22/07/2026

EU – Armenia

Իրանը կհակահարձակվի, երբ տարածաշրջանում Միացյալ Նահանգների լիովին հեղինակազրկված կլինեն

Սիրիայի SANA պետական գործակալությունը հերքել է Իրանի ԻՀՊԿ հրամանատարության հայտարարությունը, ըստ որի Իրանի ԶՈՒ-ը արաբական հանրապետության «հարավ-արևելյան տարածքներում ամերիկյան ռազմահենակայաններ են խոցել»։

Ըստ սիրիական կողմի՝ «արձակված հրթիռները պայթել են անապատում»։ Այլ աղբյուրներ հայտնել են, որ խոսքը վերաբերում է «ամերիկյան սահմանափակ զորախմբի հենակայանին, որ Սիրիայի հարավում տեղակայվել է «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարի համար»։

Նույն օրը սիրիական կողմը հայտարարել է Լիբանանի հետ սահմանին «Հըզբալա» ռազմական խմբավորման համար «նախատեսված զինամթերքի հերթական խմբաքանակը առգրավելու» մասին։ Ենթադրվում է, որ Իրանը Սիրիայից «վրեժխնդիր է լինում անցումային կառավարության կողմից Իսրայելին աջակցության համար»։

Reuters-ը փոխանցել է Իրանի հոգևոր առաջնորդի ռազմական խորհրդական Վահիդիի հայտարարությունը, որտեղ վերջինս հրապարակայնացրել է, որ ԻՀՊԿ «հատուկ նշանակության ստորաբաժանումները Իրաքի տարածքում ցամաքային ռազմագործողություն են իրականացրել և ստեղծել բուֆերային գոտի»։

Այս համատեքստում The Jerusalem Post-ի ռազմական մեկնաբան Գելմանը անդրադարձել է Իրանի նախկին արտգործնախարար Մոթաքիի «չափազանց ագրեսիվ նախաձեռնությանը»։

Մոթաքին առաջարկել է «ոչ թե սպասել ամերիկյան հարձակմանը, այլ Իրաքում, Քուվեյթում և Բահրենում ամերիկյան ռազմահենակայանների դեմ ցամաքային հարձակումներ սկսել»։

Իրանի նախկին արտգործնախարարի կարծիքով՝ պետք է «նպատակ դնել և հասնել ամերիկյան մի քանի հարյուր զինվորականների պատանդառման, որպեսզի ԱՄՆ-ին վայրկենական խաղաղություն պարտադրվի, երբ տարածաշրջանում Միացյալ Նահանգների լիովին հեղինակազրկված կլինեն»։

Նախկին արտգործնախարար Մոթաքին Իրանի քաղաքական ղեկավարության և հատկապես ԻՀՊԿ հրամանատարության ծրագրավորումներից որքանո՞վ է իրազեկված կամ նրա նախաձեռնությունը ինչքանո՞վ է ադեկվատ, ենթադրությունների ոլորտի հարց է։

Իրողություն է, որ Իրանը Հորմուզի նեղուցի հարցում զիջումների պատրաստ չէ և ընտրել է ռազմական գործողությունները Պարսից ծոցի երկրների տարածք տեղափոխելու ճանապարհը։

Հայտնի է դարձել, որ Եմենի հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիան «ծովային շրջափակման ենթարկելու» մասին։ Նրանք այդ քայլին են գնացել «շրջափակմանը՝ շրջափակում» սկզբունքով և հավաստիացրել, որ ետքայլ չեն անի, մինչև ԱՄՆ-ը «Հորմուզի նեղուցը չբացի»։