Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը որդուն՝ Ահմատ Կադիրովին, նշանակել է փոխվարչապետի պաշտոնակատար: Այդ մասին նա հայտնել է անձնական թելագրամ-ալիքում կատարած գրառումով:
Կրտսեր Ահմատ Կադիրովը մինչ այդ զբաղեցրել է սպորտի և երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնը: Ահմատ Կադիրովը ծնվել է 2005 թվականին: Բաց աղբյուրների տեղեկություններով՝ նա սովորել է պապի՝ Ահմատ հաջի Կադիրովի անվան ուսումնական կենտրոնում, «մանուկ հասակում անգիր սովորել է «Ղուրանը», զբաղվել բռնցքամարտով»:
Կրտսեր Կադիրովը քաղաքական ասպարեզ է մտել տասնվեց տարեկանում, հոր հանձնարարությամբ վերահսկել է Չեչնիայում կրթական, մշակութային և մարզական նշանակության շինաշխատանքները:
2023թ.-ին նա Կրեմլում արժանացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդունելությանը: Նույն տարում նա այցելել է Բաքու, որտեղ հանդիպումներ է ունեցել կրթության և գիտության, մշակույթի և սպորտի նախարարների, ինչպես նաև Կովկասի մուսուլմանների հոգևոր առաջնորդի հետ:
Ռամզան Կադիրովը որդուն Չեչնիայի փոխվարչապետի պաշտոնակատար է նշանակել մի իրավիճակում, երբ մամուլում տեղեկություն է տարածվել, որ նա «ծանր հիվանդ է», իսկ ընթացիկ տարում սպասվում են ինքնավար հանրապետության ղեկավարի ընտրություններ:
Ըստ երևույթին՝ Ռամզան Կադիրովի հիվանդության մասին տեղեկությունը հիմնավոր է, և նա որդուն ներկայացնում է որպես Չեչնիայի ապագա ղեկավարի:
Ընդ որում՝ ՌԴ սուբյեկտ հանդիսացող ինքնավար հանրապետության ղեկավարի պաշտոնը կարող է անցնել քսանմեկամյա մի երիտասարդի, որ աշխարհիկ կրթություն չի ստացել, որևէ մասնագիտության չի տիրապետում, Ռուսաստանի Զինված ուժերում չի ծառայել:
Չեչնիայում փաստացի հաստատվում է դինաստիական-կլանային իշխանություն, որի քաղաքական-քաղաքակրթական ինքնությունը իսլամական է: Այդ իշխանությունը ներկայումս Կրեմլի հանդեպ լոյալություն է ցուցաբերում, բայց աշխարհաքաղաքական ի՞նչ դիրքորոշում կունենա վաղը, ոչ ոք երաշխավոր չէ:
Ուկրաինայի դեմ չորս տարի տեւող պատերազմը Ռուսաստանից ոչ միայն հարյուր հազարավոր մարդկային կյանքեր, ահռելի ֆինանսական և նյութական միջոցներ է խլում, այլեւ թուլացնում է պետական կառավարման համակարգը, վտանգում հանրային և ազգամիջյան հարաբերությունները:
Չեչնիան, ըստ էության, այլևս Ռուսաստան չէ: Եվ Կադիրովի օրինակը կարող է ՌԴ ազգային մյուս ինքնավարությունների համար վարակիչ լինել:






Բաց մի թողեք
ԱՄՆ փոխնախագահը խոսել է Եվրոպայի, Վենեսուելայի նախագահի ձերբակալության մասին
Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին համարժեք գործընկեր չի համարում
Վարչատարածքային բաժանման ի՞նչ մոդել կընտրի Ադրբեջանը, ինչ սպասել Ալիևից