22/11/2024

ՀՀ վարչապետը հայտնեց՝ ինչ է տեղի ունեցել Խաչիկ գյուղում

Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղում երկու բնակիչ վարկ են վերցրել ու գործնականում գյուղի ամբողջ բնակչությանը դարձրել վարկի երաշխավոր: Կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ վարկը պատշաճ չի մուծվել, քրեական գործ է հարուցվել։

«Վարկերը չեն փակել, ու ամբողջ գյուղը հայտնվել է «սև ցուցակ»-ում, չեն կարողանում ո՛չ վարկ վերցնել, ո՛չ մի բան»,- նշեց Փաշինյանը, ապա հավելեց, որ Խաչիկ գյուղն ունի ռազմավարական նշանակություն, բայց զրկված է սահմանամերձ բնակավայրերում բնակելի տներ կառուցելու ծրագրից։

Վարչապետը հայտնեց, որ Կառավարության այսօրվա նիստում կայացվել է եզակի որոշում:

«Որոշել ենք պետական բյուջեից 65,7 միլիոն դրամ հատկացնել, ու Խաչիկ գյուղի այն բնակիչները, ովքեր երաշխավոր են դարձել, նրանց վարկային պատմությունը կզրոյացվի, բացի այդ երկու քաղաքացիներից»,- ասա Փաշինյանն ու գյուղացիներին կոչ արեց նման պատմությունների մեջ այլևս չընկնել. միշտ չէ, որ կարող են նման որոշումների գնալ։

Կենտրոնական բանկի փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանը թեմայի շրջանակում մանրամասնեց, որ 77 հոգու մասին է խոսքը։

«Վարկային երկու կազմակերպությունները կներեն տոկոսների, դատական ծախսերի ու տուգանքների մնացած մասերը, ընդհանուր 50 միլիոն դրամ է կազմում»,- ասաց նա՝ նշելով՝ ԿԲ-ն հատուկ նշում կանի, որ այդ մարդիկ եղել են զեղծարարության զոհ։