«Ամեն անգամ հորդառատ անձրեւներից հետո Երեւանը վերածվում է «Հայկական Վենետիկի»: Ամեն ինչ թերեւս իսկապես գեղեցիկ կլիներ, եթե յուրաքանչյուր անձրեւից հետո ողջ Երեւանով խայտառակ իրավիճակ չստեղծվեր:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Անձրեւաջրերը հեղեղում են փողոցները, խանութները, տները, իսկ մարդկանց ավտոմեքենաներն անցնում են ջրի տակ: Համապատասխան կառույցներն էլ, մեկը մյուսի վրա մեղքը բարդելով, խուսափում են պատասխանատվությունից: Երբ խնդրի առնչությամբ դիմում ենք քաղաքապետարան՝ հասկանալու, թե ի վերջո ով է պատասխանատու իրավիճակի համար, երբ կվերանա այս խայտառակ դրությունը, ուղղորդում են «Վեոլիա ջուր»՝ պարզաբանելով, որ նրանք են ջրահեռացման գործընթացի պատասխանատուն: Այս խնդիրը, թերեւս, շատ խոր արմատներ ունի:
Նախ՝ Երեւանում տասնամյակներով քաղաքաշինական պլանավորում չի իրականացվում, ինչը թույլ կտար խուսափել նման իրավիճակներից, բացի դրանից՝ մայրաքաղաքում ջրատար խողովակներն ու կոյուղատարները եւս խայտառակ վիճակում են. անհիշելի ժամանակներից դրանք չեն թարմացվել, չեն նորոգվել, այդ պատճառով էլ նախատեսված գործառույթները պատշաճ չեն իրացնում: Մայրաքաղաքում հատկապես վերջին տարիներին նորակառույց բազմաթիվ բնակարաններ եւ շինություններ են ավելացել, որոնք նույնպես միացված են այդ անբարեկարգ վիճակում գտնվող ջրատար խողովակներին: Արդարության համար նշենք, որ հորդառատ անձրեւները սպառնալիք են անգամ եւրոպական շատ զարգացած երկրների, խոշոր քաղաքների համար, որտեղ նույնպես անձրեւներից հետո հեղեղ է առաջանում:
Մասնավորապես, երկու օր է, ինչ հեղեղված են Լեհաստանի, Ռումինիայի, Հունգարիայի, Սլովակիայի եւ հատկապես Չեխիայի շատ քաղաքներ, գյուղեր:
Երեւանում, իրապես, խնդիրները բազմաթիվ են, որոնց մեջ ամենից հրատապ լուծում պահանջողն էլ հենց ջրատար համակարգի արդիականացնումն է եւ հեղեղներին վերջ դնելը, իսկ դրա համար քաղաքապետարանը պարտավոր է քաղաքային պլանավորման նոր եւ արդյունավետ ծրագիր մշակել. մինչդեռ նույն քաղաքապետարանը ստիպված է հարկատուներիս փողերով ձեւավորված Երեւանի բյուջեից գումարներ ծախսել՝ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման կամ կանխման համար, որոնց պատասխանատուն նույնիսկ ինքը չէ»:
Բաց մի թողեք
Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը
«Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. Լուսանկար
Ավագանու նախկին անդամին դանակահարողը հայտնի է