22/11/2024

Հայ-թուրքական կարգավորման դինամիկան հայ-ադրբեջանական «խաղաղությամբ» պայմանավորելու խայծը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի նիստին ներածական խոսքով անդրադարձել է անցնող տարվա դիվանագիտական աշխատանքներին:

Նա «թույլատրելիության» սահմաններում բավական տարողունակ և ինֆորմատիվ դիտարկումներ է արել, որ, անշուշտ, արժանի են փորձագիտական լուրջ վերլուծության ոչ միայն Հայաստանում, այլև հարևան երկրներում և Հարավային Կովկասում իրենց շահերը հետապնդող ուժային կենտրոնների համապատասխան հաստատություններում: Դա պետք է թողնել մասնագիտական բարձր որակներ և զուգահեռ կամ հակադիր տեղեկատվության տիրապետող շրջանակների իրավասությանը:

Խոսքը գրեթե բաց ակնհայտ իրավիճակի մասին է: Խոսելով հայ-թուրքական քննարկումներում դրական դինամիկայի մասին, արտգործնախարար Միրզոյանը նշել է, որ Թուրքիան, իհարկե, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը շարունակում է կապել հայ-ադրբեջանական «խաղաղության» գործընթացի հետ կամ պայմանավորել այդ ուղղությամբ «առաջընթացով»:

Հայաստանի արտգործնախարարը դա այնքան էլ կառուցողական մոտեցում չի համարում և հիշեցնում է, որ հայ-թուրքական գործընթացն սկսվել է առանց նախապայմանների պայմանավորվածությամբ: Դա, ինչ խոսք, այդպես է, բայց պետք է ընդունել, որ իրական քաղաքական ռեժիմը բոլորովին այլ է, քան՝ հայտարարված «պարտավորությունը»:

Այս առումով արժե, թերևս, հիշեցնել, որ Երևանը և Ստեփանակերտը շուրջ քառորդ դար մշտապես դեմ են արտահայտվել ԼՂ կարգավորման բանակցություններին Թուրքիայի ինստիտուցիոնալ ներգրավվածությանը:

Միջնորդ կողմերը, իհարկե, Անկարայի հետ մշտական խորհրդատվություններ ունեցել են՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և Ադրբեջանի ռազմա-քաղաքական հովանավոր երկրի: Բայց Թուրքիան պաշտոնապես ԼՂ կարգավորման դերակատար չի ընդունվել, հանգամանք, որ, ամենայն հավանականությամբ, միայն նպաստել է Անկարա-Բաքու մոտեցումների նույնականացմանը և ռադիկալացմանը, ինչպես նաև ռուս-թուրքական մերձեցմանը:

Արտգործնախարար Միրզոյանը «չափավոր լավատեսություն» ունի, որ մինչև տարեվերջ հնարավոր է հայ-ադրբեջանական «խաղաղության մասին» պայմանագրի մեկ-երկու ձևակերպման շուրջ հասնել համաձայնության: Այդ դեպքում «պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման»:

Մենք չգիտենք, թե ի՞նչ ձևակերպումների մասին է խոսքը, բայց եթե դրանք առայժմ համաձայնեցված չեն, ուրեմն կողմերի համար խիստ սկզբունքային նշանակություն ունեն: Խնդիրը, ըստ էության, այն է, որ եթե Երևանը և Բաքուն տեքստային ուղղակի փոխանակումների, Միրզոյան-Բայրամով և Փաշինյան-Ալիև երկկողմ քննարկումներով կարողանային համաձայնության հասնել, ապա անցած մեկ տարում դա տեղի կունենար:

Բանակցություններին երրորդ կողմի, տվյալ դեպքում՝ Թուրքիայի, ֆիզիկական բացակայությունից ուղղակիորեն չի հետևում, թե նա սենյակում չէ, սեղանի շուրջ նստած չէ: Հայկական դիվանագիտության գերխնդիրն է՝ պայմանականություններից և նախապաշարումներից ձերբազատվել, որպեսզի երկրորդ անգամ «չզարնի թուրքական փոցխին»:

Թուրքիայում ներքաղաքական իրավիճակը կտրուկ սրվել է, բացառված չէ, որ Անկարան մտնի դիմակայության փուլ: Դա, անկասկած, ազդելու է նրա արտաքին քաղաքականությանը: Եվ դեռ, ըստ էության, պետք է լրջորեն գնահատել՝ հայ-թուրքական կարգավորման դինամիկան հայ-ադրբեջանական «խաղաղությամբ» պայմանավորելու Անկարայի դիրքորոշումը գործնականում Բաքվի շանսերը մեծացնո՞ւմ է, թե՞ Ալիևի հավակնոտությունը «սահմանափակում»: