25/11/2026

EU – Armenia

Ի՞նչ եղավ Փաշինյանն ընդդեմ Փաշինյանի մարտը

Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունների վերաբերյալ նախկին հայտարարությունները հիշեցրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր , ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը՝ իշխանություններին մեղադրելով սեփական դիրքորոշումներից հրաժարվելու մեջ։

Լրագրողների հետ զրույցում Վարդևանյանն անդրադարձել է նոր Սահմանադրության նախագծին և դրա նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելու իշխանությունների նախաձեռնությանը։

Պատգամավորը հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2024 թվականին հրապարակային ելույթներում բարձրաձայնել էր Ադրբեջանի Սահմանադրության մեջ առկա խնդրահարույց դրույթների մասին՝ պնդելով, որ ադրբեջանական կողմի սահմանադրական փաստաթղթերում հղումներ կան պատմական փաստաթղթերի, որոնց հիման վրա տարածքային պահանջներ են ներկայացվել Հայաստանի նկատմամբ։

Մասնավորապես, 2024 թվականի օգոստոսի 31-ի ասուլիսում Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի Սահմանադրությունը, ի տարբերություն Հայաստանի Սահմանադրության, պարունակում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ։ Նա որպես հիմնավորում ներկայացրել էր Ադրբեջանի՝ 1918-1920 թվականների պատմական փաստաթղթերում առկա ձևակերպումներն ու 1919 թվականին Անտանտին ներկայացված քարտեզը։

Ավելի ուշ՝ նույն թվականի դեկտեմբերի 19-ին, վարչապետը կրկին անդրադարձել էր այդ հարցին՝ նշելով, որ Ադրբեջանի ներկայացրած պատմական քարտեզով Հայաստանի Հանրապետության տարածքի շուրջ 60 տոկոսը ներառված է եղել Ադրբեջանի հավակնությունների շրջանակում։

«Այսպիսով, Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության»,- հայտարարել էր Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը, այնուամենայնիվ, Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու հարց չի բարձրացնում, քանի որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված դրույթները հնարավորություն են տալիս լուծել այդ խնդիրը։

Վարդևանյանի գնահատմամբ՝ այսօր իշխանությունների որդեգրած մոտեցումը հակասում է հենց Փաշինյանի նախկին հայտարարություններին։

«Նիկոլ Փաշինյանը, հակադարձելով ինքն իրեն, ուղիղ ասել է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն է խնդրահարույց, որովհետև այնտեղ առկա հղումն է պրոբլեմատիկ, քանի որ ՀՀ այսօրվա 29 743 քառակուսի կիլոմետրի կեսի նկատմամբ տարածքային հավակնություններ ունի։ Ոչ թե հավակնություն, այլ համարում է իրենը։ Բայց դրա մասին Նիկոլ Փաշինյանն այլևս չի խոսում։ Ի՞նչ եղավ Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի այս մարտը։ Անընդունելի է»,- ասել է ԱԺ փոխխոսնակը: