Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
ԱՄՆ փոխնախագահին դիմավորել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը:

Էդիտա Գզոյանը Ջեյ Դի Վենսին և նրա տիկնոջը ուղեկցել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով դրա կառուցման պատմությունը:
Ջեյ Դի Վենսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Էդիտա Գզոյանը պատմել է նաև Հուշապատի մասին, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հենրի Մորգենթաուի և Կլարա Բարտոնի հայանպաստ գործունեության մասին պատմելով՝ նա շեշտել է, որ նրանց կատարած աշխատանքի շնորհիվ ամերիկյան հասարակությունը քաջածանոթ էր Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող հայերի կոտորածներին, և որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նաև հարգանքի տուրք էր այդ մարդկանց հիշատակին:

Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Այցի ավարտին ԱՄՆ փոխնախագահը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում՝ նշելով՝ «Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի»:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը Ջեյ Դի Վենսին է փոխանցել Հայոց ցեղասպանության և Արցախի հիմնախնդրի մասին գրքեր:


Բաց մի թողեք
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր. Ալեն Սիմոնյանի ելույթը Թուրքիայում
Մեծ ավտոերթով նշում ենք Հյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածի բացումը. վարչապետը հայտնել է՝ ինչ է սպասվում