Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի հայտարարությունը․
«Իմ հանդեպ շինծու մեղադրանքով քրեական գործ է հարուցվել, որը գործող իշխանության քաղաքական պատվերն է, որի հետեւանքով 6 ամիս ապօրինաբար ազատազրկվել եմ եւ գտնվել կալանավայրում։ Հիմա 5 ամիս է՝ գտնվում եմ տնային կալանքի մեջ։ Գործող իշխանության հրահանգով եւ ԱԱԾ հատուկ կարեւորագույն գործերով քննիչ Սպարտակ Պողոսյանի կողմից հորինված ապօրինի մեղադրանքով եւ Աջափնյակի առաջին ատյանի դատարանի անարդարացի եւ ոչ իրավաչափ որոշումներով խախտվել է ազատ տեղաշարժվելու եւ իմ քաղաքական հայացքներն ու դիրքորոշումներն ազատորեն արտահայտելու սահմանադրական իրավունքը։ Ես փաստում եմ՝ որեւէ իշխանություն հավերժ չէ, եւ ներկայիս նիկոլական իշխանությունը վաղ թե ուշ հեռացվելու է, Հայաստանում ձեւավորվելու է նոր, ազգային եւ հայրենապաշտ իշխանություն։
Նիկոլ Փաշինյանը եւ նրա գաղափարակից պաշտոնյաները ենթարկվելու են ՀՀ օրենքով սահմանված կարգով դատական պատասխանատվության՝ մեր տաղանդավոր, հաղթական ժողովրդին պարտության մատնելու, Արցախն ամբողջությամբ թշնամուն հանձնելու եւ ՀՀ-ի մի քանի հարյուր քառակուսի կիլոմետրը թշնամուն նվիրաբերելու, 5 հազարից ավելի զինվոր ու ազատամարտիկ զոհաբերելու համար։ Իմ գործունեությունը, իմ զինակից ու գաղափարակից ընկերների հետ միասին, եղել է գործող կապիտուլյանտ, ապազգային իշխանությանը հեռացնելու, ՀՀ սահմանադրությամբ նախատեսված կարգով արդար եւ օրինական ընտրությունների միջոցով նոր ու ազգային իշխանություն ձեւավորելու համար։ Մենք ակնկալում ենք, որ նոր իշխանությունն իրականացնելու է մեր ժողովրդի նպատակները հետապնդող, ազգային ու պետական շահերից բխող արտաքին եւ ներքին քաղաքականություն։ Անհրաժեշտ ենք համարում օրենսդրական կարգավորումներով տարանջատել գործադիր, դատական եւ օրենսդիր իշխանությունների գործառույթները, ապահովել դատական իշխանության անկախությունը գործադիր իշխանությունից։ Մեր կարծիքով՝ դատապարտյալների պատժամիջոցների վերաբերյալ կալանավորումը հարկավոր է կիրառել միայն միջին ծանրության եւ հատկապես ծանր հանցագործությունների դեպքում։ Մնացած դեպքերում որպես պատժամիջոցներ անհրաժեշտ է կիրառել խափանման այլ միջոցներ՝ գրավ, տնային կալանք, վարչական հսկողություն եւ այլն։
Այժմ՝ կոնկրետ իմ հանդեպ հարուցված շինծու քրեական գործի ու ապօրինաբար ազատությունից ինձ զրկելու եւ կալանավորելու մասին․
Իմ հանդեպ քրեական գործ հարուցվել է ԱԱԾ-ի կողմից հավաքագրված եւ ուղղորդված մարդու՝ Արմեն Հարությունյանի ցուցմունքի հիման վրա։ Ինձ ձերբակալելու օրվանից պահանջել եմ առերեսում կազմակերպել ինձ անհայտ այդ մարդու հետ։ Սակայն ԱԱԾ քննիչ Պողոսյանը մնացել է անհաղորդ եւ առերեսում չի կազմակերպել։ Ինձ կանալավորելուց շուրջ 6 ամիս անց վերջապես ԱԱԾ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանը կազմակերպել է առերեսում այդ մարդու հետ։ Իմ եւ պարոն Մարտիրոսյանի ներկայությամբ Արմեն Հարությունյան կոչվածը հայտարարեց, որ ինձ հեռակա կարգով է ճանաչել, որպես հասարակական եւ քաղաքական գործիչ, բայց ինձ հետ ֆիզիկապես չի հանդիպել եւ որեւէ առնչություն չի ունեցել։ Փաստում եմ նաեւ, որ հարցաքննությունը եւ առերեսումը տեսանկարահանված են։ Որոշ ժամանակ անց ես ստացել եմ առերեսման եւ հարցաքննության արձանագրությունը, որտեղ նշված է, որ Արմեն Հարությունյանն Ալբերտ Բազեյանի հետ առերեսման ժամանակ հաստատեց իր նախկին ցուցմունքները, որ իբր թե Ալբերտ Բազեյանն է եղել այն հանցավոր խմբի ղեկավարը, որը 2023թ․ սեպտեմբերի 22-ի հանրահավաքի ժամանակ 7-8 հոգով փորձել է ճեղքել կառավարության շենքը վահաններով պահող ոստիկանների պատնեշը, ներթափանցել կառավարության շենք, ֆիզիկապես ոչնչացնել վարչապետին եւ բռնազավթել իշխանությունը։
Ըստ քննիչ Պողոսյանի տրամաբանության, այդ հանցավոր խմբի անդամները՝ Ալբերտ Բազեյանի գլխավորությամբ, վարչապետի հետ ունեցել են գաղափարական թշնամանք։ Դատավարության ընթացքում ես հարկ եմ համարել քննիչ Պողոսյանին պարզաբանել, որ գոյություն չունի «գաղափարական թշնամանք» հասկացություն, Նիկոլ Փաշինյանի հետ ունեցել եմ եւ ունեմ գաղափարական տարաձայնություն։ 6 ամիս ինձ կալանավորելու, 5 ամիս տնային կալանքի ենթարկելու եւ հսկողության տակ պահելու անհրաժեշտությունը քննիչ Պողոսյանը մեկնաբանել է, որ կարող էի փախչել, լքել Հայաստանը եւ խուսափել արդարադատությունից։ Քննիչի համար անընկալելի է, որ ես ունեմ ընտանիք, զավակներ ու թոռներ, բազմաթիվ զոհված եւ հաշմանդամ դարձած մարտական ընկերներ, Եռաբլուր, ուստի որեւէ պարագայում չեմ լքի Հայաստանը։ Դատավարության ընթացքում քննիչ Պողոսյանին պարզաբանել եմ նաեւ, որ որեւէ դեպքում, որեւէ մեկից երբեք չեմ փախել։
Այո, ես ընդդիմադիր եմ այսօրվա իշխանություններին, բայց ունեմ մեր պետության քաղաքական, անվտանգային, իրավական եւ տնտեսական զարգացման համար նախատեսվող քաղաքական ծրագրեր, որոնք հնարավոր կլինի իրագործել միայն ներկա ապազգային իշխանությանը հեռացնելուց հետո։
Ես եւ իմ փաստաբանները պատրաստվում ենք դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Մենք համոզված ենք, որ ՄԻԵԴ-ը կկայացնի իրավաչափ որոշում, կպահանջի Հայաստանի դատական իշխանությունից՝ չեղյալ հայտարարել իմ հանդեպ հարուցված ապօրինի քրեական գործը, ինչպես նաեւ կպահանջի ՀՀ-ից՝ փոխհատուցել ազատ տեղաշարժվելու եւ իմ քաղաքական հայացքներն ու դիրքորոշումները ազատորեն արտահայտելու իմ սահմանադրական իրավունքը սահմանափակելու համար։ Մենք ուզում ենք, որ արդարություն լինի, իսկ եթե լինի այդ դատական նիստը, որով ես ստանամ ազատություն, կշարունակեմ մեր պետության Սահմանադրությամբ երաշխավորված իմ օրինական պայքարը գործող ապազգային իշխանության դեմ։
Պահեստազորի գնդապետ, մարտական շքանշանի ասպետ, քաղբանտարկյալ Ալբերտ Բազեյան
Բաց մի թողեք
Կոչ ենք անում Բաքվին և Երևանին բաց չթողնել պատմական հնարավորությունը, խաղաղությունը մոտ է, քան երբևէ. Ֆիդան
Մեկ ժամ Երևանում զբոսանքի արդյունքում 31 իրավախախտում․ Հեքիմյան
Երեւանի քաղաքապետարան, կարող ա իմանաք, թե ինչի են հող- ցեխի վրա ասֆալտ փռում ․․․ Սարգսյան