Պետք է մտածենք Եվրամիության թեկնածուի հայտ ներկայացնելու համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ըստ նրա՝ ՀՀ-ն պատրաստ է Եվրամիության թեկնածուի հայտ ներկայացնել, սակայն սա դեռ չի նշանակում, որ արտաքին քաղաքական վեկտոր է փոխվում․ «Չեմ ուզում շտապել, որ չստացվի, թե միակողմանի քայլ է արվում։ Մեր գործողությունները ցույց են տալիս, որ մենք մեր ցուցանիշներով ավելի բարձր ցուցանիշներ ունենք ժողովրդավարության հետ կապված, քան մեր շատ գործընկերները, որոնք արդեն Եվրամիության անդամ են»։ Նրա խոսքով՝ դա ասում են նաև Եվրամիության գործընկերները․ «Այդ ուղղությամբ մենք պետք է մտածենք, բայց պետության պարագայում կտրուկ շարժումներ անելը լավ չի»։
«ՀՀ-ն փորձում է իր անկախությունը պահպանել, ու այդ ամբողջ պլանի մեջ ներս մտավ հայ ժողովուրդը, որը 2021 թվականին ընտրեց այն իշխանությանը, որը պետք է հեռանար, որպեսզի գար մի նոր իշխանություն, որ մենք անդամագրվեինք Միութենական պետությանը»։
Նրա խոսքով՝ այս պահին մտահոգություն կա, որ պայմանավորված էսկալացիա լինի․ «Այո՛, իհարկե, մտահոգված ենք, մեր ամենամեծ մտահոգությունը, թե որտեղից է հարվածը լինելու։ Ակնհայտ է, որ այդ հարվածը արվում է Ադրբեջանի ձեռքերով և ուղղված է մեր ինքնիշխանության դեմ»։
Ըստ նրա՝ 2021 թվականին հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական հարց է լուծել։
«Դուք չեք պատկերացնի, թե 2021 թվականին ինչ արեց հայ ժողովուրդը՝ աշխարհաքաղաքական հարց է լուծել իր ընտրությամբ՝ միգուցե չգիտակցելով կամ ինչ-որ տեղ գիտակցելով, որ աշխարհաքաղաքական մեծ պլան է տապալել»,- ասաց նա։
Հարցին՝ ո՞րն էր նպատակը, Սիմոնյանն արձագանքեց՝ Հայաստանը դարձնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամ»: «Սա է մեծ պլանը»,- հայտարարեց նա՝ շեշտելով, որ Հայաստանին նման առաջարկ պաշտոնապես չի եղել։
«Չէ, այդպես չեն անում, այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ նոր եկած իշխանությունն ասի՝ դե նախկինները, այսինքն՝ մենք ենք մեղավոր, ու այլևս անվտանգային որևէ լուծում չկա, քան դառնալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մաս։ Տարբեր տեղերից կսկսեն հերքել, բայց դա ակնհայտ է, երբ գործողությունները համադրում ես, դա ինձ համար ակնհայտ է»,- նկատեց նա։
«Մենք չենք քննարկում վեկտոր փոխելու հարց, մենք քննարկում ենք, թե ինչ անենք, որ նվազեցնենք այն վտանգները, որ ՀՀ-ին կարող են սպառնալ»:
«ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չկա, բայց նաև որևիցե մեկը չի բացառում, հանրությունը մշտապես այդ պահանջն է ներկայացնում, նույնիսկ լրագրողներ են հարցնում, թե ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ-ում: Անկեղծ ասած՝ չգիտեմ արդեն ի՞նչ խնդիր պետք է ստեղծի, հարձակվի, մեզ վրա, սանկցիաներ կիրառի, ի՞նչ պետք է անի: Մենք պաշտպանության կարիք ունեինք (թե՛ ԼՂ-ի մասին է խոսքը, թե՛ ՀՀ ինքնիշխան տարածքի), բայց մեկ տասնյակից ավել դրվագներով ակնհայտ դարձավ, որ մեր դաշնակիցը մեզ չի օգնում, չեն էլ ասում, որ չեն օգնելու, ասում են՝ դե լավ, տեսնենք, մտածենք, հասկանանք, բայց մեր երկիրը և մեր մարդիկ անսահման և անծայրածիր չեն, և մենք այդքան ռեսուրս չունենք, որ մեր երեխաների՝ տղաների և երկրի սահմանների հաշվին սպասենք, թե մեզ մեր դաշնակիցը երբ է օգնելու: Հետո շուռ են գալիս, ասում են՝ դուք սա չարեցիք, դրա համար չօգնեցինք, իսկ ուր են դաշնակցական պարտավորությունները, դրանք որևիցե մեկնաբանությամբ իրենց վրայից գցելով չէ, գցում են իրենց վրայից այդ պարտականությունները»,- ասաց Սիմոնյանը:
Հարցին, թե, ընդդիմության պնդմամբ, ՀԱՊԿ-ի և ռուսական ռազմաբազային այլընտրանքները ստեղծված չեն, Սիմոնյանն արձագանքեց. «Դուք դա ուրիշ տեղ եք տանում, և մեր ընդդիմությունն էլ է ուրիշ տեղ տանում, մեզ համար ակնհայտ է, որ այս անվտանգային համակարգը չի գործում, այսինքն՝ էլ ի՞նչ պետք է լինի, որ մենք հասկանանք, որ այս անվտանգային համակարգը չի գործում՝ տարբեր արդարացումներով. «մենք զբաղված էինք Ուկրաինայում, զանգեցիք՝ չհասցրեցինք պատասխանել»: Արցախը տեսանք՝ ինչ եղավ, խաղաղապահների վիճակ տեսանք՝ ինչ եղավ, Խծաբերդը տեսանք՝ ինչ եղավ, Հին Թաղերը տեսանք՝ ինչ եղավ, Սև լիճը տեսանք՝ ինչ եղավ, Ջերմուկը տեսանք՝ ինչ եղավ, գերիները տեսանք՝ ինչ եղավ, այսինքն՝ մեր ռեսուրսը մարդկային, քաղաքական, պետական, անսահման չԷ, էլ որ մի օրինակը բերեմ»:
Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանը փորձում է զենք գնել բոլոր հնարավոր տեղերից՝ պաշտպանելու համար Հայաստանի Հանրապետությունը:
«Հիմա, եթե դա ինչ-որ անվտանգային համակարգի խանգարում է, դա իրենց խնդիրն է։ Իրենք իրենց պարտավորությունները չեն կատարում (-խմբ. ՀԱՊԿ-ը)։ Որևիցե քննարկում ՆԱՏՕ-ի կամ որևիցե բանի մասին չի եղել, մեր ներսում էլ նման քննարկում չի եղել։ Պատրաստ ենք սերտացնել Եվրամիության հետ հարաբերությունները և շարժվենք այն ուղղությամբ, որը մեզ առավել անվտանգություն կապահովի, և այսօր ժողովրդավարությունը, ժողովրդավար երկիր լինելը մեր անվտանգային ամենամեծ համակարգն է»,- ասաց նա։
Սիմոնյանի խոսքով՝ աշխարհը բաժանվել է երկու մասի․ մի մասն ասում է՝ աշխարհակարգ գոյություն ունի, մի մասն ասում է՝ ուժեղի իրավունքն է գործում. Մենք կարծում ենք, որ մեր անվտանգությունը ժողովրդավար երկիր լինելն է, ժողովրդավար համակարգի հետ առնվազն սերտ աշխատելը, այլ բան մենք չենք կարող մեզ թույլ տալ։ Մենք ավելի ուժեղ չենք ֆիզիկապես, չենք կարող դիմակայել, առավել ևս, երբ դաշնակիցը, որը մեզ պետք է պաշտպաներ, լավագույն դեպքում մեզ չի պաշտպանում, եթե ոչ համատեղ ինչ-որ գործընթացի մեջ է, իսկ ես վստահ եմ, որ համատեղ գործընթաց կա ու շատ վաղուց. Ուկրաինայի պատերազմը սկսվել է ԼՂ պատերազմով։ Այստեղ պետք էր այլընտրանքային ճանապարհ ստանալ հնարավոր պատժամիջոցներից խուսափելու համար, ինչը հիմա արվում է. ռուսական գազը Ադրբեջանը վաճառում է Եվրոպային իր խողովակներով»:
Հարցին՝ այսինքն՝ պայմանավորվածություն կա՞ր այդ ամենում, Սիմոնյանը ընդգծեց․ «Չեմ բացառում, որ գոյություն է ունեցել, երբ փաստերը համադրում ես ու հասկանում, որ ամբողջ փոխկապակցված էր. ռուս-թուրքական բախումը Սիրիայում տեղափոխվեց մեր տարածաշրջան, փորձ կատարվեց այստեղ ապահովել ստաբիլության օղակ, գցել երկու երկրների վրա՝ Հայաստան-Ադրբեջան, բայց պլանները խափանվեցին։ Չեմ բացառում, որ պայմանավորվածությունը Թուրքիայի հետ էր։ Չպետք է որևէ մեկը զարմանա, որ ՀՀ-ն փորձում է իր անկախությունը պահպանել, ու այդ ամբողջ պլանի մեջ ներս մտավ հայ ժողովուրդը, որը 2021 թվականին ընտրեց այն իշխանությանը, որը պետք է հեռանար, որպեսզի գար մի նոր իշխանություն, որ մենք անդամագրվեինք Միութենական պետությանը»։
Բաց մի թողեք
Փաշինյանը Խուդաթյանի ՏԿԵ նախարար նոր նշանակումից հետո քիչ էր մնում տեղում ազատեր աշխատանքից
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պաշտոնյաների ազատումներին
Մեկ ժամ Երևանում զբոսանքի արդյունքում 31 իրավախախտում․ Հեքիմյան