21/11/2024

Բեռլինում ավարտվել է Միրզոյան – Բայրամով հանդիպումը. ինչ փոխադարձ համաձայնություն է արտահայտվել

2024թ. փետրվարի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում, կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։

Արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ։

Այցի ընթացքում նախարարները հանդիպում են ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափով։

Նախարար Միրզոյանն իր շնորհակալությունն է հայտնել Գերմանիային Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ համաձայն նախապես հայտարարվածի՝ Բեռլինում մեկնարկել էր Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ օրը:

Հիշեցնենք՝ երեկ Բեռլինում տեղի էր ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի և Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի եռակողմ հանդիպումը:

Ավելի վաղ Բեռլինում ընթացել էր Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև հանդիպումը:

Դրանից հետո կայացել էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի առանձին հանդիպումը: