«Նյու-Յորք թայմսը»՝ հղելով իրանցի երեք պաշտոնյայի, գրում է, որ հուլիսի 31-ին Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին գումարել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի արտակարգ նիստ եւ կարգադրել Իսրայելին ուղղակի հարված հասցնել՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսնայիլ Հանիայի սպանության:
Ըստ թերթի, իրանցի պաշտոնյաները խնդրել են իրենց անունները չբացահայտել, քանի որ այդ մասին հրապարակային խոսելու իրավունք չունեն:
ԱՄՆ-Իրան հարաբերությունների գրեթե չգոյության նկատառմամբ այս տեղեկատվությունը թողնում է ամերիկյան հետախուզական ծառայություններից կազմակերպված արտահոսքի տպավորություն, որի ճշմարտացիությունը, սակայն, կասկածի տեղ չի թողնում, երբ համադրվում է այլ հոսքերի հետ: «Նեզավիսիմայա գազետան» իր հերթին հղում է Քաթարի դիվանագիտական աղբյուրին, որ գրեթե զրոյական է գնահատել Իսրայել-ՀԱՄԱՍ հրադադարի մասին պայմանավորվածությունը եւ հայտնել բանակցությունների ընդհատման մասին:
Հուլիսի 31-ի ուշ երեկոյան Իսրայելի կառավարության պաշտոնական կայքը տարածել է վարչապետ Նաթանյահուի՝ իսրայելական ժողովրդին հղած ուղերձը: Նաթանյահուն ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի պատասխանատու է հայտարարել Իրանին, թվարկել վերջին մի քանի օրերին սպանված պաղեստինցի ռազմական գործիչներին, ինչից պարզորոշ հասկացվում է, որ Իսրայելն ստանձնում է նաեւ Հանիայի սպանության պատասխանատվությունը:
Մահ բոլորին, որ սպանում են մեր կանանց եւ երեխաներին, մահ բոլորին, որ տառապանք են պատճառում մեր քաղաքացիներին,-ասել է Իսրայելի վարչապետը եւ քաղաքացիներին նախազգուշացրել, որ սպասվում են ավելի ծանր օրեր: Նաթանյահուն միաժամանակ սուր քննադատության է ենթարկել ներքին ընդդիմախոսներին եւ վճռականապես պնդել, որ չնայած հնչող կոչերին՝ պատերազմը շարունակվելու է մինչեւ հաղթական ավարտ:
Նաթանյահուն, ըստ էության, ընդունել է Իրանի մարտահրավերը եւ անուղղակի հայտարարել մոտալուտ պատերազմի մասին: Որոշ աղբյուրները հայտնում են, որ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը քննարկել է Իսրայելին հարվածներ հասցնելու երկու տարբերակ՝ իր կամ տարածաշրջանում դաշնակից որեւէ երկրի, կամ երկրների տարածքից: Ըստ աղբյուրների, Իսրայելին հրթիռային հարվածներ հասցնելու պատրաստակամություն են հայտնել նաեւ Եմենի հուսիները:
Հանիայի սպանությամբ Գազայում հրադադարի բանակցությունները ձախողվել են, իսկ Իրանը եւ Իսրայելը պատրաստվում են փոխադարձ հրթիռային հարվածների: Երկու երկրները ցամաքային սահման չունեն, բայց եթե Իրանն իրոք գործադրի սպառնալիքը, իսկ «Հեզբոլլահը» միանա, ապա չափազանց մեծ է հավանականությունը, որ Իսրայելը կգրոհի առնվազն Լիբանանի հարավը:
Բայց, թվում է, Մերձավոր Արեւելքում լայնածավալ պատերազմի խնդիրը կախված է նրանից, թե կողմերից ո՞րն է մյուսին ցավոտ հարվածներ հասցնելում ավելի շահագրգռված: Իրա՞նն է համարում, որ եկել է «սիոնիստական ռեժիմի տապալման» ժամանակը, թե՞ Իսրայելն է վստահ, որ կարող է «կործանել մոլլապետությունը»:
Բայց այդ հարցը Թեհրանը կամ Թել-Ավի՞վն է որոշում, թե՞ զորեղ ուժերը, որ, ամենայն հավանականությամբ, արդեն հաշվարկած ունեն, թե ինչ են անելու, եթե Մերձավոր Արեւելքում «վաղը պատերազմ է»:
Հուլիսի 31-ի գիշերը գերճշգրիտ հրթիռի հարվածով Թեհրանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիան: Երեկ ես սեղմել եմ նրա հաղթական ձեռքը, իսկ այսօր իմ ուսերի վրա պիտի նրան գերեզման տանեմ՝ այդ առթիվ սոցիալական X հարթակի անձնական միկրոբլոգում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Հանիան սպանությունից մի քանի ժամ առաջ հանդիպել է Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդին և նախագահին: Այդ բանակցությունների մասին IRNA-ի տարածած տեղեկատվությունը, եթե գնահատենք սթափ, Մերձավոր Արևելքում առկա իրավիճակին ադեկվատ չէր: Իրանի բարձրագույն իշխանությունը միանշանակ աջակցություն է հայտնել ՀԱՄԱՍ-ին: Գազայում պաղեստինցի հերոսմարտիկները բարձրացրել են իսլամի հաղթական դրոշը՝ հայտարարել է այաթոլլա Ալի Խամենեիին, իսկ նախագահ Փեզեշքիանը՝ «սիոնիստական ռեժիմին» զգուշացրել է, որ Լիբանանի դեմ պատերազմի սկսելով «կհայտնվի ավելի վատ վիճակում»:
Հանիայի սպանությունն, ինչ խոսք, կազմակերպվել է շատ ավելի վաղ, քան այդ հայտարարությունները կհնչեին: Բայց դրանք, կարծես, ֆոն են ստեղծել, որպեսզի տարածաշրջանի երկրները ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդի դեմ «պատժիչ գործողությանը» անդրադառնան խիստ զգուշավոր՝ ակնհայտորեն դիստանցավորվելով Իսրայելի դեմ պատերազմի մեջ գտնվող իսլամամետ այդ կառույցից:
Այս իմաստով առավել քան բնութագրական է պաշտոնական Անկարայի արձագանքը: Թուրքիայի ԱԳՆ-ն միայն արձանագրել է, որ Հանիայի սպանությունը վկայում է, որ Բենիամին Նաթանյահուն խաղաղություն հաստատելու մտադրություն չունի: Տառացիորեն մեկ օր Թուրքիայի նախագահը Իսրայելին սպառնում էր, որ Լիբանանի դեմ պատերազմի դեպքում գործ կունենա իր հետ, իսկ ավելի վաղ Էրդողանն ասել է, որ «կարող է մտնել նաև Իսրայել»:
Ընդսմին, Էրդողանը ՀԱՄԱՍ-ը դիտարկում է որպես քաղաքական կուսակցություն, որն անհրաժեշտ է Պաղեստինի անկախ պետության համակարգում: Հատկանշական է, որ Հանիան, ինչպես իրազեկ աղբյուրներն են ասում, Գազայի հատվածում պատերազմի սանձազերծման օրը՝ անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին, գտնվել է Ստամբուլում, որտեղ մեկ-երկու ամիս առաջ կատարվել է նրա երրորդ ամուսնության ծեսը:
Տպավորություն է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը ոչ այնքան վրեժխնդրություն է, որքան նախազգուշացում Իրանին, որ Իսրայել-պաղեստինյան կարգավորման առավելապաշտ դիրքորոշմամբ ինքը «տարածաշրջանում մենակ է»:
Մենք դիտարկել էինք, որ չարժե պաթետիկայի տրվել, որ Իրանի բարձրագույն ղեկավարությունն Ադրբեջանի վարչապետի նկատմամբ սառը վերաբերմունք է ցուցաբերել՝ ի հակակշիռ Խամենե-Փաշինյան և Փեզեշքյան-Փաշինյան հանդիպումների: Այո, գոյություն ունի Պաղեստինի անկախ պետության մասին ՄԱԿ-ի ԱԽ բանաձև, եվրոպական մի շարք երկրներ արդեն իսկ Պաղեստինը ճանաչել են, բայց միջազգային հանրությունը ՀԱՄԱՍ-ը չի ճանաչում լեգիտիմ քաղաքական ուժ, ուստի Իրանի կողմից այդ կառույցի հովանավորումը գնահատվում է ոչ կառուցողական՝ շատ մեղմ ասած:
«Մոսադը» չէ՞ր կարող Հանիայի սպանությունը կազմակերպել Ստամբուլում: Ոչ լրիվ մեկ տարում Իրանը երեք էքզիստենցիալ մարտահրավեր է ստացել՝ Քերմանում մի քանի տասնյակ մարդու կյանք խլած ահաբեկչությունը, Էբրահիմ Ռեիսիի ուղղաթիռի խորտակումը և նախագահի պաշտոնամուտի օրով ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Հանիայի սպանությունը: Չորրորդը կարող է ճակատագրական լինել ոչ միայն իսլամական կրոնապետության, այլև ամբողջ տարածաշրջանի համար:
Բաց մի թողեք
Փլուզվող հարաբերությունների և կառուցակարգերի պայմաններում, երբ հինն այլևս գրեթե «ավերակ» է
Վաշինգտոնն արձագանքեց Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Վերջին 5 տարում քանի ուղիղ չվերթ է իրականցվել Երևանից Բաքու