Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահների բանակցությունները «կարելիական մենաստանում» շարունակվել են երկրորդ օրը։
Լրատվամիջոցները որեւէ տեղեկություն չեն հայտնում, բացի նրանից, որ նախագահները քննարկում են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության եւ միջազգային քաղաքականության հետ կապված հարցեր։
Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին Լուկաշենկոն խոսել է երկու շաբաթ առաջ, երբ այցելել է Ուկրաինայի սահմանին տեղակայված զորամաս, որտեղ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել եւ, հիմք ընդունելով Պետական անվտանգության կոմիտեի ու ռազմական հետախուզության հավաստիացումները, որ ուկրաինական կողմից հարձակման վտանգ չկա, ընդունել է բելառուսական զորամիավորումը սահմանից հեռացնելու որոշում։ Ռուսաստանյան մամուլը նրա այդ քայլի առթիվ տարակուսանք է հայտնել։
Պուտին-Լուկաշենկո բանակցությունները հաջորդում են Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կուլեբայի Չինաստան այցին, որի արդյունքների մասին կողմերը պաշտոնական տեղեկություն չեն տարածել։ Հայտնի է միայն, որ Կիև վերադառնալուց հետո Կուլեբան հայտարարել է, որ ոչ ոք Ուկրաինային բանակցություններ պարտադրել չի կարող։ «Մենք կբանակցենք, երբ մեզ ավելի հարմար կլինի»,— ասել է նա։
Կուլեբայի Չինաստան այցից հետո Պեկինը հայտարարել է կառավարության հատուկ բանագնաց Լի Հուեի Բրազիլիա, Հարավ-աֆրիկյան Հանրապետություն եւ Ինդոնեզիա շրջայցի մասին, որը կսկսվի հուլիսի 28-ին։
Չինաստանն ու Բրազիլիան վերջերս մշակել են ուկրաինական ռազմաճակատում հրադադարի հաստատման, մարդասիրական խնդիրների, կոմունիկացիաների եւ էներգետիկ համակարգի վերականգնման վերաբերյալ ճանապարհային քարտեզ, որը բաղկացած է հինգ կետից։ Պեկինի գնահատմամբ՝ այդ քայլերի շուրջ համաձայնությունը թույլ կտա քաղաքական բանակցությունների բավարար մթնոլորտ ստեղծել։
Չինաստանի որոշակի նախաձեռնության ֆոնին, ինչպես նշում է inosmi.ru-ն, հնդկական լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, որ վարչապետ Մոդին օգոստոսի երրորդ շաբաթվա ընթացքում կմեկնի Կիև։
Ըստ երեւույթին, Նյու-Դելին այդ քայլին գնում է ի հակակշիռ Ուկրաինայի հարցում Պեկինի ներգրավվածությանը։ Չինաստանի կառավարության հատուկ բանագնաց Լի Հուեի շրջայցը գնահատվում է որպես Ուկրաինայի հարցում Գլոբալ Հարավի միասնական դիրքորոշման ձեւակերպման փորձ։ Հնդկաստանը, կարծես, ազդակ է հղում, որ Գլոբալ Հարավի առանցքային դերակատար է։
Շվեյցարիայում ուկրաինական կարգավորման խորհրդաժողովին ընդառաջ ՌԴ արտգործնախարար Լավրովը տեսակետ է հայտնել, որ ավելի ներկայացուցչական եւ ինկլյուզիվ խորհրդաժողով կարող է կազմակերպել Չինաստանը։
Լրագրողի հարցին, թե իր ընկալմամբ հակամարտության ո՞ր կողմի կողքին է Չինաստանը, Ուկրաինայի արտգործնախարարը կարճ պատասխանել է: «Չինաստանը Չինաստանի կողմից է»։ Ըստ երեւույթին, նույնն է նաեւ Հնդկաստանի մոտեցումը՝ ուղղակիորեն չաջակցել ոչ Մոսկվային, ոչ Կիևին, բայց գլոբալ կարգավորումից դուրս չմնալ։
Դա հասկանալի է: Հարցն այն է, թե Պուտին-Լուկաշենկո բանակցություններում ի՞նչ համաձայնություն ձեռք կբերվի կամ կողմերը «որքանո՞վ կհեռանան»: Ռուս-ուկրաինական պատերազմը, գուցե, շատերին ձեռնտու է, բայց Բելառուսին՝ ոչ: Լուկաշենկոն մի վիճակում է, որի մասին է, կարծես, ասված: «Երբ տունդ ապակուց է, հարեւանին քար մի նետիր»: Բայց նրան կկարողանա՞ խուսանավել:
Ուկրաինական կարգավորման ցանկացած միջնորդություն դատապարտված է, եթե Պուտինը շարունակի պնդել այն ուլտիմատումը, որ հնչեցրել է հունիսի 14-ին: Regnum-ը բանակցությունները հարմար պահի սկսելու մասին Ուկրաինայի արտգործնախարարի հայտարարությունը ծաղրել է. «Այո, Կիևն ինքը պիտի որոշի՝ այսօ՞ր է կապիտուլյացիայի ենթարկվում, թե՝ վա՞ղը»:
Պուտին-Լուկաշենկո հանդիպումը չափազանց խորհրդանշական, նույնիսկ ծիսակարգային է: «Կարելական մենաստանից» քրիստոնեական ժամերգության զանգահարությու՞ն, թե նոր ճակատի բացման ազդանշանային հրթիռ կարձակվի՞:
Բաց մի թողեք
Օսկանյանը ՀՀ տարածքային ամբողջականության դեմ հայտարարություն է արել՝ հուշելով Ալիևին՝ մտիր և վերցրու «Զանգեզուրի միջանցքը»
Պուտինը զգուշացվում է, որ զանգվածային հարվածների դեպքում իսլամադավան ինքնավարությունները «կարող են ապստամբել»
Ստեփանակերտի քաղէլիտան կարող է գոնե Գյուլթեքին Հաջիևայի չափ պայքարել, որպեսզի այդ ռեժիմը դատապարտվի