22/12/2024

Երբ է նախատեսվում հանրաքվեն. Փաշինյանը հանդիպել է խորհրդի անդամներին

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի եւ խորհրդի անդամները նախօրեին հանդիպել են վարչապետի հետ՝ քննարկելու նոր սահմանադրությունը գրելու հարցը։

«Հրապարակ» թերթը գրում է. Գրել էինք, որ խորհրդում եւ հանձնաժողովում կան մարդիկ, որոնք չեն ուզում Ադրբեջանի կողմից թելադրված սահմանադրություն գրելու խարանը կրել, նրանք վերջին նիստին բուռն քննարկել են այդ հարցը: Իհարկե, այլ երանգ են տվել, թե իրենք չեն կարող նոր սահմանադրություն գրել` չունեն նման մանդատ, իրենք փոփոխություններ մշակելու համար են ձեւավորվել:

Փաշինյանը հանդիպման ժամանակ ասել է, որ որեւէ խնդիր չի տեսնում այդտեղ, որ նոր սահմանադրությունը պետք է գրի գործող խորհուրդը, ինչը կանխատեսելի էր, քանի որ նոր մրցույթ, նոր կազմ ձեւավորելը փորձություն կարող է դառնալ, եւ այդ գործը ստանձնելու պատրաստ մարդիկ էլ շատ չեն։ Ուշագրավ է, սակայն, որ Փաշինյանը որեւէ հստակ բան չի ասել, թե երբ է նախատեսվում սահմանադրական հանրաքվեն, ինչ ժամկետում պետք է գրվի մայր օրենքը եւ այլն: Խիստ անորոշ եւ ոչ կառուցողական քննարկում է եղել, որի մասին անգամ պաշտոնական հաղորդագրություն չեղավ։

Նշենք նաեւ, որ խորհրդի կազմում են անկախ մարմինների ներկայացուցիչներ` ՄԻՊ-ը, ԲԴԽ անդամ, որոնք իրավունք չունեն քաղաքական խնդիրների լուծմանը մասնակցել: Մնալո՞ւ են արդյոք նրանք խորհրդում, չհաջողվեց պարզել` ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանն ասաց․ Հայաստանում չէ, չի մասնակցել հանդիպմանը, անտեղյակ է։