Բաքվի «Թուրան» գործակալությունը, հղելով ԵԽԽՎ կայքին, հայտնում է, որ աշնանային նստաշրջանի նախնական օրակարգում տեղ է գտել «Ադրբեջանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության վիճակի վատթարացման մասին շտապ քննարկումներ» հարցը, որ քվեարկության կդրվի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 30-ին:
Գործակալության եվրոպական աղբյուներն ասել են, որ եթե օրակարգը հաստատվի, ապա առարկայական քննարկումները կկայանան հոկտեմբերի 3-ին, եւ արդյունքում «կարող են ընդունվել Ադրբեջանի նկատմամբ իր պարտավորությունները չկատարելու հիմնավորմամբ սահմանափակումների կիրառելու՝ Եվրոպայի Նախարարների կոմիտեին ուղղված առաջարկություններ»:
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը Բաքվի համար խիստ խնդրահարույց է նաեւ նրանով, որ քննարկվելու է Վացլավ Հավելու անվան մրցանակ շնորհելու հարցը, իսկ հավանական թեկնածուներից մեկը ներկայումս բանտային պատիժ կրող ադրբեջանցի ակտիվիստ Ակիֆ Գուրբանովն է: Հետեւաբար, այսպես թե այնպես՝ Ադրբեջանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության վիճակի վատթարացման խնդիրը արծարծվելու է:
ԵԽԽՎ հետ հարաբերությունների հերթական սրացում հրահրել է Իլհամ Ալիեւը, երբ Իտալիայում հայտարարել է, որ կառույցի պատգամավորների մուտքի արգելքը կվերացվի, եթե ադրբեջանական պատվիրակության լիազորությունները վերահաստատվեն:
Այդ առթիվ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբը սոցիալական X հարթակում կոշտ գրառում է կատարել. «Ես չգիտեմ, թե ով է Ադրբեջանի նախագահի խորհրդատուն, բայց ԵԽԽՎ հետ շանտաժի լեզվով չպետք է խոսել: Ադրբեջանը պետք է կատարի ստանձնած պարտավորությունները եւ համագործակցի եվրոպական կառույցների հետ»:
Ստեղծված իրավիճակին, անկասկած, հավելյալ բարդություն է հաղորդելու Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի գործով դատավարությունը, որի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 19-ին: Քերիմլիի դեմ անհատական դիմումի հիման վրա «զրպարտություն» մեղադրանքով քրեական գործ է հարուցվել:
Դատարանը սեպտեմբերի 13-ին կայացրել է այն վարույթ ընդունելու որոշում: «Դա ինձ համար անսպասելի չէր, դատարանը կատարել է իշխանության պատվերը,»—հարյուրավոր համակիրների առջեւ հայտարարել է Քերիմլին:
Մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության վիճակի վատթարացման հարց քննարկելու համար ԵԽԽՎ-ն կարող է հիմք ընդունել նաեւ արտահերթ ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի եզրակացությունը, որ հիմնավոր են ճանաչել Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները:
Նման իրավիճակում ԵԽԽՎ-ի, Եվրոպայի խորհրդի եւ Եվրահանձնաժողովի հետ հարաբերությունների հետեւողական սրումը որոշ փորձագետներ գնահատում են որպես Իլհամ Ալիեւի կողմից «լիովին կանխատեսված»: Տպավորություն կա, որ նա ձգտում է կասեցնել Եվրոպայի խորհրդին Ադրբեջանի անդամակցությունը եւ ամեն ինչ անում է, որպեսզի «հիմնավորումներ» ունենա:
Հարցը կմտնի՞ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգ, քննարկումներն ի՞նչ ուղղություն եւ ընթացք կունենան, Նախարարների կոմիտեին Ադրբեջանի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու առաջարկություններ կարվե՞ն:
Եվրոպական բյուրոկրատիան ընթացակարգային բազմաթիվ «նրբություններ» ունի: Ցանկացած հարցի քննարկում ամենից առաջ քաղաքական է: Ալիեւի իտալական այցը, եվրոպական մի շարք երկրների հետ բարձր, այդ թվում՝ ռազմա-անվտանգային ոլորտում, համագործակցությունը, Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցերում ներգրավվածությունը եւ բազմաթիվ ոչ հրապարակային կապերն, անշուշտ, գործընթացի վրա ազդեցության լծակներ են:
Այդուհանդերձ, ոչ մի քննարկում անհետեւանք չի մնում գոնե այն առումով, որ Ադրբեջանի հետ գործնական հարաբերություններ ունեցող երկրների ԵԽԽՎ-ում պատվիրակությունները կանգնելու են դժվար ընտրության առաջ: Ալիեւին միանշանակորեն աջակցել նրանք չեն կարող: ԵԽԽՎ հետ շանտաժի լեզվով չի կարելի խոսել՝ նշանակում է, որ Ալիեւը պետք է ընդառաջ քայլ կատարի: Եթե դա տեղի չունենա, պետք է ենթադրել, որ նա իրոք Եվրոպայի խորհրդից հեռանալու մտադրություն ունի:
Բաց մի թողեք
Բայդենի խորհրդականի արձագանքը՝ Բաքվից հնչող մեղադրանքներին. Լուսանկար
ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել նաև Ադրբեջանի հետ
Մարտունիում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչներին