23/12/2024

Լուկաշենկոն ժամանակ է վաճառում Պուտինին․ а там видно будет

Կարելական «մենաստանում» Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահների երկօրյա դեմ առ դեմ բանակցությունների արդյունքների մասին պաշտոնական տեղեկատվություն դեռեւս չի տարածվել, ինչից կարելի է ենթադրել, որ կամ նրանք գերկարեւոր համաձայնության են եկել, որ աշխարհաքաղաքական նշանակության գաղտնիք է, կամ բանակցությունները «ձախողվել են»:

Ըստ երևույթին, գործ ունենք երկրորդ տարբերակի կամ առնվազն ռուս-բելառուսական հարաբերություններում տարաձայնությունների հետ: Հուլիսի 28-ին ՌԴ նախագահ Պուտինը Սանկտ Պետերբուրգում ընդունել է Ռազմածովային ուժերի գլխավոր զորահանդեսը: Եվ, դատելով տարածված տեսագրությունից, այդ հանդիսավոր արարողությանը Բելառուսի նախագահը ներկա չի գտնվել: Պուտինը զորահանդեսն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար Բելոուսովի և ՌԾՈՒ հրամանատար Մոիսեևի ուղեկցությամբ:

Ռուսաստանը եւ Բելառուսը ֆորմալ առումով Միութենական պետություն են: Այդ իմաստով, ՌԴ ՌԾՈՒ օրը տոն է նաեւ Բելառուսի համար: Եվ եթե Պուտին-Լուկաշենկո բանակցություններն արդյունավետ լինեին, ապա, թերեւս, Բելառուսի նախագահը կմասնակցեր Պետերբուրգյան զորահանդեսին: Մանավանդ որ այդ առթիվ ելույթում, Ռուսաստանի նախագահը փաստացի արձանագրել է, որ Արեւմուտքի հետ դիմակայությունը «հիշեցնում է սառը պատերազմի ժամանակները»:

Վլադիմիր Պուտինը զգուշացրել է, որ եթե Միացյալ Նահանգները Գերմանիայում գերճշգրիտ եւ խորքային հեռահարության հրթիռներ տեղակայի, ապա Ռուսաստանն իրեն իրավունք կվերապահի «հայելային պատասխան տալ»: Պուտինը անոնսավորել է, որ նորագույն զինատեսակներով կզինվեն Ռազմա-ծովային ուժերը: Նա խոսել է Ռուսաստանի պատմական ճանապարհի մասին, որ եղել է «դիմակայունության եւ կայացման ընթացք»: Պուտինը հատկապես ընդգծել է Ռուսաստանի «բազմազգ ժողովրդի» գործոնը:

Տպավորություն է, որ նա Արևմուտքի հետ դիմակայության ամբողջ ծանրությունն ու պատասխանատվությունը հասցեագրում է միայն Ռուսաստանին: Արևմուտքի հետ ռազմական ուղղակի բախման դեպքում Լուկաշենկոն Բելառուսը «չեզոք երկի՞ր» է համարում: Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից առաջ նա կարևոր որոշում է ընդունել՝ բելառուսական «հարվածային զորախումբը» դուրս է բերել Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջանից՝ հայտարարելով, որ Ուկրաինայից Բելառուսի դեմ հարձակման վտանգ չկա:

Բելառուսի նախագահը պաշտոնավարման երեսնամյա փորձառություն ունի, որից գրեթե քառորդ դարը նա անցկացրել է Ռուսաստանի հետ «քաղաքական ֆլիրտով» եւ այդպես էլ գործնականում չի գնացել Միութենական պետության մասին պայմանագրով սահմանված դրույթների իրականացմանը: Միասնական զինված ուժեր, ֆինանսական համակարգ, մաքսային գոտի եւ «միութենական արժույթ» չի ստեղծվել:

Կարելի՞ է ենթադրել, որ Կարելական «մենաստանում» Ռուսաստանի նախագահը փորձել է համոզել, որ գոնե միասնական զինված ուժերի մասով գործնական որոշում կայացվի, եւ Լուկաշենկոն կամ չի ընդունել, կամ կողմնորոշվելու համար լրացուցիչ ժամանակ է խնդրել՝ ռուսական “а там видно будет” սկզբունքով: Լուկաշենկոն Եվրոպայի 35 երկրների քաղաքացիների համար Բելառուս մուտքի «բաց դռների» ռեժիմ է սահմանել, ընդ որում, Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների մեկնելուց տառացիորեն երկու օր առաջ:

Պուտին-Լուկաշենկո բանակցությունների մասին լռում է նաեւ Ռուսաստանի փորձագիտական հանրությունը: Դիտարժան է, որ թեմային չի անդրադառնում նաեւ Բաքվի մամուլը: Մինչդեռ մայիսի 16-ին Լուկաշենկոն Բաքվում Իլհամ Ալիևին հայտարարել է Կովկասում կայունության երաշխավոր: Գուցե այդ հարցո՞ւմ է նա վրիպել կամ շտապել կամ ինչ-որ պայմանավորվածություն փոխանցել Պուտինին, որ վերջինիս համար ընդունելի չի՞ եղել:

Համենայն դեպս, Լուկաշենկոն չկա նաեւ տեղեկատվական դաշտում: Բայց, կարծես, Մոսկվայից նրան առանձնապես չեն էլ փնտրում: Մի՞թե Ալեքսանդր Գրիգորիչը «վառվել է»: