17/04/2024

Հայկ Մամիջանյանը ակամա խոստովանել է` ինչու տեղի չի ունենում կոնսոլիդացիան

Թեև հայրենի ընդդիմությունը քանիցս է հայտնվել նույն փոցխի վրա հերթական անգամ կանգնող ու ուսերից վերև գտնվող օրգանին դաժան հարված ստացողի աննախանձելի կարգավիճակում, սակայն մազոխիստական իր այդ վարքագիծը վերանայելու, ուղղելու մտադրություն, կարծես, չունի։

Խոսքը իշխանափոխության նպատակով կազմակերպված ցույց-միտինգների և դրանց անփառունակ վախճանի մասին է։ Բայց անուղղելիները, կարծես, վերսկսել են իշխանափոխության թեման նորից ու վերստին ծամծմել՝ մասնավորապես «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի բերանով։

Պարոն Մամիջանյանը իր կուսընկեր Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ ավանդաբար տված ճեպազրույցում մոտավորապես նկարագրել է այն պլանը, որը, ենթադրաբար, օրերի տաքացմանը զուգահեռ կդրվի գործողության մեջ՝ «համընդհանուր կոնսոլիդացիա՝ պետությունը փրկելու նպատակով»։ «Բոլոր ցուցիչները ցույց են տալիս, որ վերջը մոտ է, պարզապես մենք պետք է պատասխանենք՝ Փաշինյանի՞ վերջն է մոտ, թե՞ Հայաստանի Հանրապետության:

Ընդդիմությունը որևէ ճանապարհային քարտեզ ճշգրտելու խնդիր չունի: Ինձ համար պատասխանն ակնհայտ է՝ փողոցային շարժում, փողոցի ճնշման ներքո իմպիչմենթի գործընթացի իրականացում»,- ազդարարել է Մամիջանյանը։ Նոր ասելիք ասածում գտնելը, թերևս, չափազանց դժվար է, երիցս ծամծմված այս ձևակերպումները հայ ժողովուրդը լսել է քանիցս և կուշտ է՝ այլևս կուլ տալ չկարողանալու աստիճան։

Բայց մի բան, այսուհանդերձ, նորություն էր ՀՀԿ-ական պատգամավորի խոսքում՝ ընդդիմության մասին հանրային ընկալման ու վերաբերմունքի անկեղծ ախտորոշումը։ «Այստեղ արդեն խնդիրն այն չէ՝ սիրո՞ւմ ես Հայկին, Իշխանին, Գեղամին, Շարմազանովին, թե՞ չես սիրում։ Այստեղ մի պարզ խնդիր է՝ հայրենիք, պետություն ունենալ ուզո՞ւմ ես, թե՞ չես ուզում։ Եթե ուզում ես, ապա դրա միակ տարբերակը Փաշինյանին հեռացնելն է»։

Փաստորեն, պարոն Մամիջանյանը անճարակության այն ստադիայում է, որ արդեն բացահայտ խոստովանում է՝ իրենց պատկերացրած մասշտաբների կոնսոլիդացիան մինչև այժմ տեղի չի ունեցել, քանի որ իրեն, «Գեղամին, Իշխանին ու Շարմազանովին» չսիրողները ավելի շատ են, քան սիրողները։ Եթե հակառակը լիներ՝ սիրողները գերակշռեին չսիրողներին, ապա իշխանափոխությունը վաղուց տեղի էր ունեցել, Մամիջանյանն էլ նշանակվել էր իր հագով որևէ պաշտոնի։

ՀՀԿ-ական գործչի այս ձևակերպումը մեզ հիշեցրեց Արմեն Աշոտյանի ԿԳ նախարար եղած տարիներին հեռուստատեսությամբ ցուցադրված հայտնի սիթքոմի՝ «Կարգին սերիալի» երաժշտության կրկներգը՝ «կարգին սերիալ, սիրում են բոլորը, զզվում է մեկ հոգի»։

Մամիջանյանի, Իշխանի, Գեղամի, Շարմազանովի և մյուսների դեմքով ներկայացող ընդդիմության վրա պրոյեկտելիս՝ հիշյալ կրկներգում կարիք կլիներ վերանայել զզվողների ու սիրողների թիվը՝ առաջինի դեպքում՝ «բոլորը», երկրորդի դեպքում՝ «մեկ հոգի»։ Պարոն Մամիջանյանի մոնոլոգում մի դրվագ էլ կա, որին հարկ ենք համարում անդրադառնալ՝ դա «վերջի» մասին դիտարկումն է՝ Փաշինյանի և կամ պետության։

Զավեշտ է, որ որևէ քաղաքական գործչի «վերջի», ավելի ստույգ՝ նրա «վերջը տալու» մասին խոսում են քաղաքականապես վերջացածները, եթե կուզեք՝ վերջացած քաղաքական սուբյեկտները, որոնք նույնիսկ որպես ընդդիմություն են վերջացել՝ սպառելով իրենց վստահության ռեսուրսը։ Նրանց՝ այդպիսին լինելու մասին վկայում են ոչ միայն նրանց կողմից կազմակերպվող հանրահավաքների սակավամարդությունը, համապետական ընտրություններում նրանց ստացած տոկոսները, այլև սոցիոլոգիական հարցումների արդյունքները։ IRI-ի (ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտ) տվյալները, որոնք հրապարակվել են օրերս, ասվածի թարմ վկայությունն են։ Ըստ այդմ՝ եթե առաջիկա խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի, ապա պարոն Մամիջանյանի կուսակցությանը՝ ՀՀԿ-ին, ձայն կտար հարցվածների միայն 2 տոկոսը։

«Հայաստան» դաշինքին, որոնց մեջ են Մամիջանյանի ասած Իշխանը, Գեղամը և այլք, հարցվածների 3 տոկոսը։ Այսինքն՝ հանրային՝ միասին վերցրած 5 տոկոսանոց աջակցություն ունեցող ուժերը, փաստորեն, հանդգնում են նորից խոսել կոնսոլիդացիայի մասին ու նորից հավակնում են իմպիչմենթի գործընթաց սկսել՝ Փաշինյանի վերջը տալ, որպեսզի կանխեն պետության վերջը։ Ի դեպ, իմպիչմենթի, ավելի ճիշտ՝ իմպիչմենթանման մի ակցիա 2022-ին փորձեցին կազմակերպել, սակայն նույնիսկ բավարար թվով ԱԺ պատգամավորների ստորագրություններ չկարողացան հավաքել՝ հարցը խորհրդարանում շրջանառության մեջ դնելու համար։ Անցած երկու տարիների ընթացքում, նկատենք, ԱԺ-ում 2021-ից առկա քաղաքական ստատուս քվոն չի փոխվել, հետևապես՝ ի՞նչ «ճանապարհային քարտեզով» է ՊՈՒ խմբակցության ղեկավարը փորձելու իմպիչմենթը գլուխ բերել։

Ի դեպ, «վերջ», «վերջին փամփուշտ» արտահայտությունը մեկ անգամ չէ, որ հոլովվել են ընդդիմության տարբեր գործիչների և մասնավորապես ՀՀԿ-ի կողմից, այդ թվում՝ Մամիջանյանի։ Օրերս էլ Սերժ Սարգսյանն իր գործով դատական նիստից առաջ ԶԼՄ-ների հետ ճեպազրույցում հայտարարեց. «Ինչ վերաբերում ա փամփուշտին, մերոնք երբեք էդպիսի բան չեն ասել, մենք փամփուշտ երկրի ներսում չենք օգտագործում։ Այո, մնացել ա վերջին փորձը, էդքան մի բան»։ «Փորձն» էլ, ըստ նրա, կլինի այն ժամանակ, «երբ որ կհասունանա»։

Դատելով Մամիջանյանի և նրա գործընկերների (Իշխան Սաղաթելյան և այլք) հայտարարություններից՝ այդ «փորձը» ոնց որ թե ուզում է հասունանալ, այլապես «վերջի» մասին խոսույթը շուտասելուկի պես չէին թութակի։ Չենք հոգնի կրկնել նաև այն մասին, որ վերջերս ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն ՌԴ-ում էին՝ Պուտինին սատարող «Եդինայա Ռոսիա»-ի կազմակերպած համաժողովին և այնտեղից, ենթադրաբար, թարմացված ինստրուկտաժով։

«Վերջ»-ի թեման պատահական չէ հենց այս շրջափուլում շրջանառելը, երբ տեղի է ունենում ՀՀ-ի՝ արտաքին քաղաքական ուղենիշի վերադիրքավորում, երբ ԵՄ-ն «ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի սերտացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ» բանաձև է ընդունում 504 կողմ, 4 դեմ և 32 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, և այս ամենի ֆոնին ՌԴ-ից գրեթե ամենօրյա պարբերականությամբ հնչում են զգուշացումներ ՀԱՊԿ-ից դուրս գալու վտանգների, ԵՄ դիտորդական առաքելության անթույլատրելիության, հայ և ռուս ժողովուրդների պատմականորեն կապված լինելու և այլնի մասին։

Վերջին ահազանգն էլ, ի դեպ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի շուրթերով էր՝ «Հայաստանի կողմից ներկայիս կուրսի շարունակությունը կարող է հասցնել անդառնալի վնաս Մոսկվայի և Երևանի միջև գոյություն ունեցող դաշնակցային հարաբերություններին»։ ԵՄ-ի հետ կապերի սերտացումը, ռուսական ընկալմամբ, իրոք Հայաստանի «վերջի» կանխազգացում է, իսկ այդ «վերջի» դեմն առնելու միակ ելքը՝ նույն այդ ընկալմամբ, ՀՀ ղեկավարի «վերջը տալն» է։

Նկատեցի՞ք, որ հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչների և ՌԴ-ի ընկալումները ՀՀ-ի «սկզբի» ու «վերջի» մասին չափազանց ներդաշնակ են ու մեկը մյուսից ազդված։