Մենք հարց ենք տվել ՀԱՊԿ-ին և մինչև այսօր այդ հարցի պատասխանը չենք ստացել:
Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ հարցի բացակայությունը, մեր կարծիքով, սպառնալիքներ է ստեղծում ՀՀ ազգային անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը։ Իսկ այդ հարցը շատ պարզ է՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀՀ-ում»,- նշեց նա՝ նկատելով՝ հարցը ծագել է 2021 թվականի մայիսի, նոյեմբերի, 2022 թ. սեպտեմբերի իրադարձություններից հետո։
Այնուհետև վարչապետը մանրամասնեց, որ այդ հարցը ծագել է այն համատեքստում, երբ ՀԱՊԿ-ն առաքելություն է գործուղել ՀՀ, և այդ գործողությունների, ուսումնասիրությունների արդյունքում պետք էր տալ իրադրության գնահատական․ «Ըստ էության՝ ՀԱՊԿ մեր գործընկերները հրաժարվել են տալ իրադրությանը գնահատական, ինչն առաջացրել է այս իրավիճակը»։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում գործունեությունը «սառեցնելու» վերաբերյալ արված հայտարարությանը, Կառավարության ղեկավարը նշեց․ «Արդեն մեկ տարի մենք ՀԱՊԿ-ում չունենք մշտական ներկայացուցիչ։ ՀԱՊԿ միջոցառումներին բարձր մակարդակով տևական ժամանակ չենք մասնակցում։ ՀԱՊԿ-ում գործում է կոնսենսուսի սկզբունքը՝ որոշումների կայացման համար, բայց մենք դրան չենք մասնակցում մի պարզ պատճառով, որովհետև չունենք այն հարցի պատասխանը, թե ինչու պետք է մասնակցենք»։
Նա նշեց նաև՝ Կառավարությունը հստակ գիտի ՀՀ սահմանները՝ «դե յուրե նշանակությամբ, միլիմետրի ճշտությամբ»։
«ԵՄ-ն ՀՀ սահմանները ճանաչել է հստակ, օրինակ՝ 2023 թվականի հոկտեմբերին Գրանադայի քառակողմ հայտարարությամբ, օրինակ՝ 2022 թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությամբ։ ՌԴ-ն նույնպես եռակողմ հայտարարությամբ ընդունել է ՀՀ սահմանները 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարության տեքստում, որի տակ կա դրված նաև ՌԴ նախագահի ստորագրությունը։ Դրանից հետո Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովում ասել ենք՝ այն, ինչի տակ ստորագրել ենք, եկեք արտահայտենք որպես ՀԱՊԿ-ի պատասխանատվության արեալ։ Դա տեղի չի ունեցել։ Ես խոսում եմ 2021-22 թվականների մասին, բայց 2023 թվականն էլ անցավ, և մենք պետք է դիրքավորվենք։ ՀԱՊԿ-ը բողոքելու տեղ չէ, որ գնանք, բողոքենք։ Մենք այդ կազմակերպության լիարժեք անդամ ենք, մենք այդտեղ դիտորդ կամ հյուր չենք, որ բողոքենք»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրեց՝ ավելի վաղ ասել էր, որ ՀԱՊԿ-ը փոխանակ կատարի Հայաստանի անվտանգության ոլորտում իր պարտավորությունները, հակառակը, անվտանգային խնդիրներ է առաջացնում․ «ՀԱՊԿ-ը, ի հեճուկս սեփական պարտավորությունների, որ պետք է ապահովեր ՀՀ անվտանգության նկատմամբ համարժեք դիրքորոշում և պատասխան, անում է ուղիղ հակառակը։ Հիմա մենք դե ֆակտո սառեցրել ենք, և եթե այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնենք, բա ուրիշ ի՞նչ պետք է անենք»։
Ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունեն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե Ռուսաստանի սահմանապահ զորքերը Ներքին Հանդում ի՞նչ մանդատով են կանգնած։
«Եվ եթե սա նշանակում է, որ ռուս սահմանապահները այնտեղ որևէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել, ենթադրվում է, որ սրանից պետք է արվեն նաև համապատասխան հետևություններ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նշենք՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել էր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որ ռուս զինծառայողները խոչընդոտել են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ և որ չեն կանգնեցրել այդ շրջանում փետրվարին ադրբեջանական կողմի իրականացրած ագրեսիան:
«Առաջին անգամը չէ, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը խեղաթյուրում է փաստերը՝ ըստ երևույթին փորձելով ինչ-որ մեկին հաճոյանալ Արևմուտքում՝ փնտրելով պատճառ քննադատելու ՌԴ-ին։ Ներքին Հանդի տարածքում ռուս զինվորականներ չկան, հայկական կողմի հետ պայմանավորվածության համաձայն՝ 2021 թվականին այնտեղ տեղակայված է եղել ԱԴԾ սահմանապահ կետ։
Ավելի քան 30 տարի ՀՀ սահմանները պաշտպանող մեր սահմանապահներին նսեմացնելու փորձերը համարում ենք հակաարդյունավետ։ Ի հակադրություն, ԵՄ կեղծ դիտորդները չեն անում այն, ինչի համար այնտեղ կանչված էին։ Նրանք այնտեղ հետախուզական գործունեությամբ են զբաղվում Ռուսաստանի և Իրանի դեմ»,- նշել էր նա։
Ավել վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն էր կարծիք հայտնել, որ ՌԴ սահմանապահները պետք է դուրս շպրտվեն Ներքին Հանդի խաչմերուկից: Ըստ նրա՝ ամբողջ հայ-ադրբեջանական սահմանին կա միայն մի տեղ, որտեղ ԵՄ դիտորդները չեն կարողանում մոտենալ, և դա Ներքին Հանդն է։
«Մայրուղուց դեպի Ներքին Հանդ գնացող ճանապարհի խաչմերուկում ռուսաստանյան սահմանապահները արգելափակոց են տեղադրել և ԵՄ դիտորդներին չեն թողում մոտենալ գյուղին։ Արդյունքում ադրբեջանցիները Ներքին Հանդում ինչ ուզում, անում են, հետո հայտարարում, թե բա «ԵՄ դիտորդների պատասխանատվության գոտում է», թեև շատ լավ գիտեն, որ իրենց դաշնակից ռուսները ԵՄ դիտորդներին այդտեղ մոտ չեն թողում։ Ես վստահ եմ, որ մենք 4 զոհ չէինք տա, եթե ռուսները Ներքին Հանդը չմեկուսացնեին ԵՄ դիտորդներից»,- գրել էր նա:
Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանի COVID-ի թեստը կրկին դրական է
Փաշինյանը վարակվել է քովիդով
Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին․ Փաշինյանը՝ նախկին նախագահներին