23/12/2024

ՔՊ-ն Գյումրիում թեժ աշնա՞ն է պատրաստվում. վաղաժամ դադարել է Գյումրու ավագանու 5 անդամի լիազորությունը. ովքեր կփոխարինեն

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կազմում փոփոխություններ են տեղի ունեցել:

Վաղաժամ դադարել են ավագանու 5 անդամի՝ Նիկոլայ Գևորգի Ղազարյանի, Հարություն Հմայակի Նիկողոսյանի, Երվանդ Սամվելի Խանամիրյանի, Աղասի Գրիգորի Մաթևոսյանի և Հասմիկ Ստեփանի Ստեփանյանի լիազորությունները:

Նրանց, օրենքի շրջանակներում, ավագանու կազմում փոխարինել են Անժելա Գևորգի Մաթոսյանը, Նարեկ Հովհաննեսի Բեգզադյանը, Վոլոդյա Գառնիկի Հակոբյանը, Հայկ Ստեփանի Ստեփանյանը, Պարգև Տիգրանի Գևորգյանը:

Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հրավիրած նիստում մանդատները հանձնվել են խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանին:

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախընտրական ցուցակի 8 անդամ ինքնաբացարկ է հայտնել: Ուժը կորցրած է ճանաչվել Սերգեյ Բորիսի Գալստյանի, Միհրան Վարդանի Մանուկյանի, Հայկ Սամվելի Ալեքսանյանի, Գոհարիկ Ցոլակի Գրիգորյանի, Գևորգ Սամվելի Գրիգորյանի,Կարեն Ռոբերտի Թորոսյանի, Գայանե Համլետի Ղուկասյանի և Համբարձում Սամվելի Ադամյանի գրանցումը:

«Տեղի ունեցածը զուտ քաղաքական պրոցես է: Ինչպես հայտնի է, մենք կոալիցիոն հուշագիրը խզել ենք և հանդես ենք գալիս որպես ընդդիմադիր խմբակցություն: Հենց այս տրամաբանության մեջ որոշակի վերադասավորումներ ենք կատարել: Ուզում ենք, որ խմբակցության աշխատանքը շատ ավելի արդյունավետ և որպես ընդդիմություն ավելի ամուր դառնա: Ես համարում եմ, որ մենք նախկին կազմով էլ լավ ենք աշխատել, հիմա էլ ավելի լավ ենք աշխատելու ի շահ գյումրեցու: Մենք մեր 11 մանդատով շարունակելու ենք մեր ակտիվ գործունեությունը»,- լրագրողների հետ զրույցում տեղի ունեցած փոփոխությունները պարզաբանեց Քնարիկ Հարությունյանը:

Արդյոք ՔՊ-ն Գյումրիում թեժ աշնա՞ն է պատրաստվում, և այս փոփոխությունները ավելի մեծ քաղաքական գործընթացի սկիզբը չե՞ն, Քնարիկ Հարությունյանը չշտապեց մեկնաբանություն անել, ասաց՝ եթե զարգացումներ լինեն, բոլորն այդ մասին կիմանան:

«Բոլոր եղանակներն էլ կարող ենք թեժացնել: Այս ամեն ինչը քաղաքական պրոցես է, ու մենք կուսակցության բոլոր գաղափարների ու թեզերի կրողն ենք նաև լոկալ մակարդակում: Այն, ինչը հնչեցվում է ավելի բարձր մակարդակով, մենք դա տեղում պատրաստ ենք իրականացնելու»,- ասաց Հարությունյանը:

Ըստ խմբակցության ղեկավարի՝ իրենք մշտապես եղել և մնում են որդեգրած սկզբունքին հավատարիմ: Նրա խոսքով՝ օրենքի ուժը Հայաստանում պետք է գերակայի: Այս ուղղությամբ Գյումրիում ևս շեղումներ չեն լինելու:

«Առաջնայինը օրենքի գերակայությունն է: Եթե կլինեն մարդիկ, ովքեր այս ընթացքում որևէ իրավիճակում, որևէ կարգավիճակում օրենք են խախտել, ապա պետք է պատասխան տան, քանզի օրենքի դիմաց բոլորն են հավասար: Մեր կուսակցության և խմբակցության համար դա այդպես է, մենք քայլում ենք այդ ճանապարհով»,- ասաց Հարությունյանը: