Անցած շաբաթ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հանդիպել էր խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ եւ քննարկել առկա խնդիրները։
«Հրապարակ» թերթը գրում է․ Չնայած պաշտոնական հաղորդագրությունը բավականին զուսպ է, եւ հպանցիկ անդրադարձ կա ջերմոցատերերի առջեւ ծառացած մարտահրավերներին, նշվում է, թե անդրադարձ է կատարվել «արտահանման դիվերսիֆիկացիային»:
Սակայն, մեր տեղեկություններով, բավականին թեժ քննարկում է ծավալվել, բայց այդպես էլ նախարարը չի կարողացել տնտեսվարողներին լուծում առաջարկել։ Հիշեցնենք․ Ռուսաստանը մայիսի 22-ից սահմանափակել է Հայաստանից մի շարք ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքի, ձկնատեսակների, «Ջերմուկի», կոնյակի եւ ծաղիկների ներկրումը Ռուսաստան։
Մեզ պատմեցին, որ Պապոյանը ջերմոցատերերին առաջարկել է օգնություն, ավելի ճիշտ՝ ասել է, թե ինչով կարող է պետությունն օգնել, որ նրանք շատ չտուժեն, սակայն ջերմոցատերերը միաբերան պնդել են, որ իրենց ամենամեծ խնդիրը շուկան է, եվրոպական շուկա արտահանելու սերտիֆիկացիա չունեն, իսկ ռուսականն էլ, փաստորեն, իրենց առջեւ իշխանության թեթեւ ձեռամբ փակվել է, ուստի միակ լուծումն այդ շուկան բացելն է:
Պապոյանը խեղճացած ասել է, որ այս պահին դա հնարավոր չէ, ինչը վրդովեցրել է ջերմոցատերերին։ Նրանք հիշեցրել են իշխանության խոստումները, թե տնտեսություն հիմնեք, գործ դրեք, մենք ձեր թիկունքին կկանգնենք, իրենք էլ մեծ ներդրումներ են արել, վարկեր վերցրել ու այսօր կանգնել փաստի առաջ։ Ջերմոցատերերը հեռացել են դժգոհ եւ առանց լուծումների։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հերքել է «Հրապարակ» օրաթերթի այսօր հրապարակած տեղեկությունը, թե իբր ջերմոցատերերը ՀՀ էկոնոմիկայի նախարարի աշխատասենյակում «բունտ» են արել, չի համապատասխանում իրականությանը։
«Հարկ ենք համարում ընդգծել, որ ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ հանդիպումն անցել է կառուցողական և գործնական մթնոլորտում։ Քննարկվել են ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները, ներկայացվել են տնտեսավարողների մտահոգություններն ու առաջարկությունները, իրականացվել է կարիքների գնահատում։
Հանդիպման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ոչ միայն ներկայացրել է առկա խնդիրների լուծման տարբերակները, այլև հայտնել, որ դրանք առաջիկայում կձևակերպվեն պետական աջակցության կոնկրետ ծրագրերի տեսքով։
Այսօր արդեն Կառավարության նիստում կընդունվի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային արտադրանքի՝ լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղիկների արտահանումը։ Բացի այդ, կվերադարձվի Եվրոպական միության երկրներ արտահանվող թարմ մրգի, բանջարեղենի և ծաղիկների համար վճարվող մաքսատուրքը։ Թարմ մրգի արտահանման սուբսիդավորման առանձին ծրագիրը կներկայացվի հաջորդիվ։
Կոչ ենք անում լրատվամիջոցներին պահպանել մասնագիտական պատասխանատվության սկզբունքները և ձեռնպահ մնալ կեղծ, հանրությանը մոլորեցնող տեղեկություններ հրապարակելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բաց մի թողեք
Մտածել են՝ գլուխները կպրծացնեն, բայց սխալվել են
Կորցրել է մեր վստահությունը
ՔՊ-ի համակիրների համար մեկ է