15/10/2024

«Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծմանն ուղղված Ռուսաստանի մղումը «դանակով հարված է թիկունքից»․ իրանցի պատգամավոր

Ռուսաստանը հակասական քաղաքականություն է որդեգրել Իրանի նկատմամբ` աջակցելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը, որը կոչված է Ադրբեջանի Հանրապետությունը կապել Նախիջևանի հետ՝ առանց հայկական անցակետերի։

Այս մասին Tasnim գործակալության հետ զրույցում ասել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադահոսեյն Մալեքին՝ նշելով, որ ցավում է ՌԴ-ի՝ նման քաղաքականության համար:

Ըստ Մալեքիի՝ Իրանը ակնկալում է, որ Մոսկվան կխուսափի պարադոքսալ պահվածքից Թեհրանի հետ հարաբերություններում:

«Իրանի դիվանագիտությունը խիստ պատասխան կտա «Զանգեզուրի միջանցքին» աջակցող ՌԴ նախագահի վերջին դիրքորոշումներին»,- հավելել է պատգամավորը՝ ընդգծելով, որ Իրանի ազգային շահերը կարմիր գիծ են, որը չի կարելի անցնել որևէ սպառնալիքով։

Մալեքին քննադատել է Ռուսաստանի երկակի ստանդարտները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ և «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանն ուղղված նրա մղումը որակել է որպես «դանակով հարված թիկունքից», որը բացարձակապես անընդունելի է Իրանի համար։

Կարևորելով Իրանի անհերքելի դերը տարածաշրջանային անվտանգության ստեղծման յամար և առանց Իրանի մասնակցության հարևան երկրների միջև բանակցությունների խոցելիությունը, պաշտոնյան ասել է, որ Թեհրանը «վճռական արձագանք» կցուցաբերի, եթե վտանգ տեսնի իր սահմաններին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Իրանից կոշտ պատասխան ստացավ Պարսից ծոցի երեք իրանական կղզիների հարցով իր դիրքորոշումից հետո, և նույն պահվածքը կկրկնվի «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված։