Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը:
Այս մասին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Շնորհավորում եմ Ադրբեջանին և Հայաստանին 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունն անհրաժեշտ են նաև Հարավային Կովկասին։ Գերմանիան և Եվրոպական միությունը խիստ շահագրգռված են այս աշխարհաքաղաքական առումով կարևոր տարածաշրջանում կայունությամբ»,- ասել է Մերցը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանավորվածությունները հնարավորություններ են բացում կարգավորելու երկրների միջև հարաբերությունները և հաղթահարելու տասնամյակներ շարունակվող հակամարտությունը։
«Տարածաշրջանում կայունությունը նաև նոր հնարավորություններ է բացում մեր երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման համար»,- հավելել է Գերմանիայի կանցլերը։
Հուլիսի 21-ին Իլհամ Ալիևջփը Բեռլինում դեմ առ դեմ բանակցություններ է վարել նախ Գերմանիայի նախագահ Շտայնմայերի, ապա դաշնային կաանցլեր Մերցի հետ։ Ալիևը պաշտոնական այցով Բեռլին է ժամանել նախօրեին։ Մինչ այդ Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղար Կոռնելիուսը dts գործակալությանը ասել է, որ Բեռլինը «շահագրգռված է տարածաշրջանի խաղաղ գործընթացով, հատկապես Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղությամբ»։
Գերմանիան Եվրամիության անդամ երկրներից Ադրբեջանի առևտրատնտեսական առաջին գործընկերն է, կողմերի միջև ապրանքաշրջանառությունը անցյալ տարի հասել է 1,7 միլիարդ եվրոյի։ Հատկապես կարեւոր է, որ Գերմանիան, թեև շատ համեստ ծավլներով, բայց բնական գազ է գնում նաև Ադրբեջանից։
Ալիևի Բեռլին այցը, սակայն, կարեւոր է ավելի լայն համատեքստում։ Ինչպես հայտնի է, անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին պաշտոնական այցով Բեռլին է մեկնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գերմանիայի կանցլեր Մերցի հետ բանակցությունների արդյունքում ստորագրվել է «Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» հռչակագիրը։
Բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսին Գերմանիայի կանցլեր Մերցը հայտարարել է, որ «հավանաբար առաջիկայում կլինի Հայաստանում, 2026 թվականի մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն է անցկացվելու Երևանում»։ Կանցլեր Մերցը Երևան չի ժամանել։
Ըստ նախնական տեղեկության, որի հավաստիությանը, թերեւս, չպետք է կասկածել, Մերց-Ալիև բանակցությունների արդյունքում կողմերը կստորագրեն «Գերմանիայի և Ադրբեջանի միջև երկկողմ համագործակցության ռազմավարական օրակարգի մասին» հռչակագիր։ Կարելի է ենթադրել, որ Երևան այցից ձեռնպահ մնալով՝ Գերմանիայի կանցլեր Մերցը պահպանել է կողմերի միջև «հավասար հեռավորություն պահելու» մոտեցումը։
Ուշագրավ է նաև, որ Ալիևի Բեռլին այցը հաջորդում է Գերմանիայի նախագահ Շտայնմայերի Ուզբեկստան այցին։ Գերմանիան, ինչպես Եվրամիությունը առհասարակ, Կենտրոնական Ասիայի երկրների հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը ընդգծված կարևորություն է տալիս։ Այս համատեքստում Ադրբեջանի աշխարհագրական դիրքը և ենթակառուցվածքային հնարավորությունները մեծացնում են նրա դերը։
Ալիևի Բեռլին այցը, ըստ երեւույթին, Հայաստանի և Ադրբեջանի հետ Գերմանիայի հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարաշռելու իմաստ ունի։ Կարելի է ակնկալել, որ Գերմանիայի կանցլեր Մերցը Երևան և Բաքու համաժամանակյա այց կկատարի։

Բաց մի թողեք
Ուկրաինան ՄՕԿ-ին ասում է, որ ռուս մարզիկների արգելքի վերացումը միայն օգնում է Պուտինին
Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխվի
Ուկրաինան նորից արվածել է ռուսական Wildberries-ին, նավթամբարի, ՌԴ-ում խուճապ է․ Լուսանկար