25/11/2026

EU – Armenia

ԵՄ-ն չի վերադառնա ռուսական էներգակիրներին՝ անկախ ԱՄՆ-ի գլխավորությամբ ընթացող խաղաղ բանակցություններից. Յորգենսեն

ԵՄ էներգետիկայի հարցերով պատասխանատուն Euronews-ին հայտնել է, որ Բրյուսելը շարունակելու է ռուսական գազի արգելքի քաղաքականությունը՝ անկախ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների արդյունքից։

ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Դան Յորգենսենը Euronews-ին ասել է, որ ԵՄ-ն երբեք չի վերադառնա ռուսական էներգակիրներին՝ անկախ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ընթացող բանակցությունների արդյունքից։

Maria Tadeo-ի «On the Record» հաղորդման շրջանակում Յորգենսենը Ռուսաստանին բնորոշել է որպես Եվրոպայի թշնամի և վստահեցրել, որ շարունակելու է իրականացնել ռուսական էներգակիրների ներկրումը դադարեցնելու ծրագրերը։

«Եթե ինձնից կախված լինի, մենք Ռուսաստանից այլևս ոչ մի մոլեկուլ անգամ չենք ներկրի։ Մենք չենք վստահում Ռուսաստանին», – ասել է նա։

Նրա այս հայտարարությունները վկայում են Բրյուսելի և Վաշինգտոնի միջև խորացող տարաձայնությունների մասին։

Դոնալդ Թրամփի վարչակազմը անցյալ ամիս՝ նոյեմբերյան միջանկյալ ընտրություններից առաջ, թուլացրել էր ռուսական դիզվառելիքի նկատմամբ սահմանափակումները։ Ավելին, ազդարարվել է, որ եթե Ուկրաինայի հարցով խաղաղ համաձայնագիր կնքվի, Վաշինգտոնը կարող է աջակցել Մոսկվայի՝ որպես էներգետիկ ոլորտի գլոբալ դերակատարի վերադարձին։

Այս ամսվա սկզբին լրատվամիջոցները հայտնում էին, որ Վաշինգտոնը նույնիսկ քննարկել է Եվրոպա ռուսական էներգակիրների վերադարձի հնարավորությունը։

Սակայն Յորգենսենը պնդել է, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կնքված որևէ համաձայնագիր չի կարող գերակայել ԵՄ օրենսդրության նկատմամբ։

«Անկախ նրանից, թե ինչ կլինի այս բանակցություններում, եվրոպական օրենսդրությունը մշակվում է Բրյուսելում. այն առաջարկվում է Եվրահանձնաժողովի կողմից, իսկ ընդունվում՝ Եվրախորհրդարանի և Եվրոպական խորհրդի (որպես համաօրենսդիրներ) կողմից», – ասել է նա։ «ԵՄ-ն մտադիր է երաշխավորել, որ այլևս երբեք ստիպված չի լինի կախվածություն ունենալ ռուսական գազից»։

Փոխանակ ապավինելու պատժամիջոցներին (որոնք կարող են չեղարկվել պատերազմի ավարտ «Նույնիսկ եթե խաղաղություն հաստատվի, մենք նրանց չենք վստահի և չենք ցանկանում կրկնել անցյալի սխալները», – ասաց Յորգենսենը։

Դժվարին ձմեռ է սպասվում
Յորգենսենը նաև զգուշացրեց սպառողներին, որ այս ձմռանը պետք է պատրաստ լինեն վառելիքի և գազի գների բարձրացմանը՝ չնայած նավթի գների վերջին անկմանը։

«Մեզ բավականին դժվարին ձմեռ է սպասվում, քանի որ բենզինի, դիզվառելիքի և գազի գները բարձր են լինելու», – նշեց նա։

Զեկույցում ներկայացված տվյալների համաձայն՝ հոկտեմբերին Եվրոպայում գազի միջին գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 163%-ով, իսկ եղանակի ցրտելը կարող է էլ ավելի բարձրացնել ծախսերը։

Մինչ կառավարությունները գտնվում են աճող ճնշման տակ՝ տնային տնտեսություններին գների բարձրացման հետևանքներից պաշտպանելու համար, Յորգենսենը դեմ արտահայտվեց ԵՄ մասշտաբով էներգետիկ ընկերությունների գերշահույթների հարկման գաղափարին՝ պնդելով, որ այդ որոշումը պետք է կայացնեն ազգային կառավարությունները։

«Որոշ անդամ երկրներում դա, հավանաբար, լավ գաղափար կլինի։ Սակայն ես ճիշտ չեմ համարում կիրառել միասնական եվրոպական մոտեցում, որը նախատեսված է բոլորի համար՝ առանց հաշվի առնելու առանձնահատկությունները», – ասաց նա։

ԵՄ վեց երկիր՝ Ավստրիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը, Պորտուգալիան և Իսպանիան, կոչ են արել Բրյուսելին դիտարկել էներգետիկ ընկերությունների գերշահույթների հարկման հնարավորությունը ամբողջ միության տարածքում։

Դրա փոխարեն, Եվրահանձնաժողովն առաջարկում է կառավարություններին նվազեցնել էլեկտրաէներգիայի հարկերը՝ նշելով, որ բարձր հարկերը սպառողներին հետ են պահում հանածո վառելիքից հրաժարվելուց։ Յորգենսենի խոսքով՝ հարկերը կազմում են տնային տնտեսությունների էլեկտրաէներգիայի միջին հաշիվների մոտ 29%-ը։

Պատասխանելով Հորմուզի նեղուցի երկարատև փակման հավանականության մասին հարցին՝ Յորգենսենն ասաց, որ Եվրոպան պետք է պատրաստվի վատթարագույն սցենարին, այլ ոչ թե հույսը դնի Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունների շուտափույթ ավարտի վերաբերյալ քաղաքական խոստումների վրա։

«Մենք, իսկապես, պատրաստվում ենք մի աշխարհի, որտեղ անորոշությունները չափազանց մեծ են։ Մենք չգիտենք, թե ինչ է լինելու», — ասաց Յորգենսենը՝ հավելելով, որ ԵՄ-ն պետք է պատրաստվի վատթարագույն սցենարին՝ փոխանակ ապավինելու քաղաքական այն խոստումներին, թե Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունները շուտով կավարտվեն։