23/12/2024

Վանաձորի դպրոցներից մեկի 11-րդ դասարանի աշակերտը ատրճանակի սպառնալիքով 17-ամյա պատանուց գումար է հափշտակել

Ապրիլի 3-ին ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ոմն Է-ի կողմից 17-ամյա Ա․ Ս․-ի նկատմամբ ավազակություն կատարելու դեպքով։

Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ոմն է-ն հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ 17-ամյա էդգար Ա․-ն։

Վերջինս ապրիլի 4-ին Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 60 հասցեի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Բազումի բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքների արդյունքում հայտարարել է, որ նյութական կարիքները հոգալու նպատակով, նախապես որոշելով և իր կողմից պլանավորած ձևով, իր հետ վերցրել է իր կողմից զենքի խանութից գնված գազային ատրճանակը և այն թաքցնելով գոտկատեղին՝ ապրիլի 3-ին ժամը 16։00-ի սահմաններում գումար հափշտակելու նպատակով դարանակալել և սպասել է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի «ՎՏԲ» բանկի բանկոմատի մոտակայքում։

Այնուհետև նկատել է, որ մի երիտասարդ գումար է հանել բանկոմատից և քայլել դեպի «Արցախ» պուրակ: Էդգար Ա․-ն հետապնդել է վերջինիս, մոտեցել նրան, ասել, որ իր անունը էդո է և իմացել, որ նա հանդիսանում է Ա. Ս․-ն և զրույցի պատրվակով կանչել Զաքարյան փողոցի «Արմենիա» առողջարանի տարածք, որտեղ էլ ատրճանակի սպառնալիքով Ա. Ս․-ից պահանջել և հափշտակել է նրա մոտ եղած 120 հազար ՀՀ դրամը։

Հետագայում գումարը ծախսել է նյութական կարիքները հոգալու նպատակով, իսկ ատրճանակը դեն է նետել։ է . Ա․-ն ոստիկաններին հայտնել է նաև, որ կարող է մատնացույց անել ատրճանակի նետելու վայրը:

էդգար Ա․-ն ներկայացվել է ՀՀ Քննչական Կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն: Աղբյուրի տեղեկություններով, վերջինս սովորում է Վանաձորի դպրոցներից մեկի 11-րդ դասարանում։