Հայաստանի պաշտպանության նախարարը սեպտեմբերի 2-ին պաշտոնական այց է կատարել Վրաստան, որի ընթացքում հանդիպել է ոչ միայն վրաց գործընկերոջը՝ որի հետ քննարկել են պաշտպանական ոլորտում գործակցության հարցեր, այլ նաեւ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին:
Կոբախիձե-Պապիկյան հանդիպման մասին տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ Վրաստանի կառավարությունը արել է բավականին ուշագրավ ձեւակերպում. «Զրույցի ընթացքում շոշափվել է աշխարհում և տարածաշրջանում անվտանգային իրադրությունը, ինչպես նաև այդ մարտահրավերներին դիմակայելու համար համատեղ ջանքերի կարևորությունը»: Անվտանգային միջավայրի կառավարման տեսանկյունից Հայաստանի ու Վրաստանի ջանքի համատեղելիության հնարավորինս բարձր աստիճանի եւ ընդգրկուն օրակարգի անհրաժեշտության մասին խոսել եմ պարբերաբար:
Ողջունելի է, երբ Վրաստանի կառավարությունն է անում այդպիսի անհրաժեշտության մասին արձանագրում: Միեւնույն ժամանակ կասկածից վեր է, որ կան բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ ու արգելակներ, որոնք բարդացնում են հայ-վրացական ջանքի համատեղելիությունը: Հունվարի վերջին ստորագրված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրն ըստ էության այդ բարդությունների հաղթահարման ճանապարհի «մասին» է, որոնք ընկած են թե ռեգիոնալ, թե միջազգային լայն, թե անգամ երկու երկրների ներքին միջավայրերում:
Միեւնույն ժամանակ, հայ-վրացական հաղորդակցությունը առանձնակի կարեւորություն ստանում է ընթացիկ շրջափուլում, երբ Վրաստանը խորհրդարանի բավականին վճռորոշ ընտրության շեմին է, ինչը անխուսափելիորեն էական նշանակություն է ունենալու առնվազն ռեգիոնալ մասշշտաբով՝ այս կամ այն արդյունքի դեպքում էլ: Իսկ այդ կապակցությամբ կարեւոր է, որպեսզի Հայաստանը ձեռքը պահի «վրացական զարկերակի» վրա, ապահովելու համար ընդհուպ ռեգիոնալ իրողությունների ընդգրկում ունեցող միտումների շոշափելիությունը:
Միեւնույն ժամանակ ուշադրության է արժանի եւ այն, որ զուգահեռ Հայաստանում է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպում է ունեցել Հայաստանի ԱԺ նախագահի հետ:
Իհարկե չկա հիմք միարժեք եզրակացնելու, որ պաշտպանական եւ խորհրդարանական հարթություններում հայ-վրացական ըստ էության զուգահեռ շփումը փոխպայմանավորված է, այդուհանդերձ նաեւ բավականին ուշագրավ է, ինչը հարց է առաջացնում, թե արդյո՞ք մի շարք առումներով ռեգիոնի համար բավականին նշանակալից իրադարձությունների սպասումով մեկնարկող աշունը Հայաստանն ու Վրաստանը մեկնարկում են դե ֆակտո քաղաքական ընդգրկուն խորհրդակցական ռեժիմով, որտեղ ուղիղ երկկողմ ձեւաչափին զուգահեռ, հնարավոր է դե ֆակտո կարող են լինել նաեւ այլ կողմեր ենթադրող շերտեր ու երանգներ:
Բաց մի թողեք
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայություններն ի՞նչ են կորցրել Բաքվում
Ո՞ր երկրները եւ ի՞նչ պատճառաբանությամբ են դեմ եղել ԲՐԻԿՍ-ին Ադրբեջանի իրավահավասար անդամակցությանը
Հայաստանը կհայտնվի՞ ռազմա-քաղաքական «աքցանում»