08/09/2024

Թուրք – ադրբեջանական նոր ծրագրեր ու պատերազմական լարվածություն մեր տարածաշրջանում

«G7-ի գագաթաժողոին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայփ Էրդողանի, Շվեյցարիայում Ուկրաինայի Խաղաղության խորհրդաժողովին նրա արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի մասնակցությունից հետո «Թուրան» գործակալությունը վերլուծական է հրապարակել» «որտեղ շոշափվում է այդ երկրի, ինչպես հեղինակն է ձեւակերպել՝ «քաղաքական փիլիսոփայության» խնդիրը:

Ըստ այդմ, Էրդողանը «գերադասում է սույնրոպեական դաշինքը եւ միջանկյալ շահը, որ Թուրքիային չեն երաշխավորում աշխարհում հաստատուն տեղ, ներքին խնդիրների լուծում եւ բարգավաճման հեռանկար» «Քաղաքական ցանկացած «մտքափոխություն» Բաքվից սպասելի է, բայց որ կիսաիշխանական լրատվամիջոցն այսպես «կտոփանագլանի» Էրդողանին՝ ոչ միայն արտառոց, այլեւ համակողմանի վերլուծության արժանի է:

Այստեղ, թերեւս, մեթոդաբանական ելակետ պիտի ընդունել Իլհամ Ալիեւի հայտարարությունը, որ Ադրբեջանը չի ձգտում Եվրամիության անդամության, այնտեղ իրենց ոչ ոք չի ընդունի, մնում է հարաբերությունները պահել «դու ինձ ձեռք մի տուր, թե չէ գլխացավանք կունենաս» պայմանավորվածությունների մակարդակում»:

«Այս ֆոնին «Մեծ յոթնյակի» գագաթաժողովին Թուրքիայի նախագահի ներկայությունը, մեղմ ասած, Բաքվի համար ցանկալի չէ, ինչպես նաեւ Ուկրաինայի Խաղաղության խորհրդաժողովին Հաքան Ֆիդանի մասնակցությունը: Չէ՞ որ այդ միջոցառման մասնակցելու երկու հրապարակային հրավեր Ալիեւն ստացել է անձամբ Ուկրաինայի նախագահից եւ մերժել բավական գրավիչ առաջարկությունը՝ մասնակցել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման սկզբունքների մշակմանը»: «Իսկ Էրդողանն, ահա, ոչ միայն ընդունում է «Մեծ յոթնակի» հրավերը, այլեւ «կողասրահներում» սեղմում Ֆրանսիայի նախագահի ձեռքը: Այն դեպքում, երբ Ալիեւը նրա հետ դիվանագիտական շատ կոշտ դիմակայության մեջ է:

Իսկ Մակրոն-Էրդողան ոչ պաշտոնական շփումից տառացիորեն մի քանի օր հետո Փարիզ է մեկնում Հայաստանի պաշտպանության նախարարը եւ ֆրանսիացի գործընկերոջ հետ ստորագրում Caezar ինքնագնաց հրետանային համակարգերի առքուվաճառքի պայմանագիր»:

«Այս առթիվ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ ավարտվում է այսպես. «Մենք հայտարարում ենք, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի սրման եւ պատերազմի նոր օջախի առաջացման ամբողջական պատասխանատվությունը կկրեն Հայաստանի ռեւանշիստական ղեկավարությունը եւ Մակրոնի բռնապետությունը»:

Բաքուն այսպիսով «ռեւանշիզմի պատիվը» Հայաստանի ինստիտուցիոնալ ընդդիմությունից վերահասցեագրում է իշխանություններին՝ նրանց սերտորեն շաղկապելով Մակրոնի «բռնապետությանը»:

«Դա չափազանց խորքային, բացառապես աշխարհաքաղաքական նշանակության ընդգծում է: Այս իմաստով Էրդողանին «սույնրոպեական դաշինքին եւ միջանկյալ շահին նախապատվություն տալու» վերագրումը, կարծես, Ալիեւի դժգոհության արձանագրում է, որ Թուրքիան «Արեւմուտքի հետ է մի ճակատագրական պահի, երբ Ադրբեջանն, ընդհակառակը, հակվում է դեպի եվրասիական անվտանգության միջավայր»:

«Այս իմաստով ինտրիգային է ՌԴ նախագահի մամուլի խոսնակի ակնարկը, որ Պուտին-Էրդողան հանդիպում «նախապատրաստվում է, այն կկայանա, եթե նա (Թուրքիայի նախագահը) մասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին»:

ՌԴ նախագահ Պուտինը չի բացառել, որ եվրասիական անվտանգության կոնցեպցիան քննարկվի նաեւ «ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրների հետ»: Հուլիսի կեսերին Վաշինգտոնում գումարվելու է ՆԱՏՕ-ի գագաթաժողով:

Թուրքիան կարո՞ղ է անվտանգության 70-ամյա միջավայրը թողնել: Շուշիի թուրք-ադրբեջանական հռչակագիրը աշխարհաքաղաքական իմաստով չի կորցնում ակտուալությունը: Թե գործ ունենք ռուս-թուրք-ադրբեջանական «շախմատային գաղտնի գրանցված քայլի՞ հետ»: Հայաստանի շուրջ ռազմա-քաղաքական «տենդի ջերմաստիճանը» կտրուկ բարձրանում է: