքելությունը սեփական ծուխն օգտագործելը չէ որպես հարթակ՝ անձնական վիրավորանքներն ու հիասթափությունները բարձրաձայնելու համար, հատկապես երբ դա կարող է հավատացյալներին ներքաշել մի կոնֆլիկտի մեջ, որը երբևէ չի եղել հավաքական քննարկման առարկա։
Եթե Հայր Գուսանը գտնում է, որ չի կարող ծառայել մի եպիսկոպոսի առաջնորդության ներքո, ում ինքը չի ընտրել, կամ իր առաջնահերթությունը սեփական դիրքի պահպանումն է, քան հավատացյալների միասնության պահպանումը, ապա նա պետք է արժանապատվություն ունենա վայր դնելու իր հովվական լիազորությունները։ Սա թույլ կտա համայնքին՝ զերծ մնալով անձնական ազդեցություններից, սթափ և ժողովրդավարական ոգով քննարկել ստեղծված իրավիճակը։
Շվեյցարիայի մեր համայնքն ունի հարգանքի, կարծիք հայտնելու և հոգևոր միասնության մեջ առաջնորդվելու հիմնարար իրավունք, այլ ոչ թե ներքաշվելու անձնական հավակնությունների ճգնաժամի կամ արտաքին քաղաքական բանավեճերի մեջ:
Մենք հավատարիմ ենք Մայր Եկեղեցուն, Ամենայն Հայոց Կաթողիկոսին և մեր նորանշանակ եպիսկոպոսին։ Չենք կարող հանդուրժել, որ հովվական պատասխանատվությունը ծառայեցվի անձնական «ես»-ին՝ ի հաշիվ մեր ծխի անդորրի և արժանապատվության։
Շվեյցարահայ համայնքի ապագան պահանջում է խոնարհություն, միասնություն և ժողովրդավարական խոհեմություն՝ խաղաղության ու փոխադարձ հարգանքի պայմաններում:
Հավատարմությամբ և սթափությամբ՝
Վահե Գաբրաշ,
Շվեյցարահայ համայնքի 68-ամյա անդամ






Բաց մի թողեք
Հունվարի 9-ի աստղագուշակ․ Խորհուրդ է տրվում խուսափել չափազանց ֆիզիկական ակտիվությունից
Ինչպես հաղթահարել ձմեռային մելամաղձությունը․ Արմեն Մուրադյան
Կարգալույծ Արամայիս Թախմազյանի ոտնձգությունից հետո Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաքրագործման հատուկ կարգ կատարվեց. խորանը լվացվեց սուրբ ջրով և գինով․ Տեսանյութ