22/11/2024

Երեխաները նռնակի նմանվող առարկայով խաղալիս են եղել. ողբերգությունը կանխվել է

Փետրվարի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկներից մեկը տուն գնալիս Տիչինայի փողոցում աղբամանների մոտ նկատել է երեխաների:

Երեխաների վարքագիծը կասկած է առաջացել պարեկի մոտ, և նա, մոտենալով նրանց, նկատել է, որ երեխաները նռնակի նմանվող առարկայի հետ են խաղում:

Պարեկը երեխաներին, որոնք եղել են 5 հոգի, տարհանել է նշված վայրից, ապա դեպքի մասին տեղեկացրել ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի հրամանատարին:

Դեպքի վայր են ժամանել իրավապահներ, տարածքը սահմանազատել: Ժամանել են նաև քննիչը և քրեագետը:

Քրեագետը վնասազերծել է նռնակը և այն տեղափոխել անվտանգ վայր:

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու են՝ ինչ հանգամանքներում է նռնակը հայտնվել աղբամանների մոտ: