02/07/2025

Քաղաքացիները տարիներ շարունակ «կերակրվել» են ինչ-որ բաներով, որի արդյունքում տեղի է ունենում պետության կորուստ․ Պապոյան

Ո՞րն է ՀՀ օրակարգի առաջնահերթությունը: Հարցին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարարի այն հայտարարությունը, ըստ որի՝ ցեղասպանության ճանաչման հարցը ՀՀ ԱԳ թիվ մեկ առաջնահերթությունը չէ։

«Իմ անձնական կարծիքով՝ ՀՀ արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթությունը պետք է լինի ՀՀ անվտանգային միջավայրի ապահովումը, որտեղ շատ մեծ նշանակություն ունի տնտեսությունը։ Երկար ժամանակ տնտեսությունը, ներդրումները արտաքին քաղաքական բլոկի համար չեն եղել առաջնահերթություն։ Բազմաթիվ դեսպանների հետ ես հանդիպել եմ, և բոլոր դեսպանների հիմնական օրակարգային հարցը իրենց երկրի ու Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումն է, արտահանում ունենալը»,- նկատեց նա։

Նախարարի խոսքով՝ անվտանգային հարցը լուծվում է այն ժամանակ, երբ տնտեսությունը զարգանում է: Ըստ նրա՝ ոչ մի հարց չի լուծվի, քանի դեռ տնտեսությունը պատշաճ մակարադակի վրա չէ. «Մեր երկրի բոլոր դժվարությունների պատճառն այն է, որ ՀՀ քաղաքացիները տասնամյակներ շարունակ «կերակրվել» են ինչ-որ բաներով, որի հետևանքով, որպես կանոն, տեղի է ունենում պետության կորուստը»։

«Ոչ, բացարձակապես: Մեզ համար ևս անակնկալ է եղել գործընթացը, բայց մենք հենց դրա համար ենք կուսակցաշինությանը շատ մեծ ուշադրություն դարձնում»,- ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ արձագանքելով հարցին, թե Գյումրիում քաղաքական վենդետա կա՞ր. «Մենք տարածքային կառույց ունենք, թիմ ունենք, մենք պատրաստ ենք նաև ընտրությունների, որովհետև, ըստ էության, հենց այդ տարածքային կառույցի խորհուրդը մեր նախընտրական ցուցակի մեծ մասը պետք է լինի: Հետևաբար այդ առումով, որպես պրոցես, անակնկալ էր, բայց, բնականաբար, Գյումրին հանրապետության 2-րդ քաղաքն է, և պրոցեսները, որ ուղղությամբ էլ գնան, մենք պատրաստ ենք դրան»:

Հիշեցնենք, որ Գյումրին կառավարող «Բալասանյան» դաշինքը մանդատները վայր դնելու արձանագրություն է ներկայացրել թիվ 31 ԸԸՀ: Փաստացի, հանրապետության երկրորդ քաղաքն այս պահին քաղաքապետ չունի: