07/01/2026

«Նախապայման» է համարել «Թրամփի ուղու» նախագծով «Հայաստանի բոլոր պարտավորությունների կատարումը»

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնազրկման և ԱՄՆ տեղափոխման առթիվ Ադրբեջանից պաշտոնական դիրքորոշում դեռևս չի հնչել: Ամենայն հավանականությամբ, Ալիևը ձեռնպահ կմնա իր դաշնակցին պաշտպանելու հրապարակային քայլից:

Ստեղծված իրավիճակում հակառակը չափազանցություն կլիներ: Բայց Բաքվի իշխանական haqqin.az-ի հրապարակումից դատելով, նա Մադուրոյի առևանգումից խիստ անհանգստացած է:

«Մեր օրերում, պարզվում է, կարելի է ապրել առանց մտածողության: Ավելին, մտածողության բացակայությունը համարվում է բարձր գիտակցության նշան: Եվ, իրոք, մարդկությունը մտահոգվելու ի՞նչ կարիք ունի, եթե նրա փոխարեն մտածում է Թրամփը»,- գրել է ադրբեջանցի մեկնաբանը և հիշեցրել, թե ինչպես էր ԱՄՆ պետքարտուղար Պաուելը ՄԱԿ-ում «թափահարում փորձանոթը, ինչից հետո «ծնվեց ժողովրդավարական Իրաքը»՝  նկատի ունենալով Սադամ Հուսեյնի դեմ ԱՄՆ ռազմագործողությունը, որն սկսելու համար Վաշինգտոնը քարոզում էր, որ «բռնապետ Սադամը քիմիական զենք ունի»:

Բաքվի իշխանական լրատվամիջոցը հիշեցրել է նաև Աֆղանստան ԱՄՆ ներխուժումը, Լիբիայի առաջնորդ Քադաֆիի տապալումը, Եմենը, Սիրիան, Սոմալին և ամփոփել. «Հենց որ Վաշինգտոնում սկսում են «մտածել», աշխարհում մի երկիր կործանվում է»:

Ադրբեջանում ներքաղաքական սրացում է հասունանում: Մեկուկես ամսից լրանում է ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի կալանքի ժամկետը: Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները տեղեկացրել են, որ նրա նկատմամբ «քննչական որեւէ գործողություն չի իրականացվում»: Քերիմլին մեղադրվում է «իշխանությունը բռնությամբ զավթելու և սահմանադրական կարգը տապալելու փորձի» մեջ:

Ձերբակալությունից երկու շաբաթ առաջ նա արևմտյան մամուլում հեղինակային հոդված է հրապարակել և անցյալ տարվա օգոստոսի ութին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները գբահատել Ադրբեջանի «ինքնիշխանության երաշխիք»:

Նա Ալիեւին հորդորել է «հնարավորինս սեղմ ժամկետներում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրել և ձեռնամուխ լինել տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնմանը»: Անցյալ տարեվերջին արտաքին գործերի նախարար Բայրամովը հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման «նախապայման» է համարել «Թրամփի ուղղու» նախագծով «Հայաստանի բոլոր պարտավորությունների կատարումը»:

Վաշինգտոնյան պայմանավորվածություններից ուղղակի հրաժարվելու քայլ Ալիևը, ամենայն հավանականությամբ, չի անի, բայց Մադուրոյի հետ կապված իրավիճակը կարող է օգտագործել և Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում փորձել վերադառնալ Բայդենի ժամանակների «զգուշավորությանը», երբ նա Վաշինգտոնին մեղադրում էր Ադրբեջանի «ներքին գործերին միջամտելու» և «բացառապես հայամետ դիրքորոշում ունենալու» մեջ:

Բաքվի իշխանական լրատվամիջոցի հրապարակումը լիովին ներգրվում է Վենեսուելայում ԱՄՆ հատուկ գործողությանը տված Ռուսաստանի ԱԳՆ գնահատականներին: