«Ալիեւի որսորդը» մականունը կրող, Հայաստանի կողմից հետախուզվող, Ռուսաստանի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալված ադրբեջանցի ֆիթնես մարզիչ, բլոգեր Քամիլ Զեյնալիին դաշնակից երկիրը որոշեց ոչ թե արտահանձնել ՀՀ-ին, այլ՝ առոք-փառոք վերադարձնել Բաքվին:
Ձերբակալված ադրբեջանցին, ինչպես նույն օրը հայտնել էր նրա փաստաբան Ալեքպեր Գարաեւը, ազատ էր արձակվել «Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության աջակցությամբ»։ Սա նշանակում է, որ արտահանձնման գործընթացը, որպես միջպետական պրոցեդուրա, դուրս է եկել իրավական մակարդակից եւ լուծվել քաղաքական՝ դիվանագիտական մակարդակով։ Այլ կերպ ասած՝ ադրբեջանցուն բռնել են, հետո «վերեւների» հետ պայմանավորվել ու բաց թողել։
(Զեյնալիի ֆեյսբուքյան էջից դատելով՝ վերջինս այս ընթացքում եղել է ՌԴ-ում։ Նա փետրվարի 20-ին տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես է վայելում հանգիստը՝ բացօթյա լոգարանից դուրս գալով՝ նետվում է ձյան մեջ։ Այս տեսանյութը Զեյնալին տարածել է «Մոսկվա» հեշթեգով)։
Նշենք, որ, ըստ «Հանձնման մասին» եվրոպական կոնվենցիայի, տվյալ պետությունը կարող է պահանջել տվյալ անձի հանձնումը (էքստրադիցիան) այն պետության իրավասու մարմիններից, որի տարածքում հայտնաբերվել է հիշյալ անձը: Այդուհանդերձ, հանձնումը պետք է կատարվի այնպիuի հանցագործությունների դեպքում, որոնք հայցող եւ հայցվող կողմերի (այսինքն՝ ե՛ւ այն պետության, որի իրավասու մարմինները գործ են հարուցել, ե՛ւ այն պետության, որի տարածքում հայտնաբերվել է հանցագործություն կատարած անձը) oրենքներով պատժվում են ազատազրկմամբ կամ կալանքով՝ նվազագույնը մեկ տարի կամ ավելի ժամկետով կամ ավելի խիuտ պատժով:
Արդ, ինչո՞ւ դաշնակից երկիրը որոշեց մարդկայնության դեմ հանցագործության համար մեղադրվողին ՀՀ-ին արտահանձնելու փոխարեն նպաստել վերջինիս հերոսացմանը՝ «սաֆարովացման»-ը եւ այս քայլով վերաթարմացնել այդ երկրում տիրող հայատյացությունը:
Դատելով ադրբեջանական ԶԼՄ-ներից՝ Բաքվում Զեյնալիին դիմավորել եւ հարգանքի տուրք են մատուցել նույն ոգեղենությամբ, ինչպես որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ստահակին՝ Ռամիլ Սաֆարովին տարիներ առաջ Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնումից հետո։
Չի բացառվում, որ առաջիկա օրերին Ադրբեջանում ծնվող երեխաներին անվանակոչեն սույն բլոգերի անունով, եւ պետական մակարդակով պատվո հարթակին կանգնեցվի հերթական հայասպանը։
Զեյնալիին արտահանձնելու համատեքստում շատ կարեւոր է դիտարկել նաեւ այն հանգամանքը, թե ինչ հանցագործությունների համար է մեղադրվում վերջինս եւ ինչ ժամանակաշրջանում կատարված։
Նա մասնավորապես մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ ԼՂ Հադրութ քաղաքի երկու քաղաքացու գլխատելու համար, ինչի մասին վկայող տեսանյութը, ի դեպ, հենց ինքն է զետեղել համացանցում։
Զեյնալիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ով նախատեսված հետեւյալ հանցագործությունները կատարելու համար՝ մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ, հովանավորվող անձի դեմ ուղղված պատերազմական հանցագործություններ, պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործություններ, վարձկանություն, ագրեսիա։
Նկատենք, որ պատերազմական հանցագործություններ կատարելու համար է մեղադրվում նաեւ այն երկրի ղեկավարը, որը, փաստորեն, պետք է Հռոմի ստատուտին միացած ՀՀ-ին արտահանձներ նույն հանցագործության համար մեղադրվողին։
Ինչպես հայտնի է, 2023թ․ մարտին Հաագայի միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ է տվել՝ Ուկրաինայում պատերազմական եւ մարդկության դեմ ենթադրյալ հանցագործության համար, մասնավորապես՝ կանխամտածված սպանություններ եւ խոշտանգումներ, ուկրաինացի երեխաների բռնի տեղահանում։
Սույն հանցանքները կատարելու համար մեղադրվող երկիրը, փաստորեն, կա՛մ պետք է իր ներսում պատասխանատվության ենթարկեր Զեյնալիին, կա՛մ էլ արտահանձներ երրորդ երկրի՝ ՀՀ-ին՝ միջազգային հնչողություն հաղորդելով Ադրբեջանի քաղաքացու կատարած ենթադրյալ հանցագործություններին՝ կենտրոնացնելով աշխարհի ուշադրությունը ՀՀ-ի շուրջ։
ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում իրեն միջնորդ դիտարկող երկիրը մինչդեռ նախընտրեց երրորդ՝ ակնհայտ քաղաքական ուղերձ պարունակող տարբերակը՝ նախ ցուցադրաբար ձերբակալեց ենթադրյալ հանցագործին, ծանուցեց այդ մասին ՀՀ պատկան մարմիններին, ապա առանց միջպետական իրավական ընթացակարգերը պահպանելու հանձնեց Ադրբեջանին։
Չի բացառվում, որ ՌԴ-ի այս ցուցադրական ակտը ՀՀ-ից «վրեժ» լուծելու յուրօրինակ գործընթաց է՝ ի պատասխան Հռոմի ստատուտին միանալու որոշման եւ դաշնակից երկրից «երես թեքելու»։ Այդ ակտը միաժամանակ կարող է վկայել ՌԴ-Ադրբեջան գործարքի մասին հատկապես առաջիկայում նախանշված ՀՀ-Ադրբեջան բանակցային ռաունդից առաջ։
Ալիեւը, ենթադրաբար, կփոխհատուցի ՌԴ-ին նման «մեծահոգի» ժեստի համար, դիցուք՝ արեւմտյան միջնորդության բոյկոտը շարունակելով, ՀՀ-ի հարավային սահմանների վրա հերթական դիվերսիոն հարձակումը կազմակերպելով, եւ/կամ հերթական մաքսիմալիստական պահանջները ՀՀ-ին ներկայացնելով՝ շարունակելով վիժեցնել խաղաղության գործընթացը։
Արտահանձնողն ու ապաստան տվողը
Նկատենք, որ ՌԴ-ն նախկինում մի շարք դեպքերով արտահանձնումներ է իրականացրել։ Մասնավորապես 2013 թվականին Իտալիային արտահանձնվեց ծնունդով Մոլդովայից Աշոտ Եդիգարյանը, որին կասկածում էին Իտալիայի բնակիչներից մեկի սպանության եւ նրա երեք ընկերներին վերքեր հասցնելու համար։ Եդիգարյանը փորձել էր Սոչիից Քիշնեւ մեկնել երթուղային ավտոբուսով, բայց ձերբակալվել էր Ռուսաստանի սահմանին:
2019-ին էլ ՌԴ-ն Ադրբեջանին արտահանձնեց թալիշների շարժման առաջնորդ Ֆահրադդին Աբասովին, որն առավել հայտնի է որպես Ֆահրադդին Աբոսզոդա: Թալիշ հայտնի քաղաքական, ազգային գործիչը իշխանությունների ճնշումների հետեւանքով հեռացել էր երկրից 2005-ին: Նա ձերբակալվել էր Ռուսաստանում Ադրբեջանի պահանջով 2018թ. օգոստոսին: Աբոսզոդան բազմիցս դիմել էր ՌԴ իշխանություններին՝ քաղաքական ապաստան, ապա նաեւ քաղաքացիություն խնդրելով: Աբասովն արտահանձնվել է ՌԴ-ից, քանի որ լրացել էր նրա գրանցման ժամկետը ՌԴ տարածքում: Նա ձերբակալվել էր փետրվարի 28-ին Բաքվի օդանավակայանում եւ փոխանցվել քննությանը։
Իսկ ահա 2021-ին ՌԴ-ն Գերմանիային արտահանձնեց Ադրբեջանի քաղաքացի Էլշադ Գուլամմիրզաեւին, որը կասկածվում էր զվարճանքի հաստատության մուտքի մոտ նռնակ պայթեցնելու համար։ Կասկածյալը միջազգային հետախուզման մեջ էր գերմանական Սաարբրյուկեն քաղաքի ոստիկանության կոմիսարիատի հարցումով: Գերմանիայի իշխանությունները Ազիզովին մեղադրում են սպանության փորձի համար. 2016-ին նա նռնակ էր պայթեցրել ժամանցի հաստատության մուտքի մոտ, որտեղ այդ ժամանակ մարդիկ էին եղել:
Հատկանշական է, որ դաշնակից երկիրը յուրօրինակ թաքստոց ու ապաստան է տարբեր հանցանքների համար մեղադրվող եւ մասնավորապես ՀՀ-ի կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացիների համար եւս։
Մասնավորապես ՌԴ-ում են պատսպարվել պաշտպանության նախկին նախարար, «Մարտի 1»-ի գործով մեղադրված Միքայել Հարությունյանը, նախկին գլխավոր դատախազ, «Մարտի 1»-ի գործով միանգամից 5 հոդվածով որպես մեղադրյալ ներգրավված Գեւորգ Կոստանյանը, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների համար մեղադրվող Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, նախկին դեսպան Միքայել Մինասյանը եւ այլք։
Նկատենք, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանը 2020-ի մարտին ազատ էր արձակվել, քանի որ, ըստ ռուսական օրենսդրության, նրան մեղսագրվող արարքի վաղեմության ժամկետն անցել էր։ Հետախուզվող Միհրան Պողոսյանին ՀՀ իրավապահներին հանձնելու միջնորդությունը նույնպես մերժվել է՝ ՌԴ-ում վերջինիս կողմից փախստականի կարգավիճակ ձեռք բերելու դիմում ներկայացնելու հիմքով: ՌԴ-ն հրաժարվել է արտահանձնել նաեւ Միքայել Հարությունյանին՝ վերջինիս ՌԴ քաղաքացի հանդիսանալու պատճառաբանությամբ: Գեւորգ Կոստանյանի հետախուզումը ՌԴ տարածքում նույնպես չեղարկվել է: Նա, ի դեպ, 2019-ին պայմանագիր էր կնքել, ուշադրություն, ՌԴ գլխավոր դատախազության համալսարանի հետ եւ, ըստ պայմանագրի, պետք է վերապատրաստման դասընթացներ մատուցեր ուսանողներին եւ դատախազներին։ «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում խոստացել էր պայմանագրային պարտավորությունները կատարելուց հետո վերադառնալ ՀՀ, սակայն… դեռ գալիս է:
Հեղինե Մանուկյան
Բաց մի թողեք
Կառավարող թիմի «ճաքերից» ոգևորված ընդդիմադիր ճամբարում ի՞նչ իրավիճակ է՝ ճաքա՞ծ, թե՞ ճաքճքած, փլվա՞ծ…
Ազգությամբ թուրք առաջին պաշտոնյան ԱՄՆ կառավարության կազմում. ով է Մեհմեթ Օզը. Լուսանկար
ԱՄՆ-ն և Եվրամիությունը կզիջե՞ն դիրքերը, թե՞ Մեծ Բրիտանիայի միջոցով կհավասարակշռեն ազդեցության ոլորտները