27/12/2024

Իգբալ Աբիլովի կալանավորումը հատուկ կազմակերպված է որպես Սարգիս Գալստյանի դեմ քրեական գործի պատասխան

Հուլիսի 22-ին Բաքվի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է ռուսաստանաբնակ էթնիկ թալիշ Իգբալ Աբիլովը: Հարազատների ներկայացմամբ՝ նա գյուղ էր այցելել, որպեսզի մասնակցի հորեղբոր որդու հարսանյաց հանդեսին:

Հուլիսի 24-ին Բաքվի Սաբայիլի շրջանի դատարանը Պետական անվտանգության ծառայության միջնորդության հիման վրա Աբիլովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել չորսամսյա կալանքը:

Թեեւ դատական նիստն անցել է դռնփակ, իշխանամերձ մի շարք լրատվամիջոցների հայտնի է դարձել, որ Աբիլովին առաջադրվել է երկու՝ պետական դավաճանության եւ ազգամիջյան թշնամանք հրահրելու մեղադրանք: Երիտասարդ էթնիկ թալիշը մասնագիտությամբ արեւելագետ է:

Ըստ տեղեկությունների, մեղադրանքի համար հիմք են ծառայել Skupe կապով Աբիլովի եւ «Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ամբիոնի վարիչ եւ Հայաստանում գործող Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանի շփումների տեսագրությունները»։

Աբիլովը նաեւ մեղադրվում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողությունների եւ Վարդան Ոսկանյանին ու այլ անձանց, որ կապված են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ, Ադրբեջանի դեմ թշնամական գործունեություն իրականացնելուն օժանդակելու մեջ»։

«Թուրան» գործակալությանը հարցազրույցում Աբիլովի հայրը հաստատել է, որ նա «Գառնիկ Ասատրյանի հետ շփումներ ունեցել է, դա երկու արեւելագետների բացառապես գիտական հաղորդակցություն էր»։ Շահին Աբիլովը տարակուսանք է հայտնել, որ դռնփակ դատավարությունից մամուլին տեղեկություններ են փոխանցվել։ Նա գտնում է, որ դա արվում է հանրությանը իր որդու նկատմամբ թշնամանք ներշնչելու նպատակով։

Իգբալ Աբիլովը հայրենիք է վերադարձել շուրջ մեկ ամիս առաջ։ Եւ եթե Հայաստանի օգտին նրա «լրտեսական գործունեության ապացույցներ» կային, ապա ինչու՞ նրան վայրէջքի պահին չեն ձերբակալել։ Հարց է նաեւ, թե Ադրբեջանի հատուկ ծառայություններին ինչպե՞ս է հաջողվել տեսագրել Աբիլով-Ասատրյան շփումները, եթե Skupe կապը նա օգտագործել է Ռուսաստանի տարածքից։

Բաքուն թալիշների, թալիշ մտավորականության հանդեպ ապրիորի կասկածամիտ եւ թշնամաբար է տրամադրված։ Տարեսկզբին, երբ թալիշաբնակ շրջանները ենթարկվել էին բնական աղետի, Իլհամ Ալիեւը Լենքորան էր այցելել՝ անձամբ շահագործման հանձնելու քրեա-կատարողական հիմնարկը։ Այդ քայլն ընկալվել էր որպես խիստ խորհրդանշական. Ալիեւը թալիշներին ցույց էր տվել, թե ինչ է սպասում նրանց, եթե փորձեն ազգային խնդիրներ բարձրացնել։

Այդուհանդերձ, տպավորություն է, որ Իգբալ Աբիլովի կալանավորումը հատուկ կազմակերպված է որպես Սարգիս Գալստյանի դեմ քրեական գործի պատասխան։ Ի՞նչ ենթատեքստ ունի Ալիեւի այդ քայլը՝ բարդ է ասել։ Մանավանդ եթե Աբիլովի դեմ «ապացույցներ» ստեղծելու հարցում Ադրբեջանի եւ Ռուսաստանի հատուկ ծառայությունների համագործակցություն կա։