27/12/2024

ԱԺ-ում տեղի ունեցած բանավեճը «հեղափոխության թիմի» հաղթարշավի համար էր

Ազգային ժողովի՝ իշխող կուսակցության խմբակցության անդամների և Քննչական ծառայության պետի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ պատգամավորները Քննչական ծառայության պետին մեղադրել են կալանավորումները որպես ցուցմունքներ կորզելու միջոց օգտագործելու մեջ, իսկ քննչական ծառայության պետը պատգամավորներին մեղադրել է ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ իրեն տարբեր խնդրանքներով դիմելու մեջ, ինչը հակաօրինական է: Վեճն ընթացել է կոպիտ բառապաշարով ու վիրավորական ժեստիկուլյացիաներով:

Ըստ տարածված կարծիքի՝ պատգամավորների ու իրավապահ մարմինների միջև ընթացող վեճն ունի կոռուպցիոն բնույթ․ պատգամավորները ցանկանում են անմասն չմնալ գործադիր մարմնի ստվերային ֆինանսական հնարավորություններից, նաև գործադիր մարմիններում իրենց կողմնակիցներին պաշտոնների տեղավորելուց՝ իրենց ազդեցությունը մեծացնելու համար: Սակայն մենք այս ամենը կքննարկենք մեկ այլ տեսանկյունից:

«Իշխանության կուսակցություն» և «իշխող կուսակցություն» հասկացությունները միմյանցից պետք է տարբերել․ տարբեր բովանդակություն ունեցող երևույթներ են։

Ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում պետական ապարատը և ընտրությունների միջոցով իշխանության եկած կուսակցությունը՝ իշխող կուսակցությունը, հստակորեն տարանջատված են։ Իշխող կուսակցության կադրերը զբաղեցնում են կառավարության քաղաքական պաշտոնները և ուղղորդում են պետության զարգացման ուղին, վարում արտաքին ու ներքին քաղաքականությունը, սակայն չեն միջամտում հաստատությունների բնականոն աշխատանքներին և չեն ազդում նրանց կադրային քաղաքականության վրա, իսկ պետծառայողների իրավունքները պաշտպանված են իշխող կուսակցությունների հնարավոր կամայականություններից։

«Իշխանության կուսակցությունը», հակառակը, ձևավորում է ամբողջ իշխանական բուրգը՝ վերից վար, ինչը բնորոշ է ավտորիտար ռեժիմներին: Կայացած պառլամենտական կառավարման մոդելի երաշխիքներն են՝ իշխանության ճյուղերի տարանջատումը, անկախ դատական համակարգը, սակայն ամենակարևոր երաշխիքը, որն անիմաստ է դարձնում իշխող կուսակցության ներթափանցումը պետական հաստատություններ, սեփականության իրավունքի պաշտպանվածությունն է։ Այսինքն՝ կայացած երկրներում առկա կոռուպցիոն սխեմաները հիմնականում վերաբերում են պետպատվերներին և «պրիմիտիվ» գանձագողությանը, սակայն այս կամ այն կուսակցության հաղթանակի հետևանքով սեփականության վերաբաշխում տեղի չի ունենում, ինչպես նաև աշխատանքից չեն ազատվում քաղաքացիական ծառայողները՝ նոր իշխանության կադրերի համալրման համար։

Իշխանության կուսակցության հիմնական առանձնահատկությունը հենց անվանման մեջ է արտահայտվում։ Իշխանությունը ձևավորում է կառավարման բուրգը, որը տարածվում է մինչև ամենահեռավոր գյուղը, վերահսկում է նույնիսկ հավաքարարների կադրային բազան։ Տնտեսության ու կառավարման յուրաքանչյուր զգալի շարժ պետք է լինի վերահսկելի։

Կարճ ասած` «իշխանության կուսակցությունը» ձևավորում է իշխանական էլիտան` իշխանությունը պահելու և վերարտադրելու համար, իսկ մյուս կուսակցությունները կատարում են հաճախորդների դերակատարությունը՝ հանրության մոտ քաղաքական կյանքի տպավորություն ստեղծելու ու վերահսկողության տակ պահելու համար, իսկ պետության ողջ լծակները ներդրվում են կուսակցության նպատակների համար։ Այսպիսի մոդելում կարևոր է ուժեղ և անփոփոխ առաջնորդի գոյությունը, որը տարբեր կլանների տրոհված համակարգի երաշխավորի և դատավորի դերը պիտի կատարի։

Պատահական չէ, որ այն երկրներում, որոնց համակարգի հիմքը իշխանության կուսակցությունն է, կարևորվում է ավտորիտար առաջնորդի դերը։ Այսպիսի համակարգերը հիմնված են ստվերային պայմանավորվածությունների վրա, որը ոչ հրապարակային եղանակներով է ձեռք բերվում։ Նման պայմանավորվածությունների ժամանակ կարևոր է դառնում այն կենտրոնական սուբյեկտը, որը այդ պայմանավորվածությունների երաշխավորն է։ Առանց երաշխավորի պայմանավորվածությունները դադարում են դեր կատարել, և համակարգը փլուզվում է։

2018-ին, գալով իշխանության, փոփոխվեց ողջ կադրային բազան՝ դատավորներ, դատախազներ, փոխնախարարներ, վարչության պետեր, Սահմանադրական դատարան, դատավորներ …, ցուցակը կարող ենք երկար շարունակել:

ԱԺ-ում տեղի ունեցած բանավեճը «հեղափոխության թիմի» հաղթարշավի համար էր, չէ՞ որ առջևում ԱԺ ընտրություններն են, որի ժամանակ «իշխող թիմը» պետք է վերահսկի ամեն ինչ, ամենուր և ամեն ոք:

Խաչատուր Ստեփանյան