22/11/2024

Ոստիկանական մեծաքանակ ուժերի, դիպուկահարների ու բազմահազար ժողովրդի ներկայությամբ արագ հողին հանձնեցին Նավալնիին

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին հուղարկավորել են Մոսկվայի Բորիսովյան գերեզմանատանը, հայտնել է Նավալնիի թիմակից Իվան Ժդանովը։

Քաղաքական գործչի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել այսօր Մարյինո թաղամասում գտնվող Աստվածածնի սրբապատկերի եկեղեցում։

Ընդդիմության առաջնորդի այրին՝ Յուլիա Նավալնայան խոսք է հրապարակել, որում շնորհակալություն է հայտնել Նավալնիին «26 տարվա բացարձակ երջանկության համար»:

Նավալնիի հուղարկավորության արարողությունը տևել է 20 րոպեից էլ քիչ։
Եկեղեցի մտնել թույլատրվել է միայն հարազատներին ու ընկերներին։ Հուղարկավորության արարողությունից հետո քաղաքական գործչի դիակով դագաղը դուրս է բերվել եկեղեցուց և կտեղափոխվի գերեզմանատուն։

Եկեղեցու տարածքը շրջապատված է եղել մետաղյա պարիսպներով։ Նավալնիին հրաժեշտ տալ ցանկացողների շարանը ձգվել է ավելի քան մեկ կիլոմետր

Իշխանությունները Նավալնիի դին մորը՝ Լյուդմիլա Նավալնայային են հանձնել միայն փետրվարի 24-ին։ Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալ-Նենեցյան ինքնավար մարզի Խարպ գյուղի մոտ գտնվող հատուկ ռեժիմի «Բևեռային գայլ» բանտում: Իրավապահները պնդում են, թե Նավալնին մահացել է բնական մահով՝ թրոմբի անջատման հետևանքով: Մահվանից օրեր առաջ Նավալնիին 27-րդ անգամ ուղարկել էին պատժախուց: Նավալնիի աջակիցները համոզված են, որ ընդդիմության լիդերին կա՛մ սպանել են, կա՛մ միտումնավոր հասցրել են մահվան: