27/12/2024

Բուդապեշտն այլևս չի կարողանա խանգարել ԵՄ-ին. Բորելը հայտնել է Հունգարիայի վետոն շրջանցելու մեխանիզմի մասին

Եվրամիությունը մշակել է մեխանիզմ, որը թույլ կտա շրջանցել Կիևի համար սպառազինություն գնելու Հունգարիայի վետոն՝ ի հաշիվ Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվների:

Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Նրա խոսքով՝ Բուդապեշտը, որը նախկինում մերժել էր ռուսական ակտիվների օգտագործման առաջարկը, «չպետք է մասնակցի (դրանց) օգտագործման վերաբերյալ որոշմանը»։ Բորելը նշել է, որ վետոն շրջանցելու մեխանիզմը կլինի «բարդ, ինչպես ցանկացած իրավաբանական որոշում, բայց աշխատող»։ Այս ռազմավարական քայլն ընդգծում է Ուկրաինային աջակցելու ԵՄ հանձնառությունը՝ չնայած ներքաղաքական խնդիրներին և անդամ երկրների տարբեր դիրքորոշումներին:

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ԵՄ-ն ավելի վաղ Հունգարիային առաջարկել էր սխեմա, նման այն սխեմային, որը հունիսին համաձայնեցվել էր Բուդապեշտի և ՆԱՏՕ-ի միջև։ «Մենք Հունգարիային առաջարկել ենք. ձեր գումարները ոչ մի կերպ չեն օգտագործվի Ուկրաինային աջակցելու համար: Ոչ միայն (մահաբեր) զենքի մատակարարման, այլև ուրիշ նպատակներով»,- հայտնել է Բորելը: Փոխարենը Բուդապեշտը պետք է վստահեցներ ԵՄ երկրներին, որ վետո չի դնի Ուկրաինայի վերաբերյալ որոշումների վրա։ Սակայն Հունգարիայի իշխանությունները, եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով, մերժել են այս առաջարկը։

Ինչպես գրում է պարբերականը, ԵՄ երկրների ԱԳ նախարարները հունգարական վետոն շրջանցելու սխեման կքննարկեն հունիսի 24-ի նիստին։