21/11/2024

Փորձում են իրեն ապահովագրե՞լ «սխալից», որ Նիկոլ Փաշինյանը գործել է 2020-ից առաջ

Ադրբեջանը հայտարարում է, որ Խաղաղության պայմանագրի ստորագրման՝ Հայաստանի առաջարկած տարբերակն անընդունելի է: Բաքուն դա հայտարարում է պարբերաբար և ամենատարբեր մակարդակներով, ընդհուպ Իլհամ Ալիևը, որն այդ մասին խոսել էր նախօրեին հերթական անգամ:

Հարց է առաջանում, թե այդ պարագայում ո՞րն է իմաստը, երբ Երևանը անընդհատ շեշտադրում է Խաղաղության պայմանագիրն օր առաջ ստորագրելուն պատրաստ լինելու մասին, եթե ակնհայտ է, որ Ադրբեջանը չի ստորագրելու: Արդյոք Հայաստանի կառավարությունը փորձում է իրեն ապահովագրե՞լ այն «սխալից», որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, գործել է 2020-ից առաջ՝ «ժամանակին» չասելով արցախյան հարցի մասին այյն, ինչ ասել սկսել է 2020-ից հետո:

Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն արել է այդպիսի հայտարարություններ, նաև ի պատասխան մեղադրանքների, թե ինչո՞ւ չի գնացել փոխզիջման, այլ անզիջում քաղաքականության հետևանքով բերել կամ մոտեցրել է պատերազմը: Այդ մեղադրանքների քաղաքական իռացիոնալությանն անդրադարձել եմ պարբերաբար, տվյալ պարագայում հարցը դա չէ, այլ այն, թե արդյո՞ք Երևանը Խաղաղության պայմանագիրն օր առաջ ստորագրելու մասին իր հավաստիացումներով փորձում է իր համար արդարացում ապահովել հնարավոր նոր լարվածությունից կամ բախումից առաջ այս անգամ այդօրինակ մեղադրանքների չարժանանալու համար:

Այդ հայտարարությունները ունեն զուտ ներքաղաքակա՞ն մոտիվ, ներքի՞ն սպառման համար են, թե՞ ունեն արտաքին հասցեատերեր: Եթե դրանք կան, ապա որտե՞ղ են և ի՞նչ են անում, որպեսզի Երևանի դիրքորոշումը չմնա զուտ հռետորաբանություն, այլ ունենա իրատեսական հեռանկար:

Որովհետև երբ Իլհամ Ալիևը, օրինակ, հայտարարում է, որ Հայաստանի առաջարկն իրատեսական չէ և այդպես ստորագրելն անհնարին է, և առաջ է քաշում նաև նոր պայմաններ ու պահանջներ, կարծես թե չկա որևէ միջազգային մեկը, որը առնվազն դիտողություն անի Ադրբեջանի այդ առավելապաշտության առնչությամբ, թեկուզ անուղղակի կերպով տեսակետ արտահայտի, որ փոխադարձ պահանջների շարունակական ծավալումը չի կարող նպաստել խաղաղության հաստատմանը:

Ամբողջ հարցն այն է, սակայն, որ խնդիրը լոկ Ալիևի ռազմատենչ կամ ագրեսիվ քաղաքականությունը չէ, այն չէ միայն, որ Ալիևը չունի խաղաղության ցանկություն ու մտադրություն: Դա ակնհայտ է, առավել քան ակնառու: Բայց, գլխավոր խնդիրը թերևս այն է, որ ռեգիոնում խաղաղության հաստատման հարցում ամբողջական և հաստատուն համոզում չունի թերևս և ոչ մի միջազգային էական դերակատար, ինչի պատճառն այն է, որ առայժմ միայն բարձրանում են ընթացող համաշխարհային պատերազմի խաղադրույքները և այդ պայմաններում որևէ մեկը թերևս չունի ռազմավարական համոզում, որ հաջորդ պահին իրեն անհրաժեշտ չի լինի Կովկասում խաղալ ռազմական գործիքակազմով՝ ուղղակի, թե անուղղակի: Այստեղ է բուն խնդիրը, նաև դրա վրա է հիմնվում Ադրբեջանի պատերազմահեն ու շանտաժահեն քաղաքականությունը:

Եվ այդ պարագայում է, որ իրապես առաջանում է հարց, թե ո՞րն է Հայաստանի այդօրինակ հռետորաբանության ՕԳԳ-ն, ներքին սպառումից բացի: Այդ հարցադրումը բոլորովին չի նշանակում, որ Հայաստանն էլ իր հերթին պետք է գործի ագրեսիվ հռետորաբանությամբ կամ տրամաբանությամբ:

Պարզապես գուցե ժամանակն է խոսել Կովկասում խաղաղության համար միջազգային պատասխանատվությա՞ն մասին՝ թույլ չտալով կամ առնվազն փորձելով հնարավորինս կանխարգելել այդ դաշտում «ալիբի» ձևավորելու փորձերը: