21/11/2024

Աշխատակիցներին ազատում է, պարտվում դատարանում. կադրային «բեսպրեդել»՝ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի կողմից․ Լուսանկար

Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը, որ 2018-ից հետո է նշանակվել այդ պաշտոնին նախկին նախարար Արսեն Թորոսյանի կողմից և համարվում է հենց Թորոսյանի «մարդը», եկած օրվանից կադրային ջարդ է իրականացնում իր հիմնարկում։ Մանուկյանի «բեսպրեդելի» մասին բազմաթիվ ահազանգեր են եղել այս ընթացքում, թե ինչպես է նա անհասկանալի պատճառներով ընկնում իր երկարամյա աշխատողների հետևից և նրանց անհիմն ազատում աշխատանքից։

Օրերս MediaHub-ին դիմեց ուռուցքաբանականի երկարամյա բուժքույր Արևհատ Հարությունյանը՝ պատմելով, որ Մանուկյանն իրեն անհիմն ազատել է աշխատանքից, ինքը բողոքարկել է որոշումը դատարանում, երկու ատյանում էլ հաղթել է, սակայն Մանուկյանն ի կատար չի ածում դատարանի վճիռը և հիմա նորից վճռաբեկ բողոք է տարել՝ չցանկանալով ընդունել իր պարտությունը։

«Ես 1990 թվականից աշխատել եմ այդ կլինիկայում՝ որպես հերթապահ բուժքույր։ Այս իշխանությունների օրոք նշանակված Նարեկ Մանուկյանը ինձ ապօրինի հեռացրել է աշխատանքից՝ ընտրելով կադրային ջարդի քաղաքականությունը։ 2021 թվականի հունիսի 24-ին նրանք ինձ հեռախոսազանգի միջոցով տեղեկացրին, որ ես այլևս իրենց աշխատողը չեմ։ Ես դիմեցի դատական պաշտպանության և վերականգնվեցի։ Հետո ես ծանուցում ստացա, որ վերաքննիչ բողոք են բերել։ 2022 թվականի հուլիսի 4-ին, սակայն, նա ժամկետից շուտ հրաման տվեց և կրկնակի հեռացրեց ինձ՝ ասելով, թե պետք է գնամ, բացատրագիր գրեմ, թե ինչու չեմ ներկայացել աշխատանքի։ Ես իմ փաստաբանի միջոցով բացատրագիրը, իհարկե, ներկայացրել եմ, բայց նա, միևնույն է, կրկնակի անգամ՝ 2022 թվականի օգոստոսի 22-ին, ինձ ազատեց աշխատանքից։ Ես կրկնակի դիմեցի դատարան և կրկնակի հաղթեցի»,- ասաց մեր զրուցակիցը։

Տիկին Արևհատն ասաց, թե Նարեկ Մանուկյանն իր պես ավելի քան հարյուր աշխատակցի տարբեր պատրվակներով ազատել է աշխատանքից, իսկ իրեն հեռացրել է այն պատճառով, թե իրենց կադրերի բաժնի վարիչի բարեկամի նկատմամբ, որ այդտեղ բուժվելիս է եղել, իբրև թե պատշաճ չի կատարել իր պարտականությունները։ Այս հարցը ևս Արևհատ Հարությունյանը բողոքարկել է դատարանում և հաղթել։

Հիմա գործը Վճռաբեկ դատարանում բողոքրկման փուլում է գտնվում, սակայն մեր զրուցակիցն ասաց, որ իր փաստաբանն ասել է՝ Վճռաբեկ դատարանը, ամենայն հավանականությամբ, վարույթ չի էլ ընդունի Մանուկյանի բողոքը։

Մեր դիտարկմանը, թե ինքը փորձե՞լ է դիմել առողջապահության նախարարին, որ նրա միջոցով լուծվի հարցը, Արևհատ Հարությունյանն ասաց․ «Առաջին անգամ, որ էսպիսի արհեստական խոչընդոտ առաջացրեց, ես փորձեցի նախարարուհուն դիմել՝ տիկին Ավանեսյանին, բայց նրանք ինձ չընդունեցին։ Երկրորդ անգամ, երբ որ Վերաքննիչ դատարանի որոշումը ստացա իմ օգտին, ես համառորեն փորձեցի նորից ընդունելության գնալ, նախարարուհին իբրև թե երկրում չէր, ինձ տեղակալն ընդունեց՝ ինչ-որ Հակոբյան, նա լսեց, և հասկացա, որ բոլորը Նարեկ Մանուկյանի կողմն են պաշտպանում»։

Աշխատակիցներին ազատում է, պարտվում դատարանում. կադրային «բեսպրեդել»՝ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի կողմից