07/01/2026

Պուտինը «կուզենար այդ փուլի մեծ մասն անցկացնել որպես Ռուսաստանի նախագահ, իսկ հետո՝ ինչպես Աստված կտա»

Ռուսաստանը ծրագրում է «հատուկ ռազմական գործողությունը» շարունակել մինչև 2050 թվականը: Այդ մասին տարեմուտին ասել է եվրասիականության գաղափարախոս Ալեքսանդր Դուգինը:

Նրա խոսքերով, միայն Ուկրաինայում հաղթելու համար պատերազմը կշարունակվի հինգ-յոթ տարի, իսկ հետո հարկ կլինի «կռվել Երկիր մոլորակի այլ տարածաշրջաններում»: Դուգինի գնահատմամբ, Պուտինը «կուզենար այդ փուլի մեծ մասն անցկացնել որպես Ռուսաստանի նախագահ, իսկ հետո՝ ինչպես Աստված կտա»:

Դուգինը պատկերել է մոտակա տարիների Ռուսաստանը. «Ես չեմ ուզում կրկին խոսել տոտալ զորահավաքի մասին, հասկանալի է, որ այն կսկսվի… Պատկերացրեք, որքան գեղեցիկ կլինի, երբ երկարամյա «հատուկ ռազմական գործողությունը» և Ռուսաստանի հաղթանակի գաղափարը կմիավորի սիրբիրյան մուժիկներին, Հեռավոր Արևելքի, Ուրալի, Պետերբուրգի և անգամ Մոսկվայի բնակիչներին, կովկասցիներին, որ պետք է ավելի զանգվածաբար, քան այսօր է, գնան կռվելու հանուն ռուսական գաղափարի»:

Կրեմլի գաղափարախոսը գրեթե բառացի կրկնել է խորհրդային զորավար Ժուկովին վերագրվող հայտնի խոսքը. «Զոհերը շա՞տ են: Ոչինչ, կանայք նորերը կծնեն»: Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողության» դեպքում նա գտնում է, որ «տղամարդիկ կռվում են, կանայք՝ նոր զինվորականներ ծնում, իսկ ով չի ծնում, նույնպես պատերազմում է. պատկերացրեք նման վիճակ, որքա՜ն գեղեցիկ կլինի դա»:

Ռուս կանայք ինչպե՞ս կարձագանքեն Դուգինի հորդորին, թողնենք նրա «զորությանը», բայց չենք կարող անտեսել «կովկասցիներին կշտամբանքը», ինչից պարզ հասկացվում է, որ ռուսաստանյան Կովկասը, մեղմ ասած, տոգորված չէ «ռուսական գաղափարով» և Ուկրաինայի դեմ պատերազմին «զանգվածաբար չի մասնակցում»:

Դուգինը շուրջ երկու տասնամյակ քարոզել է «սլավոնա-թուրքական համադաշնություն»: Նա է «Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն Ադրբեջանն է» կարգախոսի հեղինակը:

Այսօր Ադրբեջանը զինված ուժերը բերում է թուրքական, այսինքն՝ ՆԱՏՕ-ի, չափանիշների: Եվ լրջագույն խնդիր է, թե ռուսաստանյան Կովկասի ժողովուրդներն ո՞ւմ են նախապատվություն տալիս՝ Ռուսաստանի՞ն, թե՞ Թուրքիային: Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը քաղաքական «կաթնեղբայր են», բայց, կարծես, իրողություն է, որ ռուսական և թուրքական «գաղափարն», առնվազն, նույնական չեն:

Նախանցյալ դարի հիսուն-վաթսունական թվականներին ցարական Ռուսաստանը և Օսմանյան Թուրքիան Կովկասի հարցում շատ դաժան համաձայնության են եկել, լեռնականները բռնատեղահանվել են Թուրքիա, իսկ դրանից մոտ քառորդ դար առաջ ռուս բանաստեղծը գրել է. «Ահա Կովկասն իմ ոտքի տակ…»: