26/12/2024

Ծառուկյանը համաձայնե՞լ է «սառը ջուր» մատակարարել, թե՞ որոշել է զերծ մնալ

Նիկոլ Փաշինյանին կարո՞ղ են հրաժարական պարտադրել և նոր վարչապետ ընտրել։

Մինչդեռ իշխանափոխություն անելու այդպիսի սոցիալ-քաղաքական, առավել ևս՝ սահմանադրական և որևէ կարգավորում գոյություն չունի։ Նման հույս և գաղափար, ըստ ամենայնի, «սրբազան պայքարիստներին» ներշնչել է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած «Թավշա հեղափոխությունը», և այդ ֆենոմենը կրկնելու համար էլ այս օրերին շարժման գենշտաբը քափ-քրտինք կտրած՝ լծված է ցույցերի տեմպը պահելուն և դրանց բազմամարդությունն ապահովելուն։ Շտաբում, ինչպես երևում է, շարունակում են առաջնորդվել նախքան այս տեղի ունեցած անփառունակ շարժումների տրամաբանությամբ և այդպես էլ չեն ըմբռնում, որ 2018-ի և առկա՝ 2024-ի մայիսյան այս օրերի իրավիճակները խիստ տարբեր են. 2018-ին գրեթե ողջ հանրապետությունն էր ոտքի կանգնել ու «մերժում Սերժին», ընդվզման համաժամանակյա ակցիաներ էին տեղի ունենում ՀՀ տարբեր քաղաքներում, իսկ այս օրերին նույնիսկ իրենց՝ ռևանշիստների խմբակին 2021-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ձայն տված էլեկտորատի կեսը ոտքի չի կանգնում՝ միանալու երևանյան ակցիաներին։ Վերադառնալով 2018-ի ապրիլ՝ վերհիշենք՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները, Գյումրիից կտրելով մոտ 200 կմ ճանապարհ, քայլերթով Երևան հասան ապրիլի 13-ին։

«Կլինենք 5 հոգով, կանենք այնպիսի գործողություն, որն ի վիճակի է անել 5 հոգին: Կլինենք 100 հոգով, կանենք գործողություն, որը կարող է անել 100 հոգին, 100 հազար կլինենք, կանենք իշխանափոխություն»,- այդ օրերին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: 2018-ին «նոն-ստոպ» ռեժիմով փողոցային ակցիաների արդյունքում ամեն օր նորանոր ընդվզող շերտեր ու խմբեր միացան հեղափոխությանը, ու կրիտիկական մասսան ապրիլի 21-ին, երբ ԱԱԾ և ոստիկանության ծառայողներն առևանգեցին Նիկոլ Փաշինյանին, արդեն ապահովված էր։

Մայրաքաղաք մտնելուց 10 օր անց՝ ապրիլի 23-ին, Սերժ Սարգսյանը ստիպված եղավ դառը հոգոց հանել՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»։ Ենթադրում էինք, որ մայիսի 9-ի հանրահավաքին հաջորդած ակցիաների մասնակիցների թվից այս շարժման PR շտաբի սոցիոլոգներն ու մաթեմատիկոսները պետք է որ եզրակացրած լինեին՝ «սրբազան պայքար՝ «կապուտ» (kaputt!)։ Ինչու, քանի որ մայիսի 9-ից մինչև մայիսի 26-ը, այսինքն՝ երկու հանրահավաքների ինտերվալում շարժմանը միացած մարդկային ռեսուրսը շեշտակի նվազել է՝ մայիսի 9-ին, ըստ ԻՔՄ-ի հաշվարկի, շարժման հանրահավաքին մասնակցել է 34 հազար մարդ, իսկ մայիսի 26-ին՝ 22 հազար 100։ Սա նշանակում է, որ ևս մի քանի օր, և շարժումը «սրբազան հետևողականությամբ» կանգնելու է նույն՝ 2022-ի «Դիմադրության» շարժման «փոցխի» վրա՝ դրանից բխող հետևանքներով։

Բոլոր հիմքերն ունենք կասկածելու, որ «սրբազան ռևանշիստների» խմբակում հավաքվածները մազոխիստներ են, եթե չասենք՝ սադոմազոխիստներ՝ անում են նույն քայլերն ու ակնկալում այլ արդյունք։ Ենթադրում ենք, որ ձախողված այս շարժման PR պատասխանատուների հաշվարկը կառուցվել է վիճահարույց սոցհարցումների վրա, ըստ որոնց՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը «շեշտակի նվազել է», հիասթափվածները կամ, այսպես ասած՝ դավանափոխ եղածները, ըստ այդ հաշվարկի, պոտենցիալ բողոքական մասսա են, որոնց կարելի է գրավել և ուղղորդել իշխանափոխության, եթե ճիշտ փաթեթավորմամբ ընդդիմադիր ֆիգուր ասպարեզ իջեցվի։

Ֆիգուրն ընտրվեց, սակայն կարճ ժամանակ անց արդեն տեսանելի դարձավ, թե ովքեր են դրանով խաղացողներն ու խաղավարները։ Ռևանշիստներին, մինչդեռ, չի հետաքրքրել ամենակարևորը սոցհարցումներում՝ եթե Փաշինյանի ռեյտինգը նվազել է, ապա արդյոք դրան զուգահեռ աճե՞լ է իրենց ռեյտինգը, թե՞ հասել է մաշվածության անդառնալի աստիճանի։ Վերջին շաբաթներին շարժմանը միացած ցուցարարների թվի հետ տեղի ունեցող տարուբերումները, կարծում ենք, հուշում են մեր հարցի պատասխանը։

Այդ, այժմ փորձենք հասկանալ, թե ինչպես, ինչ եղանակով է շարժման շտաբը փորձում մարդաքանակ ապահովել, եթե Գալստանյանին աջակցող քաղաքական՝ երկու տասնյակից ավելի քաղաքական ուժերն ու նրանց անդամ-համակիրները միասին վերցրած չեն կարողանում հոգալ այդ խնդիրը։ Եղանակը այլընտրանքային մատակարարումներ ապահովելն է՝ ոչ միայն արտերկրից (ՌԴ-ից ՀՀ եկած հայրենասերները ասվածի վառ ապացույցն են ), այլ նաև ներսից՝ դիմելով մարդկային ռեսուրսներ տնօրինող սուբյեկտներին՝ նախկին իշխանության ներկայացուցիչ և կամ մերժվածների վերադարձը փափագող գործարարներ, նախկին օլիգարխիայի ներկայացուցիչներ, որոնց ենթակայությամբ մարդկանց մեծ խմբեր են աշխատում։

«Հին ու բարի ավանդույթների» հանգույն՝ մարդկային այդ ռեսուրսը պետք է ներգրավել գլխաքանակ ապահովելու համար՝ միաժամանակ պատրանք ստեղծելով, թե Գալստանյանի հանրային աջակցությունը գնալով աճում է։

Հետևապես նա էլ վարչապետի ամենաարժանի թեկնածուն է։ Պատահական չէ, որ շարժման շտաբը որոշել է Վազգեն Գալստանյանին գործուղել ոչ միայն գրպանով, այլ նաև մարդկային ռեսուրսներով հարուստ «ժողովրդական գործարար» Գագիկ Ծառուկյանի «հյուրընկալ օջախ»։ ԲՀԿ առաջնորդն, ի դեպ, ողջունել է այս շարժումն ու առաջինն էր, որ այն մկրտեց «սրբազան» անունով։ Վերջինս, հիշեցնենք, մայիսի 9-ին, երբ Տավուշի թեմի առաջնորդի գլխավորած քայլերթը հասավ Երևան, իր անթաքույց հիացմունքն էր հայտնել շարժմանը՝ նշելով. «Սա հավատքի շարժում է, ամեն մեկը քայլում է իր հավատքով, իր գաղափարով, իր հոգով։ Ոչ ոք բարոյական իրավունք չունի կպնելու եկեղեցուն, եկեղեցու շնորհիվ է, որ մինչև այսօր մենք հայ ենք, մինչև այսօր մենք մարդ ենք»։ Ի դեպ, ԲՀԿ-ն չէր մասնակցում Գալստանյանի հետ նախորդ շաբաթ տեղի ունեցած քննարկմանը։

Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ մայիսի 16-ին «Ազատությանը» հայտնել էր, որ Տավուշի թեմի առաջնորդի շարժմանը «միանալու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում առանձին քննարկում տեղի չի ունեցել, բայց կուսակցության առանձին ներկայացուցիչներ մասնակցում են բողոքի ակցիաներին»։

Երեկ էլ, ահա, սրբազան շարժման լիդերը Ծառուկյանի «կուշտն» էր գնացել հենց այդ՝ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք բերելու կոնկրետ ակնկալիքով՝ հրապարակավ սատարել, ապա թե ոչ՝ մարդկային ռեսուրսով ապահովել շարժումը, հատկապես որ նման դրական փորձ արդեն իսկ ունի։ Ծառուկյանը, հիշեցնենք, 2018-ին, Սերժ Սարգսյանի հրաժարականից «5 րոպե առաջ» ազդարարեց հեղափոխությանը միանալու մասին, իսկ ժամանակ անց, հակադարձելով դիտարկմանը, թե վերջին պահին է միացել Սերժ Սարգսյանին մերժելուն, ԲՀԿ առաջնորդը ճշգրտել էր՝ հեղափոխության կայացման գործում ունեցել է համակողմանի ու բազմակողմանի աջակցություն, մասնավորապես՝ մեքենաներով ցուցարարներին ջուր է ուղարկել և այլն։

Եթե Սերժ Սարգսյանի հետ ունեցած կոնֆլիկտը (2015-ի բուրժուա-դեմոկրատական ձախողված հեղափոխությունը) հարթելուց հետո քաղաքականություն վերադարձած Ծառուկյանը 2018-ին կարողացավ երկրի ղեկավարի գլխից թռչել ու սատարել վերջինիս «մերժման» գործընթացը, 2020-ին էլ մաս կազմեց «Հայրենիքի փրկության շարժմանն» ու պահանջեց Փաշինյանի հրաժարականը, ապա նրան այժմ էլ ոչինչ չի խանգարում դիմել քաղաքական ռեցիդիվի՝ կրկին «խզարել»։

Ուշադրություն դարձնենք, որ մայիսի 9-ի «հուժկու» և մայիսի 26-ի «կիսահուժկու» հանրահավաքներից հետո է տեղի ունենում Գալստանյան-Ծառուկյան հանդիպումը, այլ ոչ թե շարժման հենց առաջին օրերին։ Այսինքն՝ տեղի է ունենում այն շրջանում, երբ շարժումը տեսանելիորեն դեպի նահանջ է գնում, և այն փրկելու, լրացուցիչ «ներարկումների» կարիք ունի։

Ընդ որում, ոչ միայն մարդկային ռեսուրսների, այլ նաև ֆինանսական ներարկումների։ Առաջիկա օրերին, ըստ ամենայնի, տեսանելի կլինի՝ արդյոք Ծառուկյանը համաձայնե՞լ է «սառը ջուր» մատակարարել սրբազան շարժմանը, թե՞ որոշել է զերծ մնալ կրակը «սառեցված»-ի տակ բորբոքելուց։