Զոհվածի, թոռանը կորցրած մայրը՝ Մարիամը, ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ գլխավերևում պահել էր սև քարից պատրաստված սրտաձև քանդակ։ Նա ուզում էր մոտենալ Նիկոլ Փաշինյանին, բայց ոստիկաններն ու կուսակիցները պատնեշ էին կազմել նրա և վարչապետ կոչեցյալի միջև։
Հրապարակ թերթը գրել է․ Չթողեցին, որ մայրը հասնի նրան։ Մարիամ։ Անունն էլ Մարիամ։ Պատահակա՞ն է արդյոք։

Նա իր հետ բերել էր սև սիրտը՝ հակադրելու իշխանության նարնջագույն, ժպտացող ու անհոգ սրտիկներին։ Բայց այդ սիրտը միայն իր անձնական վշտի խորհրդանիշը չէր։ Այդ սև սրտի մեջ խտացած էր հազարավոր ընտանիքների ցավը։ Հարյուր հազարավոր մայրեր, հայրեր, քույրեր, եղբայրներ ու հարազատներ այսօր կրում են նույն սիրտը՝ մոխրացած, ծանրացած, սևացած կորստից։
Սև սիրտ չէր դա։ Դա Դանկոյի սիրտն էր՝ այն սիրտը, որ լույս է դառնում, երբ մարդիկ մոլորվում են խավարի մեջ և այլևս ելք չեն տեսնում։
Միայն թե նրանցից մեկը համարձակվեց այն բարձրացնել գլխավերևում և գոռալ.
-Ինչո՞ւ տղայիս տարար։
Սա սովորական հարց չէ։ Այդպիսի հարց տալիս են միայն նրան, ում համարում են մահվան պատասխանատու։ Այդպիսի հարց տալիս են Մահվան հրեշտակին։
Եվ խոսքը միայն մեկ տղայի մասին չէ։ Խոսքը հազարավոր տղաների մասին է։ Խոսքը մի ամբողջ սերնդի մասին է, որը գնաց ու չվերադարձավ։ Խոսքը հարյուր հազարավոր մարդկանց սևացած սրտերի մասին է, որոնք մինչ օրս պատասխան են սպասում։
Չթողեցին, որ զոհվածի ու թոռանը կորցրած մայրը մոտենա և հարցնի.
-Ինչո՞ւ նրանց տարաք այնտեղ, որտեղից վերադարձի ճանապարհ չկար։ Ինչո՞ւ ասում էիք՝ հաղթելու ենք, երբ գիտեիք, թե ինչ է սպասվում։
Այստեղ է բացվում մոր հոգեբանության ամենախոր վերքը։ Որդու մահը միայն կորստի ցավ չէ։ Դրան գումարվում է մեկ այլ, երբեմն ավելի կործանարար զգացում՝ անարժեքության զգացումը։
Երբ մայրը տեսնում է, որ իր որդու կյանքը չի արժևորվել, որ նրա արյունը չի դարձել սրբություն, որ զոհվածի հարազատին քաշքշում են, լռեցնում, ստորացնում, նրա ներսում տեղի է ունենում երկրորդ ողբերգությունը։ Առաջինը որդու մահն էր։ Երկրորդը՝ նրա հիշատակի նվաստացումը։
Մոր հոգեբանությունը չի կարող հաշտվել այն մտքի հետ, որ իր զավակը հերոսաբար զոհվել է, բայց իրեն վերաբերվում են որպես խանգարող մարդու։ Եթե զինվորի կյանքն իսկապես բարձրագույն արժեք լիներ, նրա մորը չէին շրջափակի ոստիկաններով։ Եթե զոհվածի արյունն իսկապես սրբություն լիներ, նրա հարազատներին չէին լռեցնի։
Այդ տեսարանը հազարավոր մարդկանց հիշեցրեց մի դաժան ճշմարտություն․ երբ պետությունը դադարում է խոնարհվել զոհվածի մոր առաջ, հասարակության հոգում ինչ-որ բան կոտրվում է։
Բայց այդ օրը գլխավերևում բարձրացված սև սիրտը միայն սուգ չէր խորհրդանշում։
Դա նաև ապստամբություն էր։
Դա հիշողություն էր։
Դա խղճի վերջին ճիչն էր։
Եվ գուցե հենց այդ պատճառով այն սև սիրտ չէր։ Դա Դանկոյի սիրտն էր։ Այն սիրտը, որը դուրս են բերում կրծքից, որպեսզի լուսավորեն մթության մեջ խարխափող մարդկանց ճանապարհը։
Այսօր այդ սիրտը կարծես ասում է հարյուր հազարավոր վշտակիր մարդկանց.
-Վե՛ր կացեք։ Գնա՛նք։ Գտնե՛նք ճանապարհը, որ դուրս գանք այս դժոխքից։
Որովհետև ամեն մի դժոխք ավարտվում է այն պահին, երբ մարդիկ դադարում են վախենալ և սկսում են ճանապարհ փնտրել։
Եվ շատերի համար այդ ճանապարհի խորհրդանիշը հունիսի յոթն է։ Այն օրը, երբ նրանք հույս ունեն գտնել դժոխքից դուրս գալու ելքը։

Բաց մի թողեք
Ինչո՞ւ են բնապահպանները վերածվել քաղաքական գործիչների, օժանդակում են, որ սրանք ընտրվեն և հանձնեն Տիգրանաշենը
Որտե՞ղ է 2018-ից առաջ ակտիվ քաղհասարակությունը, ովքե՞ր են զբաղեցնում նրանց ազատած «սուրբ տեղը»
Փաշինյանը ոսկեպարցիներին հորդորեց հաշտվել 30 մետրից Ադրբեջանը տեսնելու հետ