Եվրախորհրդարանն ընդունել է 2 բանաձև, որոնցում Եվրամիությանը կոչ է արել անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը:
Բացի վերը նշվածը, բանաձևերով ԵՄ-ից պահանջվում է նաև կասեցնել նավթի և գազի ներմուծումը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ցանկացած ռազմական ոտնձգության դեպքում:
«Արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման վերաբերյալ» տարեկան զեկույցի վերաբերյալ բանաձևում կոչ է արվում Խորհրդին՝ պատրաստ լինել նպատակային և անհատական պատժամիջոցներ կիրառելու ագրեսիայի հեղինակների դեմ, ներառյալ, բայց չսահմանափակվելով նախագահ Ալիևի քաղաքական և ռազմական շրջապատով
Փաստաթղթում Եվրախորհրդարանը կրկին անդրադարձել է Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված հարձակմանը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ և դատապարտել Բաքվի գործողությունները:
Խորհրդարանականները նշել են, որ իրավիճակի վերաբերյալ բազմաթիվ նախազգուշացումները չեն հանգեցրել Ադրբեջանի նկատմամբ ԵՄ քաղաքականության որևէ փոփոխության:
«Պնդում ենք, որ Ադրբեջանի հետ ԵՄ-ի հարաբերությունների ցանկացած խորացում պետք է պայմանավորվի մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների, ներառյալ՝ էթնիկ փոքրամասնությունների պաշտպանության ոլորտում երկրի զգալի առաջընթացով։ Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին՝ անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել Ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Վերահաստատում ենք աջակցությունը Հայաստանի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը և լիակատար հարգանքը երկրի ինքնիշխանության, ժողովրդավարության և տարածքային ամբողջականության նկատմամբ: Բարձր ենք գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը չի ներքաշվի Ադրբեջանի հետ նոր պատերազմի մեջ, ինչպես նաև նրա վերջին կոչերը՝ վերսկսելու Ադրբեջանի հետ ամենաբարձր մակարդակով խաղաղ բանակցությունները»,- ասված է փաստաթղթում:
Բանաձևում Եվրախորհրդարանը դատապարտել է Ռուսաստանի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին, որը, նրանց կարծիքով, ուղղված է անկարգությունների տարածմանը: ԵՄ-ին կոչ է արվում ուժեղացնել ներգրավվածությունը Հարավային Կովկասում: Եվրախորհրդարանը նաև ողջունել է Հայաստանի որոշումը՝ վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը:
Բաց մի թողեք
Ազգությամբ թուրք առաջին պաշտոնյան ԱՄՆ կառավարության կազմում. ով է Մեհմեթ Օզը. Լուսանկար
Բայդենի բռունցքի վերջին ուժը Ռուսաստանի վրա՝ Թրամփին իշխանությունը փոխանցելուց առաջ
Թբիլիսիում ի՞նչ է ծրագրվում, հեղաշրջում կլինի՞