«Հուսով ենք, որ հանրապետության քաղաքական ղեկավարությունը կհստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները, ինչը ձեռնտու կլինի մեր միության բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ ապագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման համար», Ալմաթիում տեղի ունեցող ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թասմաղանբետովը:
Հայաստանը դարձյալ չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառմանը: Ինչ նկատի ունի ԳՔ-ն հստակեցում ասելով, մի կողմից ենթադրելի է, մյուս կողմից՝ այդքան էլ պարզ չէ:
Ենթադրելի, որ նա նկատի ունի հետեւյալը՝ Հայաստանն ի վերջո մնու՞մ եւ աշխատու՞մ է ՀԱՊԿ-ում, որտեղ որոշումները կայացվում են կոնսենսուսով, թե՞ դուրս է գալիս կազմակերպությունից: Հարց է առաջանում, այդ դեպքում ի՞նչը պարզ չէ ՀԱՊԿ ԳՔ խոսքում: Խնդիրն այն է, որ պարզ չէ, հստակ չէ ոչ միայն Հայաստանի հարաբերության հեռանկարը, այլ ՀԱՊԿ հեռանկարը ինքնին: Օրինակ, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարն ինքը կարո՞ղ է ՀԱՊԿ հստակկ հեռանկար նկարագրել, այն իրողությունների ֆոնին, որ տեղի են ունենում աշխարհում, որտեղ ծավալվում է համաշխարհային անվտանգության թե գոտիների թե ձեւաչափերի վերաֆորմատավորման, վերափոխման, հեռանկարների հստակեցման լայնահուն գործընթաց:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարում է, որ պետք է ինտենսիվացնել թյուրքալեզու պետությունների ռազմական փոխհարաբերությունը: Այդ պետությունների մի մասը ՀԱՊԿ անդամ է:
Ինչպե՞ս է ՀԱՊԿ պատկերացնում այդ փոխհարաբերությունը ՆԱՏՕ անդամ պետության պարագայում, որպիսին Թուրքիան է, եւ որն ակնհայտորեն արձանագրել է Թյուրքալեզու պետությունների կազմակերպության օրակարգում ռազմական բաղադրիչի կարեւորությունն ու նպատակադրումը:
Այստեղ չկա նաեւ զարմանալի բան, քանի որ Թյուրքալեզու պետությունների խորհուրդը վերածելով կազմակերպության, Անկարան անշուշտ դիտարկում է դրա լիարժեքության ձեւաչափը, այլ կերպ ասած՝ ոչ միայն տնտեսաման եւ մշակութային, այլ նաեւ քաղաքական ու ռազմական կապեր, դրանց խորացում:
Զուգահեռ, կա Չինաստանի գործոնը, որն իր աշխարհաքաղաքական հավակնությունները անշուշտ առաջ մղելով տնտեսական բաղադրիչով, այդուհանդերձ ստիպված է լինելու այսպես ասած ուղեկցել նաեւ ռազմա-քաղաքական գործոններով, հակառակ դեպքում տնտեսականը չի կարող լինել կենսունակ: Կա Հնդկաստանի հանգամանքը, որը եւս դիրքավորվում է որպես ռազմական, ռազմա-քաղաքական՝ առնվազն ռեգիոնալ ընդգրկման գերտերություն, ինչը անկասկած շոշափում է նաեւ այն ռեգիոնը, որ դե յուրե առնչվում է ՀԱՊԿ ձեւաչափին:
Սրանք առավել առանցքային, խորքային եւ հիմնարար հարցեր են ՀԱՊԿ համար, քան Հայաստանի հարաբերության հստակեցումը: Գուցե այլ խնդիր է, որ ՀԱՊԿ համար սրանք իսկապես բարդ հարցեր են, իսկ Հայաստանի հետ հարաբերության թնջուկը դրանցից առնվազն տեղեկատվական դաշտում խուսանավելու հարմար միջոց:
Բաց մի թողեք
«Մոսկվան և Բաքուն կարող են լուծել ցանկացած հարց. Ալիևի և Պուտինի միջև փակ թեմաներ չկան». Լավրով
ՌԴ հրապարակ է նետում Սամվել Կարապետյանին՝ իբր հայ գործարարների անունից
Ինչու է Հայաստանի հարցում իրար խառնվել Սերգեյ Լավրովը