09/01/2026

Ուղտը նամակ է գրել երգիչ Դավիթ Ամալյանին

Երգիչ Դավիթ Ամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մի քիչ առաջ մեր դուռը ծեծեցին, դե հիմա գիտեք, «քաղաքակրթության» գերաճման պատճառով, մինչև նախապես հեռախոսազանգով չեն զգուշացնում, տունդ մարդ չի գալիս, դե զարմացած վեր կացա, դուռը բացեցի ու ի՞նչ. փոստատարն էր, էս դեպքում փոստաբերը…

Բերածն էլ ծրար, որի մեջ նամակ կար, վաղուց sms-ի փոխարեն նամակ չէի ստացել, դե ի՞նչ վերցրեցի ու արագ որոշեցի կարդալ նամակը, որը սկսվեց էսպես…

Հարգելի Դավի՜թ. Քանի որ վերջերս մենք հանդիպեցինք այգում, որոշեցի նամակս հասցեագրել ձեզ, որ իմ խնդրանքով հանրայնացնեք…

Երեկվանից ամբողջ ընտանիքով ոչ մի կերպ ուշքի չենք գալիս այն վիրավորանքից, որը տարածվել է սոց ցանցերում, նաև լրատվական դաշտում. Գիտենք, որ արվեստի հետ կապ ունեք, գիտեմ, որ մարդիկ (մարդիկ, ոչ թե կենսաբանական բաները) նաև մեծ հարգանք ունեն բնության և կենդանիների հանդեպ, ճիշտ է, ինձ հեշտ չէ խիստ խոսել, որովհետև ինքս իմ հայրենիքից հեռու եմ, ընտանիքով ապրում ենք Երևանի այգիներից մեկում, բայց չեմ կարող ճշմարտությունը չասել։ Նախ կենսաբանորեն ամենադիմացկուններից ենք, քայլում ենք շատ երկար, նույնիսկ առանց հաց ու ջրի, տանում ենք մեզ հետ անասելի ծավալի և զանգվածի բեռներ, երաժշտության, կերպարվեստի և գրականության մեջ բազում, թե հայկական, թե համաշխարհային լեգենդներ, իրենց ստեղծագործություններն անվանակոչել են մեր շարասյան անունով, հիմա ի՞նչն է ձեզ դրդել «կենսաբանական սխալներին», որոնք ոչ մեզ են պետք, ոչ ձեզ, անվանեք մեր անունով, ինչ է իրենց ղեկավարը որոշել էր իրենց իսկ պատիվը բարձրացնելու համար այդ խմբին իբր սխալմամբ էդպե՞ս անվանակոչեր…

Խնդրում եմ, ես ձեզ հավատում եմ, մենք այգում շատ երկար նայեցինք իրար, դուք ինձ շատ կարեկցանքով էիք նայում, տարածեք, թող այլևս գոնե ձեր համախոհները չնեղացնեն մեզ…

Քանի որ սմբակներս գրելուն հարմար չի, խնդրել եմ, որ նամակս իմ թելադրելով գրի ինձ կերակրող ու խնամող Արամը, ուստի վերջացնելով ասելիքս ձեզ և ձեր համախոհներին հաջողության բարեմաղթանքներ հղելով, ևս մեկ անգամ խնդրում եմ այդ այլանդակությունների հետ մեզ համեմատելով  չվիրավորեն մեր ցեղատեսակի արժանապատվությունը…

Ձեզ շատ սիրող ՈւՂՏ…

Հասցեն` Մյասնիկյան 20, կենդանաբանական այգի, սրճարանի կողքի բնակարան…