22/11/2024

ԵԽ արդարադատության նախարարները Ուկրաինային առնչվող հռչակագիր են ընդունել. Հայաստանը չի միացել

Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարները «Ուկրաինայում կատարված միջազգային հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ» խորագրով համաժողովի արդյունքում հռչակագիր են ընդունել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հռչակագրում շեշտվում է. «Մենք՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների արդարադատության նախարարներս, հավաքվել ենք Լիտվայի Վիլնյուս քաղաքում՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Լիտվայի նախագահության հովանու ներքո՝ լուծելու արդարադատության և հաշվետվողականության խնդիրները, որոնք առնչվում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային»:

Հռչակագրով նախարարները նախ ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը՝ դա համարելով միջազգային իրավունքի և միջազգային արդարադատության համար կարևոր առաջընթաց:

«Մենք վճռականորեն աջակցում ենք Միջազգային քրեական դատարանի հետաքննությանը՝ նպատակ ունենալով պատասխանատվության ենթարկել Ուկրաինայի տարածքում միջազգային հանցագործությունների մեղավորներին։ Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին աջակցել դատարանին՝ համագործակցելու իր ընթացիկ հետաքննության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում»,- ասված է հռչակագրում:

Մյուս կետով նրանք վերահաստատել են Ուկրաինայի դեմ հանցագործության գործով հատուկ տրիբունալի ստեղծման անհրաժեշտությունը, որն ի վիճակի կլինի արդարություն իրականացնել՝ պատասխանատվության ենթարկելով ամենամեծ պատասխանատուին: Հրապարակվել է նաև անդամ և դիտորդ երկրների ցանկը, որոնք աջակցել են հռչակագրին: Նրանց թվում են, օրինակ, Բելգիան, Բուլղարիան, Կանադան, Իտալիան, Ճապոնիան, Մոլդովան, Իսպանիան, Շվեյցարիան, Սան Մարինոն և այլ երկրներ:

Հայաստանն այդ ցանկում չկա: Մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ «Արմենպրես»-ը դիմել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն: ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հաստատել է, որ Հայաստանն ի սկզբանե չի միացել հռչակագրին:

Ի պատասխան ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի շնորհավորանքի՝ Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհան X-ի իր միկրոբլոկում գրել է.

«Շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Վստահ եմ, որ Հայաստանի ու Ուկրաինայի միջև կառուցողական և կարևոր համագործակցության շարունակությունը կբերի մի շարք նոր ձեռքբերումներ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անդրիյ Սիբիհային: