27/07/2024

ՀԱՊԿ-ն առանց Հայաստանի չի փլուզվի․ Լուկաշենկոն հայկական կողմին խորհուրդ է տվել չշտապել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մասնակցելու է 2025 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին, այսինքն՝ առաջադրվելու է ութերորդ անգամ անընդմեջ, գրում է svoboda.org-ը։

«Գնալու եմ, գնալու եմ, գնալու եմ: Փոխանցեք նրանց, որ առաջադրվելու եմ», – ասել է Լուկաշենկոն՝ պատասխանելով ապագա ընտրություններին իր մասնակցության մասին հարցին՝ «նրանց» ասելով նկատի ունենալով ընդդիմադիրներին, որոնք գտնվում են արտերկրում։

«Եվ որքան ավելի բարդ լինի իրավիճակը, այնքան ակտիվ նրանք կանհանգստացնեն մեր հասարակությանը… որքան շատ լարեն ձեզ, ինձ և հասարակությանը, այնքան ավելի արագ կգնամ այս ընտրություններին»,- հավելել է նա

Այս տարի կլրանա 30 տարին, ինչ Լուկաշենկոն, առաջին անգամ հաղթելով նախագահական ընտրություններում, գլխավորել է Բելառուսը։ Նա կդառնա 70 տարեկան:

Բելառուսը միանգամայն հանգիստ է արձագանքում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ հայկական կողմի հայտարարություններին։

Այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ փոխանցում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։

«Մենք դրան միանգամայն հանգիստ ենք արձագանքում, եթե նրանք չեն ցանկանում լինել ՀԱՊԿ-ում, կազմակերպությունը չի փլուզվի, չի քանդվի»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, այս առնչությամբ Երևանից պաշտոնական ծանուցումներ դեռևս չեն եղել։

Ալեքսանդր Լուկաշենկոն հայկական կողմին խորհուրդ է տվել չշտապել և կտրուկ շարժումներ չանել. «Դուրս գալը հեշտ է. իսկ հետո նորից մտնելը դժվար կլինի: Պետք չէ դուրս գալ, կարիք չկա ինչ-որ բան սառեցնել»: