«Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները հաջորդ շաբաթ կգնան խորհրդարան:
Մարտի 19-ին մեկնարկելիք ԱԺ նիստերի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, լինելու է նաեւ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:
Նախագիծն անձամբ զեկուցելու է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության զեկույցը բաղկացած է լինելու մի քանի բաժիններից՝ Անվտանգություն, ԼՂ-ի բռնի տեղահանվածներին աջակցության վերաբերյալ հարցեր, Արտաքին քաղաքականություն՝ ներառյալ Հայաստան- Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-ՌԴ, Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Իրան, Հայաստան-ԵՄ եւ այլ երկրների հետ հարաբերությունների մասին զեկույց, Սփյուռքի հետ կապեր, Պաշտպանություն, Կոռուպցիայի դեմ պայքար եւ այլն:
Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը, ըստ էության, իրենից ներկայացնում է անցնող 2023թ.-ին տարբեր ոլորտներում արված աշխատանքի, ինչպես նաեւ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների արդյունքների ամփոփում:
Ինչպես զեկույցի մակագրությունից երեւում է, այն կազմել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Ուսումնասիրելով զեկույցը՝ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի դրվագներ է առանձնացրել:
Օրինակ՝ Արայիկ Հարությունյանի կազմած զեկույցից տպավորություն է, որ Արցախի հայաթափման հարցում մեղավոր են բացառապես ՌԴ-ն եւ ՀԱՊԿ-ը, իսկ Հայաստանը՝ որպես ԼՂ անվտանգային երաշխավոր, որեւէ պարտավորություն չուներ, ագրեսոր Ադրբեջանը՝ որեւէ մեղավորություն չունի ԼՂ հայաթափման հարցում։
«2020, 2021, 2022 թթ. պատերազմական իրադարձություններից հետո, երբ ՀԱՊԿ-ն անարդյունավետ գտնվեց, Լեռնային Ղարաբաղում (այսուհետ՝ ԼՂ) տեղակայված Ռուսաստանի Դաշնության (այսուհետ՝ ՌԴ) խաղաղապահ զորախումբն ի վիճակի չեղավ կանխելու Լաչինի միջանցքի՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մեկնարկած ապօրինի շրջափակումը, ապա եւ 2023 թվականի սեպտեմբերին՝ հայերի բռնի տեղահանումը
ԼՂ-ից, Կառավարությունն անվտանգային հարաբերությունները դիվերսիֆիկացնելու որոշում է կայացրել», – նշված է կառավարության զեկույցում:
Կառավարությունն այս զեկույցում նաեւ «խոստովանել է», որ նախորդ տարի Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումներն անարդյունավետ են եղել, կամ, իրենց ձեւակերպմամբ, «հարաբերություններում էական առաջընթաց ապահովել չի հաջողվել»:
Կառավարության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով մեկ շաբաթում բռնի տեղահանվել է ԼՂ-ում բնակվող ավելի քան 100 հազար հայ»:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները